Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն հայ ֆուտբոլիստը

Բոլոր ժամանակների լավագույն հայ ֆուտբոլիստի որոշումը, անշուշտ, մասնագետների որոշելու խնդիրն է: Պարզ է, որ նրանք տիրապետում են ֆուտբոլիստների հետ կապված առավել ամբողջական տեղակատվությանը և լավագույնին գնահատելու կամ ընտելու հստակ չափանիշներին: Այս առումով, հանրության կարծիքը կարող է ընդհանարապես չհամընկնել մասնագիտականի հետ: Ֆուտբոլասերները շատ դեպքերում առաջնորդվում են սուբյեկտիվ գործոններով, ինչը բնական է: Սակայն սրանով հանդերձ, նրանց կարծիքները հետաքրքրական են նախևառաջ նախապատվությունների առանձնահատկությունները հասկանալու առումով:

ԲԱՐՈՄԵՏՐԸ մարտ ամսին Երևանում անցկացրած զանգվածային հարցման շրջանակներում անդրադարձել էր նաև բոլոր ժամանակների հայ լավագույն ֆուտբոլիստին: Ինչպես և սպասվում էր այս հարցում մեծ անակնկալներ չգրանցվեցին: Հարցվողների մոտ 41%-ի կարծիքով լավագույնը` Հենրիխ Մխիթարյանն է: Ինչ խոսք, այստեղ էական դեր է խաղացել այն հանգամանքը, որ Հենոյի խաղը ներկայում բոլորի աչքի առաջ է, որը թույլ է տալիս հարցվողին թարմ տպավորություններով առաջնորդվել:Հարցվողների մոտ 20%-ը նախապատվություն է տվել հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանին: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հարցումն անցկացվել է Խորիկի 60 ամյակի տարեդարձին նվիրված` ԽՍՀՄ-Աշխարհի հավաքական ֆուտբոլային շոուից առաջ, ապա կարելի է փաստել, որ այդ ցուցանիշը հնարավոր է ավելի բարձր լիներ: Ընդհանրապես, շատերն են փաստում, որ եթե Խորեն Հովհաննիսյանը որպես ֆուտբոլիստ իր կարիերան սկսեր անկախ Հայաստանում, ապա նա անհամեմատ մեծ նվաճումների կհասներ, իսկ նրա անունը արդարացիորեն կդասվեր համաշխարհային մեգաաստղերի շարքին:

Բոլորին հայտնի ֆիլմում Ֆրունզիկ Մկրչտչյանի հերոսը` փորձելով հիմնավորել ինքնաթիռի բորտուղեկցորդուհու "գոռոզությունը"` նրան սիրահարված վրաց ընկերոջը սփոփում է այսպես. "слуши, что ты хочиш, если женщина каждий день академика видит, артиста видит, Иштояна видит, ты кто такой для нее": Այս թևավոր դարձած արտահայտությունը ներկայացնում է մարդկանց այն մեծ սերն ու ժողովրդականությունը, որը նրանք տածում էին Արարատ-73-ի լեգենդար ֆուտբոլիստների և, մասնավորապես` Լևոն Իշտոյանի հանդեպ: Հատկանշական է, որ նրան բոլոր ժամանակների լավուգույն հայ ֆուտբոլիստ են տեսնում հարցվողների մոտ 7%-ը: Առաջին հայացքից` սա համեստ ցուցանիշ է, բայց մյուս կողմից` եթե հաշվի առնենք, որ Իշտոյանը մոտ 40 տարի առաջ է փայլել մարզադաշտում, ապա այն միանգամայն բավարար արդյունք պետք է համարել:
Հարցվողների մոտ 6%-ը բոլոր ժամանակների լավագույն հայ ֆուտբոլիստ է համարել Սարգիս Հովիվյանին: Նրան, բնականաբար նախապատվություն տվել են մեր առավել տարեց հարցվողները, քանի որ Հովիվյանի կրակոտ խաղին նրանք են ունկնդրելու/ակնդրելու հնարավորություն ունեցել:

Բոլոր ժամանակների լավագույն հայ ֆուտբոլիստների շարքում ավելի համեստ արդյունքներ են արձանագրել Էդուարդ Մարգարովը, Սարգիս Հովսեփյանը և Յուրա Մովսիսյանը:


ԲԱՐՈՄԵՏՐ

22:30 Մայիս 22, 2015

Ամենաընթերցված նյութեր