Մենք և եվրոպական արժեհամակարգը

Նախորդ ակնարկներում մենք խոսեցինք այն մասին, որ, երևանցիների համոզմամբ, հայերն իրենց թե՛ բարձր, թե՛ կենցաղային մշակույթներով էապես տարբերվում են մյուսներից, ավելի կոնկրետ՝ ո՛չ կովկասցի են, ո՛չ ասիացի, ո՛չ էլ եվրոպացի: Իսկ հայկականին առավել մոտ են ասիական, արևմտաեվրոպական և հետխորհրդային երկրների մշակույթները:

ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները որոշեցին պարզել՝ ունի՞ արդյոք հայկական ինքնատիպության մասին այս համոզմունքն իրական հիմք, թե՞ դա պարզապես ուրիշներից տարբերվելու ցանկության հետևանք է: Նման դեպքերում հասարակությունների ընդհանրությունները վերհանելու լավագույն տարբերակներից մեկը միևնույն արժեքների աստիճանակարգության համեմատությունն է:

Այդ նպատակով, վերցրեցինք եվրոպական արժեհամակարգի մասին Եվրոբարոմետրի հարցախույզի տվյալները (էջ 9) և խնդրեցինք երևանցիներին՝ նշված արժեքներից առանձնացնել անձնապես իրենց համար երեք գլխավորները: Համեմատելիս մեզ հետաքրքրում էր այն, թե որքանով են տարբերվում կամ նմանվում միևնույն արժեքներից կազմված եվրոպական ու հայկական արժեհամակարգերը՝ այդ արժեքների աստիճանակարգությունները մեր և նրանց մոտ:

Աղյուսակից հստակ երևում է, որ մեր և եվրոպացիների արժեհամակարգերը՝ կազմված անգամ միևնույն արժեքներից, իրենց կառուցվածքով՝ արժեքների աստիճանակարգությամբ, նշանակալի տարբերվում են: Եթե մեզ համար գլխավոր երեք արժեքներն են խաղաղությունը, սոցիալական հավասարությունը և օրենքի գերակայությունը, ապա եվրոպացիների համար՝ մարդու իրավունքները, անձնական կյանքի անձեռնմխելիությունը և խաղաղությունը: Փաստորեն, միայն խաղաղությունն է մեր և եվրոպացիների արժեհամակարգի առաջին եռյակում համընկնում: 2-րդ եռյակում համընկնող արժեք է ժողովրդավարությունը, 3-րդում՝ սոցիալական համերաշխությունը, իսկ վերջին՝ ամենաքիչ կարևորվող արժեքների եռյակում ունենք համընկնող երկու արժեքներ՝ հարգանքն այլ մշակույթների նկատմամբ և կրոնը:

Այս ամենը խոսում է այն մասին, որ մեր համաքաղաքացիների համոզմունքն առնվազը մեր և եվրոպացիների բավական տարբեր լինելու մասին իսկապես հիմնավոր է: Եվ ապարդյուն էին մեր ջանքերը՝ ԵՄ անդամ-երկրների անհատական տվյալներում (էջ 11) գտնել մեզ նման աստիճանակարգային կառուցվածք ունեցող երկիր ...

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:19 Մայիս 20, 2015

Ամենաընթերցված նյութեր