1+12 աթոռ

Յուրաքանչյուր վարչական շրջան` լինի մարզ, քաղաք, գյուղ թե թաղամաս ղեկավարվում է կամ նշանակովի, կամ ընտրովի վարչական շրջանի ղեկավարի կողմից: Այնտեղ որտեղ կա ղեկավար և ղեկավարվողներ, բնականաբար պետք է լինի բազմակարծություն՝ ղեկավարման համակարգի և ղեկավարի մասին:

Թե որքանով են Երևանցիները գոհ Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, կամ ինչպես մինչ այժմ ավելի հաճախ կիրառվում է ՝  թաղապետարանների գործունեությունից, ներկայացվել է  ԲԱՐՈՄԵՏՐԻ նախորդ ակնարկներից մեկում:  Իսկ թե ինչպես են մեր համաքաղաքացիները գնահատում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և իրենց վարչական շրջանի ղեկավարի աշխատանքը, պարզվել է Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի կողմից  Երևանում 2014 թվականի դեկտեմբեր ամսին իրականացված հետազոտության արդյունքում:

Ավանի թաղապետ լինելու ընթացքում էլ Տարոն Մարգարյանի վարկանիշը բավականին բարձր էր: Տարիներ անց, արդեն քաղաքապետի պաշտոնում նա նույնպես արժանացել է համաքաղաքացիների համակրանքին: Տարոն Մարգարյանի միջինացված գնահատականը երևանցիների կողմից բավականին բարձր է՝ 4.1: Հատկանշական է, որ չկա որևէ վարչական շրջանի ղեկավար, որի վարկանիշն իր ղեկավարած տարածքում  ավելի բարձր լինի, քան քաղաքապետի վարկանիշը ողջ Երևան քաղաքում:

Վերջին 1 տարվա ընթացքում Երևանում հետաքրքիր "վերաբնակեցում" է նկատվում: Քաղաքի կենտրոնից մեր համաքաղաքացիները դեպի  ծայրամասեր են տեղափոխվում, ինչը չի կարելի ասել, որ արվում է կյանքի որակի բարձրացման նպատակով: Ավելի բազմակողմանի գնահատելու համար հետազոտության արդյունքները, դրանք դիտարկվել են 2013-2014թթ. Երևանի վարչական շրջանների բնակչության թվաքանակի փոփոխությունների համատեքստում: Այն թաղամասերում, որտեղ համայնքի ղեկավարի աշխատանքը ամենաբարձրն է գնահատվել (Ավան՝ 4, Դավիթաշեն՝ 4),  որը փաստում է բնակչության գոհունակության մասին, վերջին 1 տարվա ընթացքում բնակչության թիվը փոխարեն աճելուն` նվազել է (Ավան 2013թ. 53.3 հազար մարդ, 2014թ. 53.1 հազար մարդ): Դավիթաշենում բնակչության թիվը մնացել է նույնը՝ 42.5 հազար մարդ: Մեր համաքաղաքացիները համեմատաբար բարձր գնահատականի են արժանացնում իրենց վարչական շրջանի ղեկավարի աշխատանքը Կենտրոնում՝ 3.4  և Արաբկիրում՝ 3.3  (բնկաչությունը՝ 2013թ. Կենտրոն 126.0 հազար մարդ, 2014թ. 125.8 հազար մարդ, Արաբկիր 2013թ. 117.2 մարդ 2014թ. 116.7 հազար մարդ), բայց  գիտակցված տեղափոխվում են ավելի ծայրամասային շրջաններ, որտեղ բնակչությունն այդքան էլ գոհ չի իր վարչական շրջանի ղեկավարի աշխատանքից:

Այս տեսանկյունից ավելի բարենպաստ պայմաներում գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, որի ղեկավարի աշխատանքը գնահատվել է 3.4, իսկ բնակչության թիվը 2014թ.-ին 2013թ-ի համեմատ 133.7 հազարից աճել է 134.4 հազարի: Միջին 3 գնահատականի են արժանացել Նոր Նորքի, Շենգավիթի, Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի, մի փոքր ավելի քիչ՝ Նորք Մարաշի և Էրեբունու ղեկավարները՝ 2.9 : Ամենացածր գնահատականին են արժանացել Աջափնյակի՝ 2.6 և Նուբարաշենի՝ 2.3  ղեկավարները:

Նշենք նաև, որ իրենց վարչական շրջանի ղեկավարի աշխատանքը բարձր գնահատականի արժանացրած թաղամասերում՝ Ավան, Դավթաշեն, բնակվում են 95.6 հազար մարդ, ցածր գնահատական ստացած շրջաններում՝ Աջափնյակ, Նուբարաշեն, բնակվում է 118.5 հազար մարդ: Մնացացած  երևանցիները բնակվում են այնպիսի վարչական շրջաններում, որտեղ ղեկավարի աշխատանքը հարցվողների կողմից գնահատվել է միջին գնահատականով:

Նորություն ասած չենք լինի, եթե ևս մեկ անգամ հիշեցնենք, որ Երևանը միայն կենտրոնը չէ, ծայրամասերը նույնպես Երևան են: Սխալված չենք լինի նաև, եթե կրկնենք նախորդ ակնարկներից մեկում բերված միտքը. երևանցիները կարողանում են համեմատել, և այստեղ է, որ նրանց մոտ բնական հարց է առաջանում` ինչու են X շրջանում բակերն ու փողոցներն ավելի բարեկարգ, քան իրենց մոտ: Եվ եթե այնտեղ ավելի լավ է, քան իրենց մոտ, ստացվում է, որ նրանք ավելի արդյունավետ են տնօրինում միջոցները:    

 

Հ.Գ. Նշենք նաև, որ վերոնշյալ վերլուծությունը կառուցվել է ոչ միայն բնակչության թվի փոփոխությունների, այլև մահացության և ծնելության հարաբերության, ինչպես նաև արտագաղթի ցուցանիշների հաշվարկման արդյուքնում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:01 Հունվար 27, 2015

Ամենաընթերցված նյութեր