Ո՞րն է Հայաստանի ամենահեղինակավոր ԲՈՒՀ-ը

Կրթական համակարգի բազմաթիվ բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում վերջապես բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելը մոդայից վերածվել է ինչ որ չափով գիտակցված անհրաժեշտության: Կրթական բարեփոխումները և դիմորդների սակավությունը Հայաստանի ԲՈՒՀ-երում լուրջ մրցակցության պատճառ են դարձել: Ընդամենը մի քանի տարի առաջ կրթական համակարգի մասին տպավորությունը այնպիսին էր, որ գործատուների շուկայում բարձրագույն հաստատություն ավարտելն այլևս գիտելիքի չափանիշ չէր, իսկ դիպլոմ ունենալը լավ "օժիտ" էր ընկալվում: Միգուցե նախկին մտածելակերպը կրթական համակարգի ոչ ճիշտ աշխատանքի արդյունք էր, ամեն դեպքում նախկին կարծրատիպը կարելի է համարել կոտրված, իսկ կրթության մասին նոր ձևավորվող պատկերացումները համարել ավելի կառուցողական:
2014-2015 ուսումնական տարվա աշխարհի ամենահեղինակավոր ԲՈՒՀ-երի ցանկը ներկայացվել է Times Higher Education բրիտանական պարբերականի կողմից: Ամենաբարձր վարկանիշներ ստացել և վարկանշային աղյուսակը գլխավորել են ամերիկյան և բրիտանական բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանը (California Institute of Technology), երկրորդ տեղում է նախկին առաջատար Հարվարդի համալսարանը։ Երրորդ տեղում բրիտանական Քեմբրիջն է, չորորդում՝ ամերիկյան Ստենֆորդի համալսարանը, լավագույն հնգյակը եզրափակում է բրիտանական Օքսֆորդը։ Առաջին տասնյակի 7 տեղերը բաժին են ընկնում ամերիկյան բուհերին, 3-ը՝ բրիտանական։ Բարձրագույն ուսումնական հաստատությունները դասակարգվել են լավագույնների ցանկում ըստ մի շարք չափանիշների՝ ուսուցում, հետազոտություններ, գիտելիքների փոխանցում, միջազգային հեռանկարներ և այլն: Թոփ 10 լավագույն հեղինակություն վայելող բարձրագույն ուսումնական հաստատություններն ընտրված են ըստ արդյունավետության ցուցանիշների, որոնք ձևավորվել են ըստ ուսանողների վստահության, ԲՈՒՀ-երի ղեկավարների կարծիքի, ինչպես նաև կառավարության և արդյունաբերության վրա ազդեցության տեսանկյունից:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ ԲԱՐՈՄԵՏԵՐ հետազոտական ընկերությունը հետազոտություն է անցկացրել Երևանում՝ պարզելու համար, թե ո՞ր ԲՈՒՀ-ն է երևանցիների շրջանում առավել մեծ հեղինակություն վայելում: Վարկանշային աղյուսակի 1-ին հորիզոնականը զբաղեցնում է Երևանի Պետական Համալսարանը` 69.1%, վարկանիշով առաջին հորիզոնականից բավականին հեռու գտնվող 2-րդ հորիզոնականում են Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանը` 5,5 %-ական ցուցանիշով, իսկ 3-րդ հորիզանականը զբաղեցնում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը:

Կարծում ենք, մեծ հաշվով երևանցիների վերաբերմունքն այս հարցին ավելի շատ կարծրատիպային է ու խորհրդային ժամանակներից եկող որոշակի իներցիայի արդյունք: Այն ամենևին կարող է չարտահայտել Հայաստանում գործող ԲՈՒՀ-երի կողմից մատուցվող կրթական ծառայությունների իրական գնահատականը:


ԲԱՐՈՄԵՏՐ

12:30 Սեպտեմբեր 01, 2015

Ամենաընթերցված նյութեր