Երևանցիները գնահատել են Կենտրոն հեռուստաընկերության հաղորդումների որակը

ԲԱՐՈՄԵՏՐԸ շարունակում է ներկայացնել հայկական տարբեր հեռուստաընկերությունների հաղորդումների որակին երևանցիների կողմից տրված գնահատականները: Առաջին ալիք, Արմենա և Շանթ հեռուստաընկերությունների հաղորդումների որակին տրված գնահատականներին ձեզ արդեն ծանոթացրել ենք: Հաջորդը այս շարքում Կենտրոն հեռուստաընկերությունն է:

Կենտրոն հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2002թ.-ին: Հեռուստաընկերության պատասխանատուները բազմիցս նշել են, որ այն իր գործունեության տարիների ընթացքում ձեռք է բերել հեռուստադիտողների հսկայական և հավատարիմ բանակ ու իր հաղորդումներով շահել է բազմաթիվ մարդկանց սրտերը: Հեռուստաընկերության հայտնի հաղորդումներից են Ուրվագիծը, Էպիկենտրոն լրատվականը, Դիպվածը, ժամանցայիններից` Ընթրիք առանց փողկապի, Ավտո դրայվ, Ես կամ, Սկսենք նորից հաղորդումները և այլն: Հեռուստաընկերությունը հեռարձակում է նաև գեղարվեստական, փաստա-վավերագրական և մուլտիպլիկացիոն ֆիլմեր:

Իսկ այժմ ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտության արդյուքների մասին: Հիշեցնենք, որ հարցվողները գնահատել են հեռուստաընկերության լրատվական և ժամանցային հաղորդումների որակը 1-5 բալանոց սանդղակով (1-ը ամենացածր գնահատականն է, իսկ 5-ը` ամենաբարձր):

Գրաֆիկ

Ինչպես տեսնում ենք, երևանցիների մոտ մեկ հինգերորդը Կենտրոն հեռուստաընկերության թե’ լրատվական, թե’ ժամանցային հաղորդումների որակը գնահատում են ամենացածր գնահատականներով (1 կամ 2): Միջին` 3 գնահատականով են գնահատվել լրատվական և ժամանցային հաղորդումների, համապատասխանաբար 35.2%-ը և 42.1%-ը: Ընդհանուր առմամբ, միջին և միջիցնից ցածր գնահատական տվող երևանցիների հանրագումարային թիվը բավականին մեծ է` գրեթե 60%: Այս մեծ խմբի հեռուստադիտողների վերաբերմունքի ուղղությամբ, կարծում ենք, Կենտրոն հեռուստաընկերության պատասխանատուները լուրջ անելիքներ ունեն, առաջին հերթին ճիշտ կլինի լրջորեն ուսումնասիրել այս լսարանի պահանջներն ու ակնկալիքները:
Անշուշտ, պետք է նկատել նաև, որ երևանցիների մոտ 40%-ը Կենտրոն հեռուստաընկերության թե’ լրատվական, թե’ ժամանցային հաղորդումները գնահատել է լավ և գերազանց գնահատականներով (4 և 5 գնահատակններ): Սա կարելի է համարել բավականին լուրջ ձեռքբերում:

Հաջորդիվ, ԲԱՐՈՄԵՏՐԸ կանդրադառնա Երկիր Մեդիա և Ա-ԹիՎի հեռուստաընկերություններին տրված երևանցիների գնահատականներին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

17:00 Սեպտեմբեր 25, 2015

Ամենաընթերցված նյութեր