Մոյա տվոյա նյե պոնիմած

Նախորդիվ մենք խոսեցինք այն մասին, որ բնակչության մեծամասնության համոզմամբ, թե՛ բարձր մշակույթով, թե՛ ամենօրյա նիստուկացով հայերը գերազանցապես յուրատիպ են՝ տարբերվում են բոլոր մյուս ժողովուրդներից, իսկ հայկականին համեմատաբար առավել մոտ են ասիական ժողովուրդների մշակույթները:

ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները փորձեցին պարզել նաև, թե կոնկրետ ասպեկտներում ո՛ր ժողովուրդների հետ են ավելի շատ ընդհանրություններ տեսնում մեր համաքաղաքացիները: 1-ին չափանիշ վերցրեցինք լեզուն: Ստացված արդյունքները նշանակալիորեն տարբերվում են իրականությունից, գիտական մոտեցումներից, բայց չմոռանանք, որ սա հանրային կարծիքն է՝ հիմնված, առավելապես, առօրեական, ոչ գիտական պատկերացումների վրա:

Ինչպես տեսնում ենք, հարցվածների հարաբերական մեծամասնությունը գտնում է, որ հայերենը յուրատիպ է և չունի որևէ ընդհանրություն թվարկված լեզուների հետ: Սակայն երևանցիների 20%-ից ավելին այդպիսի ընդհանրություն տեսնում է թուրքերենի հետ: Տարօրինակ է, որ թուրքերենին ցեղակից, երբեմն՝ թուրքերենի բարբառ համարվող ադրբեջաներենի հետ ընդհանրություն տեսնում է հարցվածների ընդամենը 5%-ը: Եվ, վերջապես, 3-րդ տեղում են ռուսերենի և պարսկերենի հետ ընդհանրություններ տեսնողները:

Իսկ ո՞րն է իրականությունը: Թեև հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուներից է, այն ինքնուրույն՝ չճյուղավորված լեզու է (ինչպես հունարենն ու ալբաներենը), ի տարբերություն, օրինակ, ռոմանական, գերմանական կամ սլավոնական լեզվախմբերի, որոնց մեջ մտնում են բազմաթիվ լեզուներ: Դա է պատճառը, որ հնդեվորապական այլ լեզուներից հայերենը բավական տարբերվում է:

Բայց, այդուհանդերձ, ինչպես լեզվաընտանիքի մյուս լեզուները, հայերենը ևս ստացել է իր "ժառանգությունը" հնդեվրոպական նախալեզվից, և հենց դրանով էլ, տարբերությունների կողքին, ունի նաև շատ ընդհանրություններ այդ լեզվաընտանիքի մյուս լեզուների, հատկապես, հունարենի և պարսկերենի հետ: Այդ ընդհանրություններն ի հայտ են եկել նաև հարևան ժողովուրդների միջև բնական փոխազդեցության արդյունքում տեղի ունեցած լեզվական փոխառություններից:

Իսկ ալթայան լեզվաընտանիքի թյուրքական լեզվախմբին պատկանող թուրքերենի և ադրբեջաներենի հետ հայերենը չունի այդչափ ընդհանրություններ: Իհարկե, թուրքերենից հայերենի որոշ բարբառներ ու խոսվածքներ ներթափանցել են բառեր, արտահայտություններ (երևի հենց դրանք են հարցվողներին շփոթեցրել), սակայն գրական հայերենում դրանք գրեթե չեն արտացոլվել:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:30 Մայիս 14, 2015

Ամենաընթերցված նյութեր