Կուսակցությունները խփել են հանրային վստահության բոլոր "անտի-ռեկորդները"

ԲԱՐՈՄԵՏՐԸ մշտապես իր ուշադրության կենտրոնում  է պահում քաղաքական կուսակցությունների վստահության ինդեքսի փոփոխությունների դինամիկայի հարցը: Երևանում պարբերաբար իրականացվող զանգվածային հարցումների հիման վրա երեք-չորս ամիսը մեկ տրվում են  հիմնական քաղաքական ուժերի նկատմամբ հանրային վստահության ինդեքսները: Նման ինտենսիվության պատճառը կուսակցությունների գործունեությամբ պայմանավորված` նրանց վստահության վարկանիշում դրական և բացասական "շեղումների" արձանագրումն է: Հերթական հարցումն անցկացվեց հունիսի վերջին և դրա արդյունքներով էական փոփոխություններ 2015թ. մարտի համեմատությամբ, ըստ էության, չգրանցվեցին: Այսպես, փոքր ինչ աճել է որևէ կուսակցության նկատմամբ վստահություն չունեցող ռեսպոնդենտների թիվը` մոտ 73%-ից հասնելով մոտ 76%-ի (տես. գրաֆիկ): Իրականում այս տենդենցը խոսում է այն մասին, որ կուսակցությունների նկատմամբ տոտալ անվստահությունը խորանում է, և արդեն վաղուց հատել է վտանգավորության "կարմիր գիծը": Սա նշանակում է, որ հանրային ընկալման մեջ արդեն գոյություն ունի` ամեն ինչի համար "մեղավոր" քաղաքական ինստիտուտը, որի անունը` քաղաքական կուսակցություն է:  

Գրաֆիկ. Քաղաքական կուսակցությունների նկատմամբ վստահությունը՝ ըստ երևանաբնակ հարցվողների

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ քաղաքական ուժերին նախապատվություն տված հարցվողներին, ապա այստեղ նույնպես` շատ քիչ, ոչ էական փոփոխություններ են արձանագրվել` 1-2% տատանումների սահամաններում: 1.2%  անկում է արձանագրվել ՀՀԿ հանրային վստահության ինդեքսում: Մարտ ամսվա համեմատությամբ 1.4%-ի անկում էլ արձանագրվել է ԲՀԿ-ի ցուցանիշում: Հատկանշական է, որ մի շարք փորձագետներ հաշվի առնելով Ծառուկյանի կուսակցությունից դուրս գալու հանգամանքը և նրա զգալի թուլացումը, ըստ էության, ավելի մեծ անկում էին կանխատեսում, սակայն բազային` մոտ 6%-ը մեկնարկային վատ քաղաքական կապիտալ չէ: Կախված նրանցից, թե կուսակցությունը ապագայում ինչ քաղաքական նիշա կզբաղեցնի և ինչպես կձերբազատվի Ծառուկյանի "իներցիայից", պարզ կդառնա որքանո՞վ այն կենսունակ կլինի գոյություն ունեցող վստահության ինդեքսը բարելավելու հարցում: Գրեթե, նույնքան անկում է արձանագրվել նաև ՀՅԴ-ի վստահության ինդեքսում: ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները հակված են այս անկումը բացատրել դաշնակների իշխանական կոալիցիա մտնելու հետ կապված կիսապաշտոնական տեղեկությունների շրջանառմամբ և սահմանադրակական փոփոխությունների նկատմամբ նրանց կողմից ցուցաբերվող լոյալությամբ: Մյուս քաղաքական ուժերի վստահության ինդեքսները շարունակում են գտնվել 2%-ից  ցածր մակարդակի վրա և ընդհանուր տենդենցներ վերհանելու տեսանկյունից այնքան էլ տեղին չէ այդ արդյունքները վերլուծելը:

Դե ինչ ակնհայտ է, որ հայաստանյան քաղաքական դաշտում գործող կուսակցությունների նկատմամբ վստահության ինդեքսները գտնվում են խիստ ցածր մակարդակի վրա: Սրա պատճառներին ԲԱՐՈՄԵՏՐԸ իր բազմաթիվ հրապարակումների մեջ շատ է անդրադարձել: Ընդ որում, եթե մի քանի տարի առաջ, գոնե, ընդդիմադիր ուժերը, թեկուզ, ոչ այնքան բարձր, բայց որոշակի վստահության պաշար ունեին ընտրողների շրջանում, ապա ներկայում այն կարելի է ասել "չեղածի հաշվի է": Լավ վիճակում չէ նաև իշխող ՀՀԿ-ն, որն իր մեծ հավակնությունների համեմատ խիստ ցածր վստահության ինդեքս ունի:

 ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները գտնում են, որ քաղաքական կուսակցություններն իրենց վստահության ինդեքսները բարելավելու առումով` արդեն աշնանը կունենան որոշակի հնարավորություններ: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի շուրջ զարգացումներում նրանց ունեցած դերակատարումները, այս կամ այն դիրքորոշման պաշտպանությանն ուղղված նպատակային և հասցեական քարազարշավները որոշ քաղաքական ուժերի թույլ կտան քիչ թե շատ "ետ բերել կորցրածը":

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:00 Օգոստոս 07, 2015

Ամենաընթերցված նյութեր