Ամառվա ո՞ր ամսին են երևանցիները պլանավորում մեկնել հանգստի

ԲԱՐՈՄԵՏՐԸ փորձել է պարզել, թե ամառվա ո՞ր ամսին են երևանցիները  պլանավորում մեկնել հանգստի:

Այս հարցով բացահայտվում են և’ մարդկանց նախասիրությունները, և’, ընդհանրապես, հանգստի մեկնելու հնարավորությունը` կլինի դա ժամանակի, թե՞ ֆինանսների տեսանկյունից: Իհարկե, կարևոր է նաև հանգստի կազմակերպման վայրի հետ կապված հարցի պարզաբանումը, սակայն մեզ հետաքրքրում էր ժամանակահատվածը և կազմակերպելու փաստը:

Հարցվողներն այս առումով բաժանվել են 2 խմբի: Հարցումները ցույց են տալիս, որ ամառվա ընթացքում պլանավորում են հանգստի մեկնել հարցվողների միայն 26.4%-ը, իսկ մնացած` 73.6%-ը ամռանը հանգստի մեկնել չեն պատրաստվում: Սա բավականին լուրջ ցուցանիշ է, որից կարելի է եզրակացնել, որ կա’մ մարդիկ պլանավորում են իրենց հանգիստը կազմակերպել տարվա այլ ամիսներին և խնայողությունները օգտագործելու են այդ ժամանակահատվածում, կա’մ ամենայն հավանականությամբ նրանք չունեն բավականաչափ ֆինանսական ռեսուրսներ (գուցե ժամանակ) և դրա արդյունքում չեն հանգստանալու ամռան ամիսներին: Սա բավականին բացասական է, քանի որ մարդը պետք է կարողանա նաև ժամանակ գտնել իր վրա ներդրումներ անելու համար, իսկ հանգիստը, առողջության պրոֆիլակտիկ ստուգումները, սպորտով զբաղվելը դիտարկվում են որպես աշխատունակության և առողջության վերականգնման համար կատարված ծախսեր:

Մեր հոդվածի և վերլուծության տրամաբանությունը փորձենք կառուցել երևանյան այն տնային տնտեսությունների վրա, որոնք պլանավորում են կազմակերպել իրենց հանգիստը (հարցվողների 26.4%-ը` "հանգիստ պլանավորող խումբ") և այն պայմանականորեն ընդունենք որպես 100%:

"Հանգիստ պլանավորող" խմբի 36.8%-ը, հանգիստը պլանավորում են կազմակերպել հուլիսին որն իր մեծությամբ 2-րդ խումբն է: Իսկ իրենց հանգիստն օգոստոսին կկազմակերպեն "հանգիստ պլանավորող" խմբի 56.3%-ը: Դա նշանակում է, որ երևանցիների համար իսկական հանգստի ամիսը դա օգոստոսն է, որի արդյունքում էլ ունենք նման մեծ կենտրոնացում այդ ամսվա վրա: Իհարկե, եթե պայմանականորեն որոշ առումով եղանակի տաք և ավելի հաճելի լինելու հանգամանքը հիմք ընդունենք, ապա սեպտեմբերին հանգիստը պլանավորողներ ևս կան (4.6%) և ավելի շատ, քան հունիսին, քանի որ սեպտեմբերի հատկապես սկիզբը շատ չի տարբերվում ամառվա ամիսներից, հենց դա էլ հիմք է հանդիսացել, որ հարցվողների մի մասը հարցման բուն հարցի տրամաբանությունից շեղվելով տվել է նման պատասխան: Ունենալով այս հարցման արդյունքները` կարելի է մտածել նաև ոչ շատ ծանրաբեռնված ամիսների ընթացքում հանգստանալու մասին, քանի որ հաճախորդների շատ լինելու պարագայում տուրիստական ծառայությունների գների որոշակի բարձրացումներ են լինում: Բավականին հետաքրքիր կլինի նաև հետագայում բացահայտել արտերկրյա տուրիստների հանգստի պլանավորման ամիսները Հայաստանում և համեմատության առանցք անցկացնել, քանի որ դա ևս ցույց կտա նախասիրությունների նմանությունը կամ տարբերությունը, ինչպես նաև հնարավոր ծառայությունների մատուցման գնային տատանումները: Այսինքն` ճիշտ պլանավորելով հանգստի ժամանակը, կարելի է համեմատաբար քիչ ֆինանսական ռեսուրսներով հասնել միևնույն արդյունքին:


ԲԱՐՈՄԵՏՐ

12:38 Հուլիս 15, 2015

Ամենաընթերցված նյութեր