Իսկ դուք ամենօրյա նիստուկացով կովկասցի՞ եք, ասիացի՞, եվրոպացի՞ ... թե՞ հայ

Նախորդ ակնարկում  պարզեցինք, որ մեր համաքաղաքացիների բացարձակ մեծամասնությունը բարձր մշակույթի տեսանկյունից չի ինքնանույնացվում ո՛չ կովկասցու, ո՛չ ասիացու, ո՛չ էլ եվրոպացու կերպարի հետ: Իսկ ո՞ր ժողովուրդների հետ ենք ընդհանրություն տեսնում մեր ամենօրյա նիստուկացի տեսանկյունից:

ԲԱՐՈՄԵՏՐԻ երևանյան հարցախույզի արդյունքների համաձայն (տե՛ս Գրաֆիկը), կենցաղային մշակույթի առումով ևս մեր համաքաղաքացիների բացարձակ մեծամասնությունն ինքն իրեն բացառապես հայ է համարում:

Ինչպես նախորդ՝ բարձր մշակույթի դեպքում, ամենօրյա նիստուկացի դեպքում ևս մեր համաքաղաքացիները համեմատաբար ավելի շատ ընդհանրություններ են տեսնում կովկասցու, ասիացու, ապա՝ եվրոպացու հետ: Բայց այստեղ նկատում ենք մի հետաքրքիր առանձնահատկություն. թեև կենցաղով ևս երևանցիների բացարձակ մեծամասնությունն իրեն բացառապես հայ է համարում, բայց այս հարցում ասիացու և եվրոպացու հետ ընդհանրություն ավելի շատ մարդիկ են տեսնում, քան բարձր մշակույթի դեպքում էր: Ուշագրավ է նաև, որ և՛ մշակույթի, և՛ կենցաղի առումով կովկասցու հետ ընդհանուր ինքնություն կիսող մեր համաքաղաքացիների թիվն անփոփոխ է:

Եթե բարձր մշակույթի ընդհանրությունները տեսնելու համար պետք է լավատեղյակ լինել, ուսումնասիրել այլ ժողովուրդների մշակույթը, ապա կենցաղային ընդհանրությունները տեսնելու գլխավոր պայմանը երկարատև ու կայուն շփումն է տվյալ ժողովրդի ներկայացուցիչների հետ: Վերը բերված տվյալներից պետք է ենթադրել, որ մեր համաքաղաքացիների մի մասն ունի/ունեցել է կայուն շփումներ կովկասյան, ասիական և եվրոպական ժողովուրդների հետ: Անկախ նրանից՝ այդպես է, թե ոչ, ինչպես արդեն նշել ենք, կարևորը սուբյեկտիվ ինքնանույնացումն է:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:18 Ապրիլ 08, 2015

Ամենաընթերցված նյութեր