Հայերը զինակի՞ց են փնտրում, թե՞ փրկիչ

Զինակիցներ եւ ոչ բարերարներ - այդ նշանակում է, թէ հայն արի է եւ ինքնապաշտպանւելու, պատերազմելու ընկեր է փնտրում: Քաջի իրաւունքն է դա, նրա, որ վճռել է մենա՛կ յաղթել եւ զինակցում է միայն աւելի հեշտ յաղթելու համար: Արի՛ ժողովուրդ - սրան են միայն զինակցում, ձեռք մեկնում պետութիւնները:

Գ. Նժդեհ, "Բաց նամակներ հայ մտաւորականութեան", 1929թ.

 

Մեծ ռազմավար-փիլիսոփայի այս խոսքերը, ցավոք, այսօր էլ շարունակում են արդիական մնալ հայ քաղաքական մտքի համար: Նժդեհը մակաբույծ և պատմության մեջ տեղ ունենալուն անարժան է համարում այն ժողովուրդներին, որոնք իրենց ինքնապաշտպանության հույսը կապում են օտարի հետ: Դաժան և պատմականորեն հիմնավորված ճշմարտություն, ու ոչ միայն մեզ` հայերիս համար: Ցավոք, այսօր էլ մեզանում քիչ չեն անհատներ, անգամ` քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ, որոնք ոչ միայն Հայաստանի ապագան, այլ անգամ Արցախյան ազատամարտում ունեցած հաղթանակը կապում են օտարի հետ: "Ռուսը (ամերիկացին, եվրոպացին և այլն) չլինի` մենք կորած ենք" - ահա սա՛ է ժողովրդին դեպի պարտվողականություն և մակաբուծություն տանող մտայնությունը ...

2011թ. "Կովկասյան բարոմետրը" հարցախույզ էր անցկացրել` պարզելու, թե որ երկրի առավել ներգրավվածությունն են հայաստանցիները համարում ցանկալի Արցախյան հիմնախնդրի լուծման համար: Ռուսաստանի առավել ներգրավվածությունը ցանկալի էր համարել հարցվածների գերակշիռ մեծամասնությունը (72%): Երկրորդ տեղում Ֆրանսիան է (կողմ 49%, դեմ 34%), ապա` ԵՄ-ն (կողմ 43%, դեմ 38%): ԱՄՆ-ի առավել ներգրավվածությանը հայաստանցիներն ավելի շատ դեմ են (48%), քան` կողմ (36%): իսկ ամենաանցանկալին Թուրքիայի առավել ներգրավվածությանն է (կողմ 8%-ը, դեմ 77%):

ԲԱՐՈՄԵՏՐԻ 2014թ. երևանյան հարցախույզը ցույց է տալիս էական փոփոխություններ հանրային նախապատվությունների հարցում. վերոնշյալ բոլոր երկրները նշանակալիորեն կորցրել են հանրային վստահությունը:

ՌԴ-ի աջակցությանը հավատացողները կրկին մեծամասնություն են կազմում, սակայն այս անգամ ոչ թե գերակշիռ, ոչ էլ անգամ բացարձակ, այլ հարաբերական: ԱՄՆ-ն առաջ է անցել Ֆրանսիայից, իսկ երրորդ տեղում հայտնվել են միայն սեփական ուժերին ապավինողները: Հետաքրքրական են նաև սեռատարիքային տվյալները: Այսպես, ՌԴ-ն նախապատվելի են համարում և՛ կանանց, և՛ տղամարդկանց բացարձակ մեծամասնությունը, բայց տղամարդիկ մի փոքր ավելի, քան կանայք: Նրա հետ հույսեր է կապում բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչների կրկին բացարձակ մեծամասնությունը, բայց ավելի շատ 30-39 տարեկանները: ԱՄՆ-ին ու Ֆրանսիային կանայք ավելի շատ են նախապատվություն տալիս, քան տղամարդիկ, և նրանց աջակցողներն առավելապես 18-39 տարեկաններն են: Միայն սեփական ուժերին ապավինողների սեռատարիքային տվյալները գրեթե նույնական են, իսկ այդպիսի մոտեցումն առավել տարածված է 40-ից բարձր անձանց շրջանում:

Այս տվյալներն ինքնին հստակ չեն պարզում` հայաստանցիների որ մասն է զինակից, որ մասը` արտաքին հովանավոր փնտրում: Բայց, համադրելով այս ու արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին (օրինակ` սա, սա, սա և սա) տվյալները, կարող ենք պնդել, որ այս կամ այն արտաքին դերակատարի հետ հույսեր կապողների մի մասը նրանց մեջ տեսնում է ոչ թե պարզապես զինակից, այլ հովանավոր (գուցե նաև փրկի՞չ):

Հուսանք և ամենքս մեր կարողությունների չափով այնպես անենք, որ մեր հասարակության (առաջին հերթին` քաղաքական էլիտայի) մեջ նշանակալի թիվ կազմեն միայն սեփական ուժերին ապավինող և դրսում միայն զինակից, այլ ոչ թե փրկիչ փնտրող անհատները:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:10 Հունվար 23, 2015

Ամենաընթերցված նյութեր