Հեռուստատեսությունը մնում է տեղեկություն ստանալու ամենանախընտրելի աղբյուրը

Սկզբում զանգվածային լրատվության հիմնական աղբյուրը տպագիր մամուլն էր՝ թերթը, հետո հայտնվեց ռադիոն, ապա մեդիա-դաշտում հեղափոխություն իրականացրեց հեռուստատեսությունը, իսկ համեմատաբար վերջերս մի նոր հեղաշրջում է սկսել համացանցը …

Որքանո՞վ են այս մեդիա-հեղափոխություններն ազդել մեր համաքաղաքացիների վրա, որո՞նք են այսօր նրանց համար լրատվության հիմնական աղբյուրները:

ԲԱՐՈՄԵՏՐԸ երևանցիներին խնդրեց նշել տեղեկատվություն ստանալու երեք գլխավոր աղբյուրները: Արդյունքները որքան սպասելի էին, նույնքան էլ՝ անսպասելի:

Սպասելի էր, որ հեռուստատեսությունը՝ որպես տեղեկություն ստանալու 1-ին միջոց նշել են հեռուստատեսությունը: Զանգվածային լրատվության այդ միջոցը 1-ին տեղում նշել է հարցվածների 60%-ից ավելին: Հեռուստատեսությունը միակն է, որից հայաստանյան քաղաքական իրադարձությունների մասին տեղեկանում է երևանցիների մեծամասնությունը: Այս ԶԼՄ-ն առավել նախընտրելի է կանանց համար: Ըստ որում, այն լրատվության առաջնային միջոց է առավելապես 45-60 տարեկանների մոտ:

2-րդ տեղում համացանցն է՝ համացանցային լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը: Որպես լրատվության ստացման 2-րդ միջոց այն նշել է հարցվածների 28%-ը: Դժվար չէ կռահել, որ լրատվության այս միջոցն ամենից ավելի նախընտրելին է 18-29 տարեկանների համար: Բայց հետաքրքիր է նաև, որ կանայք կրկին սա ավելի են նախընտրում, քան տղամարդիկ:

Եվ, վերջապես, որպես քաղաքական լրատվության ստացման 3-րդ հիմնական միջոց մեր համաքաղաքացիների 24%-ից քիչ ավելին նշել է … ծանոթ/բարեկամ/հարևաններին: Որպես 3-րդ լրատվամիջոց՝ այս տարբերակը նախընտրողների բացարձակ մեծամասնությունը տղամարդիկ են, իսկ ըստ տարիքային խմբերի, այսպիսի կենցաղային շփումները որպես քաղաքական անցուդարձի մասին տեղեկատվության հիմնական աղբյուր առավելապես տանխընտրում են 45-60 տարեկան անձինք:
Այսպիսով, ակնհայտ է, որ հեռուստատեսությունը մնում է մեր համաքաղաքացիների համար զանգվածային լրատվության ստացման հիմնական միջոցը: Սակայն նկատելի է նաև, որ երիտասարդների մոտ ավանդական այդ ԶԼՄ-ին մարտահրավեր է նետել համացանցը:

Գուցե պետք չէ զարմանալ, որ պետական ու տեղական կառավարման ինստիտուտների համեմատությամբ (բացառությամբ՝ ՀՀ Զինված ուժերի), բարեկամներին ու ընկերներին անհամեմատ ավելի շատ վստահող մեր համաքաղաքացիների մի նշանակալի հատվածի համար հեռուստատեսությունից ու համացանցից հետո նշանակությամբ 3-րդ լրատվության աղբյուրը ևս բարեկամ-ընկերներն են:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

15:07 Մայիս 06, 2015

Ամենաընթերցված նյութեր