Եթե ես հայ չլինեի

Հայտնի է, որ իրենց կյանքի ընթացքում բազմաթիվ մարդիկ հայտնվում են ինքնության ճգնաժամի մեջ, այնպիսի ճգնաժամի, որը հաճախ պայմանավորված է լինում կա՛մ իրենց ազգային պատկանելության փաստով, կա՛մ ազգային պատկանելությունը որոշել չկարողանալու պատճառով (այս դեպքում խոսքը խառնամուսնությունների արդյունքում ծնվածների մասին է, օրինակ՝ հայի և ռուսի, հայի ու հույնի և այլն):

Ասվածը բացառություն չէ նաև հայաստանյան իրականության պարագայում, քանզի մեզանում կան այնպիսիք, ովքեր մեր իրականության թերիները տեսնելով՝ շտապում են դրանք բացատրել հայոց ազգային նկարագրով և ամաչում են հայ լինելու համար: Ավելին, շատերն իրենց դժբախտությունների պատճառն անարդարացիորեն տեսնում են իրենց ազգային պատկանելության մեջ և պատրաստ են ջանք ու եռանդ չխնայել հանուն այն ազգի քննադատության, որին իրենք են պատկանում: Իհարկե նման մոտեցումները քննադատության չեն դիմանում, քանզի մերօրյա հայի կերպարը բնավ էլ այն հայի կերպարը չէ, որը, օրինակ, տրված է մեր ազգային էպոսում և հոգևոր մշակույթի այլ արժեքավոր կոթողներում:

Կասկածից վեր է, որ մեզանում կան այնպիսիք, ովքեր չէին հրաժարվի ուրիշ ազգի ներկայացուցիչ լինել: Սակայն նմաններն ըստ էության բաժանվում են երկու մեծ խմբերի. մարդիկ, ովքեր չէին ցանկանա հայ լինել ու կնախընտրեին այլազգի լինելը և մարդիկ, ովքեր հայ չլինելու դեպքում ՄԻԱՅՆ կնախնըտրեին այլազգի լինելը: Սակայն այն, թե որ ազգերն են նախապատվելի հայերի (երևանցիների) համար, այնքան էլ պարզ չէ: Այս տեսանկյունից ուշագրավ է ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած հետազոտությունը, որի նպատակն էր պարզել, թե երևանցիները (բնականաբար՝ հայ) հայ չլինելու դեպքում ո՞ր ազգի ներկայացուցիչ կցանկանային լինել:

Հարկ է նշել, որ հարցվածները տարբեր ազգեր են նշել (տե՛ս գրաֆիկ), սակայն առաջատարները ռուսներն են (21.3%), իտալացիները (16.2%), ֆրանսիացիները (11.1%) և իսպանացիները (9.4%): Իսպանացիներից փոքր-ինչ զիջում են ամերիկացիները՝ 6.8% (հարցվողները հավանաբար նկատի ունեին ԱՄՆ քաղաքացի լինելը), անգլիացիները՝ 6.8%, հույները՝ 6.8%, հրեաները՝ 5.5% և գերմանացիները՝ 5.1%:

Ստացված արդյունքները բավականին ուշագրավ են և, անշուշտ, կարող են առանձին հետազոտության նյութ հանդիսանալ, սակայն առաջին հայացքից էլ պարզ է դառնում, որ հայերի համար նախընտրելի ազգերը սովորաբար աչքի են ընկնում կա՛մ միջազգային մակարդակի քաղաքական ակտիվ դերակատարությամբ, տնտեսական զարգացածությամբ, կա՛մ հայտնի են իրենց գեղեցկությամբ, կա՛մ մեր հետ ունեցած մշակութային որոշակի ընդհանրություններով, կա՛մ էլ բոլորը միասին վերցրած: Իհարկե, հարցվածների ընտրությունը չի կարելի բացատրել սոսկ վերը թվարկված գործոններով, սակայն դրանք ևս իրավունք ունեն գոյության ունենալ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:30 Ապրիլ 10, 2015

Ամենաընթերցված նյութեր