Հիմնականում ո՞ր լեզուներով են երևանցիները գիրք կարդում

Այն, որ մենք գնալով ավելի քիչ ենք գիրք կարդում, հայտնի է: Գիրք կարդալը վերածվել է ժամանցի ոչ այնքան տարածված ձևի, որի համար, որպես կանոն, ժամանակ չի գտնվում: Այն, որ ժամանակին մարդիկ շատ էին գիրք կարդում, իսկ հիմա՝ անհամեմատ ավելի քիչ, պայմանավորված է նրանով, որ տասնամյակներ առաջ գիրքը աշխարհի մասին տեղեկություններ ստանալու միակ կամ գրեթե միակ աղբուրն էր, և մարդիկ դիմում էին գրքին՝ աշխարհով իրենց բնական հետաքրքրասիրությունը բավարարելու համար: Բավական է հիշել, որ ԽՍՀՄ-ը համարվում էր աշխարհում ամենաընթերցող երկիրը, ինչը պայմանավորված էր նաև նրանով, որ ԽՍՀՄ-ում հեռուստատեսությունը և մամուլը խիստ միօրինակ էին և անհետաքրքիր: Մեզ՝ հայերիս, որպես խորհրդային նախկին երկրի, ժառանգություն է հասել ռուսերենով հրատարակված հսկայածաված գիտական, գեղարվեստական և այլ գրականություն, որն այսօր պահպանվում է տներում, գրադարաններում և արխիվներում:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե հիմնականում ո՞ր լեզուներով են երևանցիներն այսօր գիրք կարդում, կամ վերջին անգամ կարդացել: Հարցվածների մեծ մասը՝ ավելի քան 63%-ը, նշել է, որ վերջին անգամ գիրք է կարդացել հայերենով: Վերջին անգամ գիրք է կարդացել ռուսերենով հարցվածների մոտ 26%-ը, ինչը մոտ 2.5 անգամ ավելի քիչ է, քան առաջին պատասխանը: Թեպետ Հայաստանում գիտական և գեղարվեստական գրականության մեծ մասը ռուսերեն լեզվով է, որը հիմնականում պահպանվում է Երևանում գործող գրադարաններում և ուսումնական հաստատություններում, բայց հարցման տվյալները ցույց են տալիս, որ վերջին անգամ հայերենով գիրք կարդացողները մոտ 2.5 անգամ ավելի շատ են, քան ռուսերենով գիրք կարդացածները:

Հարցվածների ընդամենը 4.5%-ն է նշել, որ վերջին անգամ գիրք է կարդացել անգլերեն լեզվով: Ուշագրավ է, որ հարցվածների մոտ 4%-ը նշել է, որ գիրք չի կարդում կամ չի կարող վերհիշել, թե ինչ լեզվով է եղել վերջին կարդացած գիրքը:

Այն, որ հայերենով գիրք կարդացողներն ավելի շատ են, քան այլ լեզուներով, առաջին հայացքից պետք է որ ուրախալի հանգամանք լինի: Սակայն փաստն այն է, որ Հայաստանում եղած գիտական և գեղարվեստական գրականության մեծ մասը ռուսերեն լեզվով է և մնացել է դեռ խորհրդային ժամանակաշրջանից: Այլ կերպ ասած, եթե մենք շարունակենք կարդալ միայն հայերենով, ապա գրքերի այն ծավալը, որը մենք կյուրացնենք, կլինի խիստ սահմանափակ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:42 Օգոստոս 21, 2015

Ամենաընթերցված նյութեր