Տարվա հայ գործարարը

Հարուստ մարդկանց հանդեպ մեր հասարակության վերաբերմունքը արդարացիորեն միանշանակ չէ: Ընդհանրապես աշխարհում ընդունված է, որ հարուստ մարդիկ գործարարներն են, կամ ինչպես ընդունված է նրանց կոչել` բիզնեսմենները: Այս պարզ ու բոլորին հայտնի սկզբունքը մեր երկրում բոլորովին այլ դրսևորումներ է ստացել: Հայաստանում բիզնեսի ու հատկապես քաղաքականության սահմանն այնքան աննկատ է, որ դրան կնախանձեին Եվրամիության ցանկացած երկու անդամ հարևան պետություններ (եթե ոչ հիմա, ապա 1 տարի առաջ` հաստատ):
Մեր հասարակության վերաբերմունքը յուր բիզնեսմեններին կհամարձակվենք բաժանել երկու հիմնական տեսակի (հատուկենտ բացառություններով)` հիմնականում բացասական, եթե խոսքը գնում է Հայաստանում ապրող և գործող բիզնեսմենների մասին և հիմնականում դրական` արտերկրում ապրող ու գործող բիզնեսմենների նկատմամբ: Մենք սիրում ենք "յան"-ով վերջացող ազգանուններ փնտրել, ինչպես ֆիլմերի վերջում գրվող ստեղծագործական կազմի ցանկերում, այնպես էլ` Forbes-ի ցուցակում ու հպարտանալ մերոնց հաջողություններով: Իսկ եթե մեր հպարտության "սուբյեկտը" նաև աչքի է ընկնում հայրենիքի նկատմամբ իր ուշադրությամբ, ապա նա հաստատուն կերպով տեղ է զբաղեցնում մեր սրտերում:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական թիմը իր տարեվերջյան հետազոտության շրջանակներում փորձեց երևանցիներից պարզել, թե անցնող տարվա ընթացքում, հայ գործարարներից ում կարելի է համարել "տարվա հայ գործարար":

Նախ նշենք, որ հարցվողների շուրջ 22%-ը դժվարացել է պատասխանել և որևէ գործարարի անուն չի նշել: Իսկ քիչ թե շատ նշանակալի թվով ձայներ ստացած գործարարները չորսն են, որոնցից երեքը Ռուսաստանում ապրող մեր հայրենակից բիզնեսմեններն են:

Հայաստանի միակ ներկայացուցիչն այս ցանկում Գագիկ Ծառուկյանն է, որը նաև առաջատարն է: Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն մուտք գործեց բիզնեսում ունեցած հաջողություններից հետո, այլ ոչ թե հակառակը, այդ իսկ պատճառով նա միշտ էլ աչքի է ընկել բարձր ժողովրդականությամբ, սակայն անցնող տարվա կտրվածքով հարցվողների նման վերաբերմունքի համար կառանձնացնենք երկու հիմնական պատճառ: Առաջինը` տարեսկզբին նրա քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարելու հանգամանքն է, ավելի ստույգ` ստիպված հայտարարելու: Բացի "բարերարից" այս տարի Ծառուկյանին "գումարվեց" նաև իշխանությունների կողմից "նեղացված"-ի իմիջը, որը դրական ազդեցություն գործեց նրա վարկանիշի վրա: Իսկ երկրորդ հանգամանքը` Գագիկ Ծառուկյանի կողմից աշնանը խաղողագործներին ցուցաբերած աջակցությունն էր, երբ գործարարը ընդառաջելով "չափից ավելի" շատ բերք ստացած խաղողագործներին, հնարավոր բարձր գներով ու մեծ քանակությամբ մթերում իրականացրեց:

Հայտարարված տվյալներով ամենահարուստ հայի, "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ, 2015թ. տվյալներով ռուսական Forbes-ի ցանկի 26-րդ միլիարդատեր (կարողությունը գնահատվում է $4մլրդ) Սամվել Կարապետյանի օգտին տրված ձայները, ի դեպ, շատ քիչ են զիջում Ծառուկյանի ձայներին: Սա անշուշտ պայմանավորված է "ՀԷՑ"-ի գնման հանգամանքով: Այս գործաքը հանրությանը ներկայացվեց որպես "փրկության ձեռք", որը մեկնել է մեր հայրենակիցը: Վերջերս rbk.ru-ին տված հարցազրույցում նա հայտարարեց, որ այս գործաքին գնացել է հաշվի առնելով նաև Հայաստանի իշխանությունների խնդրանքը, որպեսզի հնարավոր լինի նաև մարել "ՀԷՑ"-ի կուտակած 220 մլն ԱՄՆ դոլարի պարտքը: Երևանիցների մոտ 1/4-ը բարձր գնահատելով այս քայլը, հենց նրան է շնորհել "տարվա հայ գործածար" կոչումը:

Երրորդ հորիզոնականում կրկին ռուսաստանաբնակ մեր հայրենակից, "Հայաստանի զարգացման նախաձեռնություններ" (IDeA) բարեգործական հիմնադրամի" համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն է: Նա նաև "Վարդանյան, Բրոյտման և գործընկերներ" ընկերության նախագահն է, RVVZ ընտանեկան ֆոնդի համահիմնադիրը, ռուսական և այլ երկրների հայտնի տարբեր ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է (Կամազ, Սիբուր հոլդինգ, Joule Unlimited, Ամերիաբանկ ՓԲԸ և այլն), Միջազգային ֆինանսական կորպորացիայի տնտեսական հարցերով խորհրդի անդամ, Մոսկվայի կառավարման Սկոլկովո դպրոցի գործընկեր-հիմնադիրը և հոգաբարձուների խորհրդի փոխնախագահը: Աշխարհահռչակ հայ գործարարի նախաձեռնությամբ իրականացվող յուրահատուկ և հեռանկարային մի շարք նախաձեռնություններ, ինչպիսք են "Տաթևի վերածնունդը", "Դիլիջանի զարգացման ծրագիրը", "UWC Դիլիջան քոլեջը" և "100 Lives-ը" տարբերվում են բարեգործական այլ նախաձեռնություններից իրենց հեռահար նպատակներով, նշանակությամբ և ժամանակի ընթացքում ինքնաբավության ապահովման բաղկացուցիչով:

Երևանցիների "տարվա հայ գործարարի" չորրորդ հորիզոնականում այս ցանկի երրորդ ռուսատանաբնակ հայ գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագաh և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն է: Գործարարը վերջերս հայտարարեց Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու իր մտադրության մասին և երևանցիների նման գնահատականն ավելի շատ պայմանավորված է երևի հենց այս հանգամանքով:

Դե ինչ, հաջողություն մաղթենք հայազգի բոլոր գործարարներին, հատկապես նրանց, ովքեր նաև Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծմանն ու Հայաստանի զարգացմանն ուղղված նախաձեռնություններով են հանդես գալիս:


ԲԱՐՈՄԵՏՐ

22:00 Դեկտեմբեր 22, 2015

Ամենաընթերցված նյութեր