Ընդդիմադիր գործիչներ կարծես թե կան, իսկ ընդդիմությո՞ւն…

Ընդդիմության փնտրտուքը սպառնում է դառնալ մեր քաղաքական դաշտի անկյունաքարային խնդիրներից մեկը: "Ո՞ր քաղաքական ուժն է, կամ ո՞վ է ներկայացնում ընդդիմությունը" հարցադրումները վաղուց դուրս են եկել բացառապես քաղաքագետների ուսումնասիրությունների տիրույթից և տեղափոխվել են հասարակության լայն շերտերի հետաքրքրությունների դաշտ: Հենց այստեղ խառնաշփոթը` հնարավոր հարցերի և չեղած պատասխանների առումով, ավելի ընգծված է: Իսկ որոնք են ընդդիմության վերաբերյալ հանրային ընկալման մեջ ձևավորված քաոսի հիմնական պատճառները: Այս խնդիրն իրականում շատ ավելի խորը ուսումնասիրության և վերլուծության նյութ է, որը ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական խումբը կիրականացնի մեկ այլ առիթով: Իսկ նախորդ ամիս Երևանում անցկացված զանգվածային հարցման շրջանակներում ԲԱՐՈՄԵՏՐԸ պարզել է, թե մեր համաքաղաքացիները քաղաքական գործիչներց ո՞ւմ են համարում ամենաընդդիմադիրը:

Մինչ որևէ կոնկրետ գործչի անունը նշած պատասխաններին անդրադառնալը, հարկ է արձանագրել, որ հարցվողների 46%-ը (տես գրաֆիկ) դժվարացել է վերոնշյալ հարցին պատասխանել, այսինքն՝ ընդդիմադիր գործիչ, որպես այդպիսին, չի տեսնում: Հատկանշական է, որ այս ցուցանիշը ավելի քան 22%-ով փոքր էր, քան արձանագրվել էր քաղաքական ուժերի պարագայում: Նման շոշափելի տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարցվողների համար, որպես կանոն, անհատական մակարդակում կողմնորոշվելն ավելի դյուրին է, քան կազմակերպությունների հարթության վրա: Ակնհայտ է, որ վերջինի դեպքում նրանք անհամեմատ մեծ ծավալի տեղեկատվության պետք է տիրապետեն: Այս առումով միանգամայն պարզ է, որ մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և նրա հիմնադրած Քաղաքացիական համաձայնագրի գործունեության վերաբերյալ հանրային ընկալումները բնավ չեն կարող նույնական լինել: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամին  հարցվողների մոտ 16%-ն է համարում ամենաընդդիմադիր քաղաքական գործիչը: Իրականում  Նիկոլ Փաշինյանը չլինելով տարաբնույթ ընդդիմադիր ու ոչ իշխանական ֆորմատների մեջ, զգալի չափով սահմանափակել է իր հրապարակային գործունեության շրջանակը: Սակայն նույնիսկ այս պայմաններում նրա ընդդիմադիրի հանրային ընկալումը բարենպաստ դիրքերում է:

Գրաֆիկ: Ամենաընդդիմադիր քաղաքական գործիչըները

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի "ամենաընդդիմադիրի" վարկանիշը նույնպես գտնվում է Նիկոլ Փաշինյանի հետ նույն մակարդակի վրա: Ճիշտ է վերջինի հետ համեմատությամբ ԲՀԿ նախագահը շատ ավելի ակտիվ ներգրավված է բացահայտ ընդդիմադիր շեշտադրումներ ունեցող կոալիացիաների և շարժումների մեջ` հանդիսանալով դրանց լեգիտիմ առաջնորդը, սակայն հասարակությունը դեռևս նրան այնքան էլ չի ընկալում իրական ընդդիմադիր գործիչների շարքում:

Անհամեմատ ավելի ցածր են ոչ իշխանական եռյակի առավել արմատական թևի ներկայացուցիչների` ՀԱԿԿ-ի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի "ամենաընդդիմադիրի" ինդեքսները: Առաջինը ավելի քան երկու անգամ, իսկ երկրորդը` մոտ երեք անգամ է զիջում Գագիկ Ծառուկյանի վարկանիշին: Փաստորեն այս հարթության վրա ՀՀ նախագահի  2008թ. և 2013թ. ընտրություններում ընդդիմության հիմնական թեկնածուները զգալիորեն զիջել են իրենց դիրքերը, ինչը, ըստ էության, այն հարցի պատասխանն է, թե ինչո՞ւ է ոչ իշխանական եռյակի լիդերներից հենց ԲՀԿ առաջնորդը միանձնյա ձևավորում և առաջնորդում համաժողովրդական շարժումը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ 

10:15 Հունվար 30, 2015

Ամենաընթերցված նյութեր