Հեռուստատեսային ինչ ծառայություններից են օգտվում երևանցիները

Չնայած, որ ՀՀ-ում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը հետաձգելու մասին պատգամավորների առաջարկն ընդունելի է ՀՀ կառավարության կողմից, սակայն կա նաև հստակ ժամկետի սահմանման կարիք: Ակնհայտ է, որ առաջիկայում անալոգայինից անցումը թվայինի անխուսափելի է: Սկզբնական ժամանակահատվածում անալոգային և թվայնացված հեռուստատեսությունները կգործեն իրար զուգահեռ: Անալոգայինը կվերանա, երբ հասարակության 95%-ը կունենա հնարավորություն՝ դիտելու թվային հեռուստատեսություն: Թվային հեռուստատեսությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ DVB-T2 ձևաչափի ազդանշան ընդունող հեռուստացույց: Հենց DVB-T2-ն է (Digital Video Broadcasting - Second Generation Terrestrial) այն ձևաչափը, որն ընդունվել է Հայաստանում թվային հեռարձակման համար: Նոր սերնդի հեռուստացույցները սովորաբար ունեն DVB-T2 ձևաչափի հեռարձակման ընդունիչ: Եթե հեռուստացույցը չունի նման ընդունիչ, ապա հարկ կլինի կա՛մ փոխել այն, կա՛մ էլ գնել դեկոդեր, որը թվային ազդանշանը կդարձնի անալոգային: Միանշանակ է, որ թվային հեռարձակումը շատ ավելի պրոգրեսիվ տեխնոլոգիա է, շատ ավելի որակյալ պատկեր է ապահովում, հեռուստադիտողի ընտրության հնարավորությունն է ընդլայնում. Օրինակ որևէ հաղորդում բաց թողնելու դեպքում անհրաժեշտություն չկա սպասելու կրկնությանը, այն հնարավորություն է ընձեռում հետ ու առաջ տալ հեռուստածրագրերը, կամ որևէ ֆիլմ նայելու համար տեխնիկական հնարավորություն է ընձեռում լեզուն ընտրելու: Ի տարբերություն մինչ այժմ ցանկացած մալուխային ընկերության առաջարկած փաթեթի, այս փաթեթն անվճար է լինելու: Ինչպես նշում է ոլորտի փորձագետներից մեկը ԲԱՐՈՄԵՏՐԸ հետ զրույցում  , թվային հեռարձակման անցնելը ավելի կարևոր է,  դա  մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում է: Եթե մենք չանցնենք թվային հեռարձակման, ապա առնվազն երկու լուրջ խնդիր կունենանք` նախ մեզ տրված հաճախականությունների մի մասը կարող է անցնել հարևան երկրներին, բացի դա, կարող ենք խանգարել հարևան երկրներին և հակառակը: Օրինակ, Թուրքիայի սահմանին մոտ գտնվելով տեսնում ենք, որ մեր մեքենայի ռադիոալիքը հաճախ խառնվում է թուրքականի հետ կամ շատ ժամանակ, երբ մենք փնտրում ենք որևէ հեռուստաալիք, ընկնում ենք թուրքականի վրա: Թվայնացումը լուծում է այս խնդիրը` ավելի հստակեցնելով ու տարանջատելով դրանք: Հեռուստահեռարձակման թվայնացման գործընթացին ընդառաջ ԲԱՐՈՄԵՏԵՐԸ պարզել է թե , ի՞նչ տիպի հեռուստածառայություններից են օգտվում երևանցիները: Հարցվածների 49.2 % -ը օգտվում է սովորական, անվճար՝ ոչ թվային հեռուստածառայությունից, 25.9%-ը՝ UCOM-ի, 3,5%-ը՝ РОСТЕЛЕКОМ-ի, 2,9%-ը՝ INTERACTIVE-ի հեռուստածառայություններից: Ստացած տվյալներից կարելի է եզրակացնել, որ Երևանի բնակիչները, գոնե որոշ չափով, պատրաստ են հեռուստահեռարձակման գործընթացին, ինչը չի կարելի ասել մարզերի բնակիչների մասին: Հույս հայտնենք, որ թվայնացման արդյունքում ազդանշանը հասանելի կլինի բոլոր ընտանիքներին: 

 

ԲԱՐՈՄԵՏԵՐ

15:30 Մայիս 21, 2015

Ամենաընթերցված նյութեր