Մենք և մեր դրացի վրացիները

Նախորդիվ մենք տեսանք, որ երևանցիների հարաբերական մեծամասնությունը հարևան ոչ մի ժողովրդի հետ չի տեսնում ո՛չ պատմական և ո՛չ էլ լեզվական ընդհանրություն: Բայց հիշում ենք նաև, որ թեև հարցվածների բացարձակ մեծամասնությունը համարում է, որ հայերն իրենց մշակույթով ինքնատիպ են, որևէ տարածաշրջանային ինքնություն չունեն, այդուհանդերձ, երևանցիների մոտ 20%-ի համոզմամբ էլ, հայերը կովկասցի են:
ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները փորձեցին պարզել, թե հարևան ժողովուրդներից որոնց ավանդույթներն ու սովորույթներն են մեր համաքաղաքացիները համարում առավել մոտ հայկականին: Ահա այստեղ մենք բացահայտեցինք մի փոքրիկ ''բացվածք'' հայկական ինքնատիպության մեջ:

Եթե նախորդ դեպքերում հարցվածների բացարձակ մեծամասնությունը գտնում էր, որ հայերն ինքնատիպ են, ապա այս դեպքում, ինչպես տեսնում ենք, հասարակության մեջ բացարձակ իշխող տեսակետ չկա: Բայց հարաբերական մեծամասնության համոզմամբ, իրենց ավանդույթներով և սովորույթներով հայերին ամենամոտը վրացիներն են: Այդ տեսակետը պաշտպանում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայց, բայց տղամարդիկ մի փոքր ավելի շատ: Ըստ որում, ըստ տարիքային չափանիշի, այդ համոզմունքն առավել տարածված է երիտասարդների և 61-ից բարձր տարիք ունեցողների մոտ:

2-րդ տեղում ռուսների հետ ընդհանրություններ տեսնողներն են՝ հիմնականում կանայք: Այս մոտեցումն էլ համեմատաբար առավել տարածված է 45-60 տարեկանների մոտ:

Իսկ 3-րդ տեղում "հարևան'' ադրբեջանցիների հետ ավանդույթային ընդհանրություններ տեսնողներն են՝ առավելապես 30-44 տարեկանները, ըստ որում՝ գերազանցապես կանայք:

Անշուշտ, շատ բնական ու օրինաչափ է, որ երկարատև հարևանությամբ ապրող ժողովուրդներն ունենում են ավանդութային ընդհանրություններ: Եվ բոլորովին տարօրինակ չէ, որ երևանցիների հարաբերական մեծամասնությունն այդպիսի ընդհանրություններ տեսնում է հենց վրացիների հետ: Դրանում իր դերն է խաղում նաև այն, որ մեր անմիջական հարևաններից միայն նրանք են քրիստոնյա (կրոնը, ինչպես գիտեք, ահռելի ազդեցություն է թողնում ավանդույթների ձևավորման վրա): Այդուհանդերձ, չպետք է մոռանանք նաև, որ (սա ևս պատմական-բնական-օրինաչափ երևույթ պետք է համարել) մեր դրացի վրացիների հետ ևս մենք ունեցել ենք ազգամիջյան հակասություններ, անգամ՝ պատերազմ, բայց էլ ավելի ցավալի է, որ, ինչպես հարևան Թուրքիայում և Ադրբեջանում, Վրաստանում ևս մեր մշակութային ժառանգությունը վտանգվում է: Գործնականում, կարելի է ասել, տարածաշրջանում միակ երկիրը, որտեղ մեր մշակութային ժառանգությունը պետական հովանավորություն ունի, որքան էլ տարօրինակ է, մուսուլմանական Իրանն է:


ԲԱՐՈՄԵՏՐ

 

14:10 Մայիս 19, 2015

Ամենաընթերցված նյութեր