Տխուր փաստեր. երևանցիների մոտ 80%-ը "մոռացել են" ծովափնյա հանգստի մասին

Հայաստանը թեպետ ծով չունի, սակայն ծովափնյա հանգստի սիրահարների պակաս էլ չունի: Պատահական չէ, որ այսօր էլ բազմաթիվ հայաստանցիներ պատեհ առիթի դեպքում փորձում են ամառային արձակուրդները անցկացնել որևէ ծովափնյա պետությունում: Ճիշտ է` ծովափնյա հանգստի մեկնելը ոչ բոլորի մոտ է ստացվում, և հաճախ էլ այդ հանգիստը կազմակերպվում է ոչ այնտեղ, որտեղ իսկապես ցանկալի է, այլ այնտեղ, որտեղ ֆինանսներն են թույլ տալիս: 

Շատերը կհաստատեն, որ վերջին տարիներին բազմաթիվ հայաստանցիներ ամառային հանգիստն անցկացնում են Վրաստանի ծովափնյա հանգստավայրերում, ինչը, հավանաբար, պայմանավորված է ոչ թե առաջարկվող ծառայությունների որակով, այլ մատչելիությամբ: Այս առումով բնավ պատահական չեն այն կարծիքները, որոնց համաձայն ծով չունեցող Հայաստանում հանգստանալն ավելի թանկ հաճույք է, քան, օրինակ, հարևան Վրաստանում:

Այն, որ հայաստանցիներից շատերի համար Վրաստան ծովափնյա հանգստի մեկնելը "ֆանտաստիկայի" ժանրից չէ` կարծում ենք որևէ մեկը չի վիճարկի, սակայն եթե նկատի ունենանք այլ` տուրիստական առումով բավականին գրավիչ պետություններն ու դրանց ծովափնյա հանգստավայրերը, ապա այնտեղ մեկնելու հայաստանցիների հնարավորությունները, անշուշտ, պակաս են:

Վերոգրյալի համատեքստում ուշագրավ են ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած հետազոտության արդյունքները (տե՛ս գրաֆիկ), որոնք վերաբերում էին հետևյալ հարցին. "Վերջին անգամ ե՞րբ եք Ձեր ամառային հանգիստն անցկացրել ծովափում՝ բայց ոչ Վրաստանում":

Ինչպես երևում է գրաֆիկից, հարցված երևանցիների 40.6%-ը 10 տարուց ավելի է, ինչ ծովափնյա հանգստի չի մեկնել, 38.5%-ը` երբեք չի վայելել ծովափնյա հանգիստ: Շատերի համար այս թվերը գուցե մտահոգիչ չեն, սակայն եթե հաշվի առնենք այն, հարցված երևանցիների շուրջ 79.1%-ը երբեք կամ 10 տարուց ավելի ծովափնյա հանգստի չի մեկնել, ապա որոշակիորեն կարելի է կռահել, թե այս առումով ինչպիսի լուրջ խնդիրներ կան մեր երկրում: Ենթադրելի է, որ այդ 79.1%-ի համար հիմնական խոչընդոտը եղել է ֆինանսական դժվարությունը (հազիվ թե այդպիսի տոկոս կազմող հարցվածները կամ դրանց մեծ մասը անտարբեր լինեին ծովափնյա հանգստի նկատմամբ այն դեպքում, երբ վերջինս ունի կազդուրիչ, առողջարար նշանակություն և այլն), ինչը, իր հերթին, կարծես վկայում է այն մասին, որ ՀՀ շարքային քաղաքացիների (երևանցիների) մեծ մասն իր աշխատանքով անգամ տասը տարում չի կարողանում վաստակել արժանի հանգստի իրավունք:

Գրաֆիկից պարզ է դառնում նաև այն, որ հարցված երևանցիների մոտավորապես 21%-ն է, որ ոչ վրաստանյան ծովափնյա հանգստի մեկնելու հնարավորություն է ունեցել, սակայն այդ հնարավորությունից օգտվել է վերջին տաս տարիների ընթացքում (ոչ վրաստանյան ծովափնյա հանգստավայրերում ամենից շատ հանգստացել են անցյալ տարի` 8.5% և 4-5 տարի առաջ` 6.4%):

Դժվար է ստույգ ասել, թե ինչով են պայմանավորված փակագծերում բերված ցուցանիշները, սակայն մի բան հստակ է` իր քաղաքացիների մասին մտահոգվող յուրաքանչյուր պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել քաղաքացիների առողջարարական հանգստի ապահովման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ, իսկ մենք չպետք է մխիթարվենք, օրինակ, Բաթումիով, Քոբուլետիով կամ էլ հեռուստատեսային ու համացանցային վիրտուալ տուրիզմով:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

22:00 Հուլիս 21, 2015

Ամենաընթերցված նյութեր