Ցանկալի երկրներ կամ ո՞ր պետության քաղաքացի դառնալ

ՀՀ-ում աղքատության բարձր մակարդակը, բարեկեցիկ կյանք կերտելու պայմանների գրեթե բացակայությունը, արտագաղթի ահագնացող տեմպերն ու շատ այլ գործոններ որոշակիորեն բացասաբար են ազդում սեփական պետության հանդեպ քաղաքացիների վստահության աստիճանի վրա: Եվ բնավ պատահական չէ, որ նույնիսկ կան մարդիկ, որոնք հրաժարվում են իրենց քաղաքացիությունից՝ նախընտրելով այլ պետության քաղաքացի դառնալը կամ էլ, որպես "չարյաց փոքրագույն", երկքաղաքացիության հնարավորություններից օգտվելը:

Այն, որ Հայաստանում նման մարդիկ կան, կարծում ենք կասկածից վեր է: Սակայն այնքան էլ պարզ չէ, թե որ ՀՀ քաղաքացիների համար որ պետություններն են նախապատվելի որպես հնարավոր ապագա քաղաքացիության երկիր: Այս հարցի հետ կապված երևանցիների շրջանում ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիների համար նախապատվելի են Ռուսաստանի Դաշնության (20.9%), ԱՄՆ-ի (17,3%), ԵՄ երկրների (23.9%), Շվեյցարիայի (7%) քաղաքացի դառնալը (տես գրաֆիկ): Ճիշտ է՝ ԵՄ երկրներն առանձին թվարկված չեն և կարելի է ենթադրել, որ դրանց մեջ հարցվածները ամենից առաջ նկատի են ունեցել զարգացած պետությունները, այլ ոչ, ասենք, Բուլղարիան, կամ օրինակ՝ Հունաստանը և այլն:

Ինչ վերաբերում է առաջատար քառյակի պետություններին, ապա դրանք աչքի են ընկնում տնտեսական մեծ պոտենցիալով կամ զարգացածությամբ, բարեկեցության բարձր մակարդակով (բացառությամբ ՌԴ-ի) և որոշակիորեն համաշխարհային մակարդակի խաղացողներ են: Ստացվում է, որ մեր քաղաքացիները նախընտրում են այնպիսի երկրներ, որոնց քաղաքացի դառնալով իրենց հետևում կզգան պետության զորեղությունը կամ հնարավորություն կունենան ապահովել քիչ թե շատ բարեկեցիկ կյանք: Անշուշտ, երևանցիների այսօրինակ ընտրությունը կարող է պայմանավորված լինել նաև այլ գործոններով, սակայն նշվածները, կարծում ենք, կարող են հավակնել հիմնականների կարգավիճակին:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հարցման արդյունքները մեջ ուշագրավ ու մտահոգիչ է այն, որ հարցվածների ընդամենը 20 %-ն է նշել, թե այդպիսի երկրներ չկան: Այսինքն՝ չկան այնպիսի պետություններ, որոնց քաղաքացի դառնալը երևանցիները հնարավորության դեպքում կնախընտրեին: Իսկ այս ցուցանիշը հուշում է այն մասին, որ հարցվածների շուրջ 80%-ը հնարավորության դեպքում նման նախընտրությունից սկզբունքորեն պատրաստ է չհրաժարվել (վստահաբար պետք է նշել, որ այդ տոկոսը էապես ցածր կլիներ, եթե հարցադրումը վերաբերեր ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուն և այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելուն, այսինքն` բացառվեր երկքաղաքացիության տարբերակը): Իհարկե, սա չի վկայում այն մասին, որ այդ 80%-ը անվերապահորեն պատրաստ է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Պարզապես խնդիրն այն է, որ ՀՀ-ն պետք է շարունակի զարգանալ այնպես, որ այդ 80%-ը շարունակաբար նվազի:

 

Բարոմետր

09:57 Մարտ 27, 2015

Ամենաընթերցված նյութեր