Եթե առաջիկա կիրակի կայանային նախագահական ընտրություններ

Թեպետ, ըստ սահմանադրական փոփոխությունների նախագծի զգալիորեն կրճատվելու են Նախագահի լիազորությունները և նրան ընտրելու են ոչ թե համապետական քաղաքական ընտրությունների արդյունքում, այլ ԱԺ պատգամավորները, սակայն դեռ բոլորովին փաստ չէ, որ հանրաքվեի արդյունքում կունենանք ժողովրդի հավաքական "այո"-ն: Հետևաբար հիմք ընդունելով գործող սահմանադրությունը, միանգամայն տեղին է այն հարցադրումը, թե ո՞ւմ երևանցիները կընտրեին ՀՀ նախագահ, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի: ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները հնարավոր "թեկնածուների" քարտը կազմելիս առաջնորդվել են երկու սկզբունքով` ցանկում չընդգրկել երեք նախագահներին, որը որպես պայման նաև ներկայացվել է հարցադրման մեջ (1) և "թեկնածուների քարտում" ներառել այն գործիչներին, որոնց անունը մամուլում ինտենսիվ շրջանառվել է որպես հնարավոր թեկնածուներ և նրանց կողմից այդ առնչությամբ պաշտոնական հերքումներ չեն եղել (2): Այս առումով ևս մեկ նկատառում` հարցումն անցկացվել է 2015թ. ամռանը և վերջին ամիսներին` տվյալ թեմայի շրջանակներում զարգացումները, բնականաբար, հաշվի չեն առնվել:

Այսպիսով որևէ կարգավիճակով ընտրություններին երեք նախագահների չմասնակցելու պարագայում, եթե առաջիկա կիրակի տեղի ունենային նախագահական ընտրություններ ո՞ւմ կտայիք Ձեր ձայնը հարցի պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ: Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին կընտրեին հարցվողների 7.4%-ը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տվյալ ժամանակահատվածը նման քաղաքական հարցադրումների առումով այնքան էլ պատեհ չէ, ապա ԺԿ առաջնորդի արդյունքը մեկնարկային վատ ցուցանիշ չպետք է համարել: Սակայն մյուս կողմից` եթե նկատի ունենաք, որ 2013թ. ընտրություններին նա աննախադեպ բարձր ցուցանիշ էր արձանագրել, ապա էլեկտորալ վարկանիշի շեշտակի անկումն` ակնհայտ է:

Գրաֆիկ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, եթե առաջիկա կիրակի կայանային նախագահական ընտրություններ, կընտրեին հարցվողների 6.7%-ը: Առաջին հայացքից համեստ թվացող այս ցուցանիշն իրականում աճի մեծ ներուժ ունի: Հարցն այն է, որ ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի` Սեյրան Օհանյանը հանրությանը երբևէ որպես ընտրովի պաշտոնի թեկնածու` չի ներկայացել: Նման հավականություններ հանդես բերելու պարագայում, հատկապես, դեռևս չկողմնորոշվածների պատկառելի խմբից` կարելի է ակնկալել որոշակի հատվածի անցում նրան ընտրողների "բանակ":

Եթե Սեյրան Օհանյանն ընտրովի պաշտոններում տարբեր կարգավիճակներով լինելու հավականություններ հանդես չի բերել, ապա Քաղաքացիական պայմանագիր նորաստեղծ կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է պատգամավորության թեկնածու: Ճիշտ է, նա ոչ մի անգամ չի հաղթել, սակայն ընտրովի պաշտոնին հավակնելն, ինքնին, հանրային ընկալման առումով որոշակի քարոոզչական առավելություններ նախանշում է: Բոլորովին այլ հարց է, որ պառլամենտական և նախագահական ընտրությունները մեր քաղաքական իրականության մեջ իրար հետ քիչ աղերսներ ունեն: Եթե առաջիկա կիրակի կայանային նախագահական ընտրություններ Նիկոլ Փաշինյանին կընտրեին հարցվողների 5.8%-ը:
Հարցվողների 5.1%-ը կընտրեր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին:

Հատկանշական է, որ նշված պատասխանների շարքում` տրվել էր ևս 7 հնարավոր թեկնածուների անուններ, որոնք հանրագումարում կազմել են 10.8%: Հարցվողների 37.2%-ը այնպիսի թեկնածու չի տեսնում, ում կտար իր ձայնը: Նրանց մեջ պատկառելի մաս, ըստ ամենայնի, կազմում են երեք նախագահներին ընտրողները: Հարցվողների 27%-ը հրաժարվել է, կամ չի կողմնորոշվել տվյալ հարցին կոնկրետ պատասխան տալուց:
Ինչ խոսք, սահմանադրական հանրաքվեի "այո"-ն, մեկընդմիշտ, կհանի այս հարցը քաղաքական օրակարգից: Թե նման իրերի կարգը կնպաստի արդյոք քաղաքական համակարգի առողջացմանը և առհասարակ երկրի զարգացմանը, թե ոչ` դժվար է միանշանակ ասել: Բայց որ մենք գործ կունենանք նոր քաղաքական իրավիճակի և դրանից բխող նոր քաղաքական ավանդույթների հետ` թերևս ակնհայտ է: Իսկ մինչ այդ (հնարավոր է նաև 2015թ. դեկտեմբերի 6-ից հետո) քաղաքական կյանքը կարգավորվում է գործող սահմանադրության թելադրանքով, և այս համատեքստում ԲԱՐՈՄԵՏՐԻ վերոնշյալ հարցումը բնավ ժամանակավրեպ չի դիտարկվում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:28 Նոյեմբեր 03, 2015

Ամենաընթերցված նյութեր