Որո՞նք են աշխարհի ամենախաղաղ և ամենապայթյունավտանգ տարածաշրջանները

Նախորդ ակնարկում խոսեցինք աշխարհի ամենախաղաղասեր ու "ամենակռվարար" երկրների մասին։ Այժմ տեսնենք՝ որ տարածաշրջաններն են միջազգային փորձագետների կողմից ստացել ամենախաղաղ և ամենաանկայուն կարգավիճակները։

Փորձագետներն առանձնացրել են 9 տարածաշրջաններ՝ Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Ասիա-Խաղաղօվկիանոսյան, Հարավային Ամերիկա, Կենտրոնական Ամերիկա և Կարիբյան ավազան, "Սև Աֆրիկա" (Սահարայից հարավ ընկած աֆրիկյան տարածքներ), Ռուսաստան և Եվրասիա, Հարավային Ասիա (էջեր 10-15)։

Աղյուսակ

Խաղաղասիրության և հակամարտայնության տարածաշրջանային վարկանիշները

Տեղը

Տարածաշրջանը

Գործակիցը

1

Եվրոպա

1.566

2

Հյուսիսային Ամերիկա

1.662

3

Ասիա-Խաղաղօվկիանոսյան

1.881

4

Հարավային Ամերիկա

2.053

5

Կենտրոնական Ամերիկա և Կարիբներ

2.091

6

"Սև Աֆրիկա"

2.199

7

Ռուսաստան և Եվրասիա

2.248

8

Հարավային Ասիա

2.352

9

Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա

2.385

Ինչպես նկատում են հեղինակները, բոլոր տարածաշրջանների գործակիցներում տեղի են ունեցել փոփոխություններ՝ կապված այդ տարածաշրջանների մաս կազմող որոշ պետությունների գործակիցների փոփոխության հետ։

Այսպես, ամենախաղաղասեր տարածաշրջանի կարգավիճակ ստացած Եվրոպայում ներառված 36 երկրներից 12-ի ցուցանիշները վատթարացել են, 1-ինը (Կոսովոյի ինքնահռչակ հանրապետություն) մնացել է անփոփոխ, իսկ մնացյալ 23-ի ցուցանիշները բարելավել են։ Վատթարացման պատճառներ են եղել առանձին երկրներում ռազմական ծախսերի ավելացումը, հանցավորության աճը, ներքաղաքական անկայունություններն ու բռնությունները, ներգրավվածությունն արտաքին ռազմական հակամարտությունների մեջ։

Հյուսիսամերիկյան 2 երկրներից ԱՄՆ-ի գործակիցը բարելավել է, Կանադայինը՝ վատթարացել՝ հակաահաբեկչական գործողություններում զոհերի պատճառով։

Ասիա-խաղաղօվկիանոսյան 19 երկրներից 9-ի գործակիցը վատթարացել է, 9-ինը՝ բարելավել, 1-ինը (Նոր Զելանդիա)՝ մնացել անփոփոխ։ Վատթարացումը կապված է եղել Հարավչինական ծովի և Հս․ Կորեայի խնդրի շուրջ լարվածության աճի, ներքաղաքական անկայունության և բախումների հետ։

Հարավամերիկյան 11 երկրներից վատթարացել են 5-ի ցուցանիշները, բարելավվել՝ մնացյալ  6-ինը։ Վատթարացումներն այստեղ կապված են եղել հատուկ ծառայությունների աշխատակիցների թվի աճի, ներքաղաքական անկայունությունների, բախումների և ահաբեկչության, հանցավորության աճի և արտագաղթի հետ։

Կենտրոնաամերիկյան և Կարիբյան ավազանի 12 երկրներից վատթարացել են 5-ի, բարելավվել՝ մնացյալ 7-ի ցուցանիշները։ Վատթարացման պատճառներ են եղել սպանություններն ու հանցավորությունը, ներքին հակամարտություններն ու անվտանգության աշխատակիցների թվի աճը, ահաբեկչությունը, ռազմական ծախսերի աճն ու հարևան երկրների հետ հակասությունների աճը։

"Սև Աֆրիկայի" 44 երկրներից վատթարացել են 18-ի, բարելավել՝ 25-ի, անփոփոխ են մնացել՝ 1-ի (Նամիբիա) ցուցանիշները։ Վատթարացումները կապված են եղել սոցիալական անարդարության, հանցավորության, կառավարման ավտորիտարության, զենքի անօրինական շրջանառության, ահաբեկչության աճի հետ։

"Ռուսաստան և Եվրասիա" տարածքի 12 երկրներից իրենց տվյալները բարելավել են 4-ը, վատթարացրել՝ մնացյալ 8-ը։ Վատթարացման պատճառներ են եղել զենքի ներկրումների ծավալների, ներքին հակամարտությունների և հանցավորության, սպանությունների և ներքաղաքական անկայունությունների աճը։

Հարավասիական 7 երկրներից 3-ն են բարելավել իրենց ցուցանիշները, իսկ 4-ը գրանցել են վատթարացում։ Վերջինս պայմանավորված է եղել ներքաղաքական հակամարտությունների և դրանցում, ինչպես նաև ահաբեկչության զոհերի թվի, հանցավորության աճով։

Եվ, վերջապես, ամենաանկայուն տարածաշրջանի կարգավիճակ ստացած Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 19 պետություններից ընդամենը 6-ն են բարելավել իրենց ցուցանիշները, մինչդեռ մնացյալ 13-ում գրանցվել է հակառակ տեղաշարժը։ Վատթարացումները կապված են եղել հիմնականում "Իսլամական պետություն" ահաբեկչական կազմակերպության գործողությունների, ներպետական հակամարտությունների և ներքաղաքական անկայունությունների հետ։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

09:50 Նոյեմբեր 04, 2015

Ամենաընթերցված նյութեր