Որո՞նք են հայկականին առավել մոտ մշակույթները

Նախորդ ակնարկներում մենք խոսեցինք այն մասին, որ մեր համաքաղաքացիների բացարձակ մեծամասնությունը համարում է, որ հայերն իրենց և՛ բարձր մշակույթով, և՛ կենցաղով բացառապես հայ են՝ ո՛չ կովկասցի են, ո՛չ եվրոպացի, ո՛չ էլ ասիացի: Ըստ որում, այդպես կարծում է բոլոր տարիքային խմբերի թե՛ արական, թե՛ իգական սեռերի ներկայացուցիչների մեծամասնությունը:

Բայց մի՞թե նույն մեծամասնությունը ոչ մի ընդհանրություն չի տեսնում որևէ այլ մշակույթի հետ: ԲԱՐՈՄԵՏՐԻ հարցախույզի արդյունքները ցույց են տալիս, որ այս հարցում հասարակության մեջ մեծամասնություն ընդհանրապես չկա: Կան միայն մշակույթներ, որոնք "քիչ թե շատ" ընդհանրություն ունեն հայկականի հետ: Որո՞նք են դրանք: 

Կարելի էր ենթադրել, որ հարցվածներն առաջինը կհիշատակեն ԽՍՀՄ-ի մշակութային ժառանգությունը՝ հետխորհրդայինը, կամ գոնե վերջին 20 տարում տարփողված եվրոպականը: Բայց, ո՛չ, երևանցիների հարաբերական մեծամասնությունն ամենաշատ ընդհանրությունը տեսնում է ասիակա՛ն մշակույթի հետ: Եվ ոչ թե վերջինիս մաս կազմող իրանականի, թուրքականի կամ արաբականի, այլ հենց ընդհանրական ասիականի հետ: 2-րդ տեղում էլ տեսնում ենք ոչ թե հետխորհրդայինը կամ դրան մոտ արևելաեվրոպականը, այլ արևմտաեվրոպականը: Իսկ 3-րդ և 4-րդ տեղերն զբաղեցնում են, համապատասխանաբար, հետխորհրդայինն ու դրա մաս կազմող ռուսականը:

Ուշագրավ են նաև սեռատարիքային նախապատվությունները: Այսպես, ասիականի հետ ընդհանրություն ավելի շատ տեսնում են տղամարդիկ, քան կանայք, արևմտաեվրոպականի հետ՝ հակառակը, կանայք: Տարօրինակ է, որ եթե հետխորհրդայինի հետ ընդհանրություն տեսնող կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ, ապա ռուսականի հետ ավելի շատ ընդհանրություններ տեսնում են արական սեռի ներկայացուցիչները:

Ասիական մշակույթի հետ ընդհանրություն տեսնողների հարաբերական մեծամասնությունը 18-29 տարեկան երիտասարդներն են, արևմտաեվրոպականի հետ՝ 61 և բարձր տարիքի ներկայացուցիչները: Հետխորհրդայինի հետ ամենաքիչ ընդհանրություն տեսնում են 30-44 տարեկանները. մյուս բոլոր տարիքային խմբերը գրեթե նույն չափով ընդհանրություն տեսնում են: Իսկ ռուսականի հետ, որքան էլ տարօրինակ է, ամենաքիչն ընդհանրություն տեսնում են 61 և բարձր տարիքի անձինք:

Այսպիսով, հայկականի հետ ասիական մշակույթի ընդհանրություն տեսնում են երիտասարդները, իսկ արևմտաեվրոպականի հետ՝ տարեցները: Եվ եթե ասիական մշակույթը հայկականին ավելի մոտ համարում են հիմնականում տղամարդիկ, ապա արևմտաեվրոպականը՝ կանայք:

Ահա այսպիսի խիստ բևեռացված և անսպասելի նախապատվություններ …

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:00 Ապրիլ 18, 2015

Ամենաընթերցված նյութեր