Երևանցին դեղորայք գնելիս

Շատ հաճախ ենք մենք լսում քնադատություններ ուղղված դեղատներին թե՛ ԶԼՄ-ների, թե՛ հասարակ մարդկանց կողմից: Դա հասկանալի է, քանի որ այդ դեղատները հանդիսանում են մարդկանց դեղորայք ապահովելու շղթայական օղակի վերջին կետը: Ամբողջ բացասականը, որը հավաքվում է մարդու մոտ` սկսած հիվադության առաջին ախտանիշներից, մինչև բժշկի այցելելը, մարդը "թողնում է" դեղատներում, իհարկե հաճախ նաև ոչ անտեղի: Հիվանդության ախտանիշի ի հայտ գալու և բժշկին այցելության ժամանակ հիվանդին միշտ մտահոգում է այն հարցը` արդյոք ի՞նչ կարժենա դեղորայքը, որը կնշանակվի բժշկի կողմից: Մյուս կարևոր հանգամանքը, որը մտահոգում է մարդուն, դա անհրաժեշտ դեղորայքի որակն է: Սակայն, ակնհայտ է, որ Հայաստանում գործող դեղատները վաճառքում ունենում են շատ տարբեր որակի դեղորայք, որոնք հիմնականում ուղիղ համեմատական են առաջարկվող գներին:

ԲԱՐՈՄԵՏՐԸ որոշեց պարզել թե երևանցիները ո՞ր դեղատներից են նախընտրում օգտվել դեղորայք գնելիս: Նշենք, որ ըստ դեղատների ցանցերի պաշտոնական կայքէջերի Երևան քաղաքում ամենաշատ դեղատներ ունեն "Ալֆա Ֆարմ" դեղատների ցանցը` 65 դեղատուն և "Նատալի Ֆարմը"՝ 43 դեղատուն:

Այսպես, պարզվում է` հարցվողների մոտ 34%-ը դեղորայք գնում է առաջին պատահած դեղատնից: Այսինքն, երևանցիների 1/3-ին չի հետաքրքրում դեղատան անունը, հեղինակությունը կամ այլ պայմաններ: Ենթադրում ենք, որ այս հարցվողների մեջ քիչ թիվ չեն կազմում նրանք, ովքեր դեղատան ընտրության հարցում կարևորում են ոչ թե դեղատան անունը, այլ դեղի գինը, բայց այդ մասին չեն բարձրաձայնում:

Հարցվողների ավելի քան 25%-ը դեղորայք գնելիս նախապատվություն են տալիս "Նատալի Ֆարմ"-ին, իսկ 15.7%-ը "Ալֆա Ֆարմ" դեղատներին: Երևանցիների 11.5%-ը դեղորայք գնում է "Գեդեոն Ռիխտեր" դեղատների ցանցից (20 դեղատուն), իսկ 1.6%-ը` "Էսկուլապ" դեղատների ցանցից (23 դեղատուն):

Հարցվողների 7.2%-ը հստակ նշել է, որ դեղորայք գնում է համեմատաբար էժան գին առաջարկող դեղատներից, ևս՝ 4.5%-ը՝ ծանոթ դեղատներից, որը կարծում ենք նույնպես աղերսներ ունի դեղերի գնի հետ:

Եթե հաշվի առնենք նաև այն, որ խոշոր դեղատների ցանց ունեցող դեղատները միևնույն ժամանակ նաև դեղերի խոշոր ներկրողներն են Հայաստանում և հնարավորություն ունեն դեղատներում մանրածախ վաճառքի համեմատաբար մատչելի գին առաջարկել, ապա հարցվողների պատասխանների առավել խորը ուսումնասիրումը բացահայտում է, որ դեղերի գինն այնուամենայնիվ ամենակարևոր պայմանն է հարցվողների մեծամասնության համար՝ դեղորայք գնելիս: Սա իհարկե նախևառաջ պայմանավորված է մեր երկրի սոցիալ-տնտեսական իրողություններով, ինչից էլ, ցավոք ոչ հազվադեպ, օգտվում են որոշ անբարեխիղճ դեղավաճառներ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:57 Մարտ 25, 2015

Ամենաընթերցված նյութեր