Որտեղի՞ց ենք առավել հաճախ տեղեկանում նորությունների մասին

Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ագրեսիվ տարածման դարաշրջանը ենթադրում է, որ մարդիկ ավելի շատ գործողություններ են կատարում համակագիչների և էլեկտրական այլ սարքավորումների օգնությամբ: Բնականաբար, այդ ընթացքում մենք փորձում ենք դրանց միջոցով լուծել այլ խնդիրներ նույնպես, օրինակ, բջջայինը օգտագործել նաև որպես քարտեզ կամ ֆոտոապարատ, կամ համակարգիչն օգտագործել որպես նորություններ ստանալու միջոց: Տեղեկատվական հասարակությունը, որում ամենամեծ դերը կատարում է ինֆորմացիան, ապրում է հետևյալ սկզբունքով. փաստ է ոչ թե այն, ինչ տեղի է ունենում, այլ այն, ինչ գրում են, և տեղեկատվության սպառողները առաջնորդվում են ոչ թե նրանով, թե ինչ է տեղի ունեցել իրականում (քանի որ դա իմանալն էլ երբեմն դժվար է և ժամանակատար), այլ նրանով, թե ինչ են գրում դրա մասին: Այս իմաստով մերօրյա պայմաններում մեծ նշանակություն ունի այն աղբյուրը, որից մենք տեղեկանում ենք նորությունների մասին, քանի որ, օրինակ, համացանցում յուրաքանչյուր մարդ կարող է որպես նորություն ներկայացնել, ըստ էության, ցանկացած իրական և հորինված բան:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե երևանեցիները հիմնականում ի՞նչ աղբուրներից են տեղեկանում ամենօրյա նորությունների մասին: Այն հարցին, թե "նորություններ ստանալու համար լրատվական ո՞ր միջոցներին եք դիմում", մոտ 48%-ը պատասխանեց՝ "հեռուստատեսությանը": Սա, թերևս, պատահական չէ, եթե հաշվի առնենք մեր առօրյա կյանքում հեռուստատեսության ներգրավվածության բարձր մակարդակը: Հարցվողներից ևս 48%-ը որպես նորությունների ստացման հիմնական աղբյուր նշել են ինտերնետը: Հատկապես վերջին տարիներին ինտերնետը շատ երկրներում գնալով փոխարինում է և՛ հեռուստատեսությանը, և՛ տպագիր մամուլին, և պետք է ենթադրել, որ այդ թիվը (48%) Հայաստանում տարիների ընթացքում մեծանալու է:

Հարցվածների հանրագումարային 5%-ից պակասն են նշել, որ նորությունների մասին տեղեկանում են տպագիր մամուլի կամ ռադիոյի միջոցով:

Եթե մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ինտերնետի և հեռուստատեսության պարագայում ինֆորմացիան փոխանցվում է առաջին հերթին տեսողական ճանապարհով (դա է պատճառը, որ այս երկու աղբուրները շեշտը դնում են ավելի շատ ցուցադրելու, ոչ թե պատմելու վրա, իսկ դա բերում է նրան, որ մարդ սկսում է հավատալ այն ամենին, ինչ տեսնում է), այլ կենտրոնանանք նրա վրա, որ հեռուստատեսությունը և ինտերնետն այսօր նորություններ ստանալու հիմնական աղբյուրներն են, ապա կնշանակի, որ մարդիկ այսօր գերադասում են նորությունների օպերատիվությունը, թարմությունը, այլ ոչ թե ճշգրտությունը կամ հետաքրքիր լինելը: Օրինակ, տպագիր մամուլը չի կարող այնքան օպերատիվ լինել, որքան ինտերնետը, և այն, որ մարդիկ օրվա ընթացքում այսպես թե այնպես աշխատելով համակարգչի վրա, զուգահեռաբար նախընտրում են ինտերնետի միջոցով ծանոթանուն լուրերին, այլ ոչ թե երեկոյան թերթ գնել՝ տանը հանգիստ կարդալու համար, նշանակում է, որ ժամանակակից մարդը լայն իմաստով անտարբեր է նորությունների բովանդակության, ճշգրտության, ստուգելիության, թեմատիկ ուղղվածության նկատմամբ, այլ գերադասում է ընդամենը տեղյակ լինել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին, կամ գոնե նրա մասին, թե ինչ են աշխարհի մասին պատմում հեռուստատեսությամբ և ներկայացնում ինտերնետում: Իսկ այն, ինչ են ներկայացնում, և այն, ինչ է տեղի ունենում իրականում, կարող նաև չհամընկնել, սակայն որակական այդ փոքրիկ նրբությունը, կարծես թե, էական չէ "ամեն ինչից օպերատիվ կերպով տեղյակ լինել" ցանկացող ժամանակակից մարդու համար:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Օգոստոս 14, 2015

Ամենաընթերցված նյութեր