Ո՞վ է զինում իմ թշնամուն

Վերջերս հայկական մեդիա-դաշտում լայն քննարկումների առարկա դարձավ Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի "Ռազմականացման համաշխարհային ցուցիչ-2014" զեկույցը, որի համաձայն, աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում Հայաստանն զբաղեցնում է 3-րդ տեղը` զիջելով միայն Իսրայելին և Սինգապուրին, մինչդեռ մեր գլխավոր թշնամի համարվող Ադրբեջանն զբաղեցնում է 10-րդ տեղը: Առաջին հայացքից, կարելի է նշանակալի ձեռքբերում համարել այն, որ ՀՀ-ն կրկնկակոխ հետևում է տարածքով (Արցախը ներառյալ) իրենից մոտ 2 անգամ փոքր, բայց մոտ 2.5 անգամ ավելի բնակչություն ունեցող անապատային Իսրայելին և տարածքով իրենից մոտ 55 անգամ փոքր, բայց մոտ 1.5 անգամ ավելի բնակչությություն ունեցող կղզային Սինգապուրին` երկրներ, որոնք առաջատար տեղ են զբաղեցնում աշխարհի զարգացած և բաց հասարակություն ունեցող պետությունների շարքում: Սակայն հաշվարկի մեթոդաբանությունից պարզ է դառնում, որ գնահատման հիմնական չափորոշիչներն են ա. ռազմական ծախսերի համար հատկացվող գումարի չափը` ՀՆԱ համեմատությամբ, բ. զինվորական անձնակազմի թվաքանակը` բնակչության թվի համեմատությամբ և գ. ծանր տեխնիկայի թվաքանակը` բնակչության թվի համեմատությամբ: Կոպիտ և "սև հումորով" ասած` արտագաղթի "շնորհիվ", շուտով ՀՀ-ն կարող է այս ցուցակում զբաղեցնել անգամ 1-ին հորիզոնականը:

ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագիտական խմբին առավելապես հետաքրքրեց, թե որ երկրներն են նպաստում մեր գլխավոր հակառակորդի ռազմականացմանը և որքանով է այդ մասին տեղեկացված մեր հանրությունը: Նախորդ ակնարկում մենք խոսեցինք տարածաշրջանի սպառազինությունների շուկայի գլխավոր դերակատարների մասին: Նշենք նաև (դա, թերևս, բացահայտում չէ), որ SIPRI-ի տվյալներով (էջ 317), թե՛ ՀՀ-ի (95%), թե՛ նրա հակառակորդ Ադրբեջանի (80%) սպառազինության գլխավոր մատակարարը 2007-2013թթ. ընթացքում եղել է Ռուսաստանը:

Տեղյա՞կ է արդյոք մեր հանրությունը` որ երկրներն են մեր հակառակորդի գլխավոր զինողները: Գրաֆիկից երևում է, որ երևանցիները թյուր պատկերացում ունեն սպառազինությունների տարածաշրջանային շուկայի կառուցվածքի մասին: Եվ եթե ՌԴ-ի հարցում նրանք ճիշտ են, ապա սխալվել են ԱՄՆ-ի հարցում. նա ընդհանրապես այս շուկայում կարևոր խաղացող չէ: Ճիշտ են <<գուշակել>> նաև Թուրքիային, բայց տեղյակ չեն, որ նրանից ավելի շատ զինտեխնիկա մատակարարում են նաև Բելառուսը, Ուկրաինան, Իսրայելը:

Անձնական` ոչինչ, դա պարզապես բիզնես է

SIPRI-ից տեղեկանում ենք, որ հենց ՌԴ-ն է Ադրբեջանին վաճառել "Իգլա" զենիթային հրթիռային համալիրները, որոնցից մեկով էլ ս.թ. նոյեմբերին խոցվեց Արցախի տարածքում զորավարժություններին մասնակցող հայկական ուղղաթիռը` խլելով 3 զինծառայողների կյանքը: Ինքնին բացառիկ իրադարձություն լինելով 1994թ. զինադադարի ռեժիմի հաստատումից հետո` այս միջադեպն էլ ավելի ցավալի է ընկալվում այն պատճառով, որ Ադրբեջանին զինտեխնիկա մատակարարող երկրներն են հենց ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը: Դրանք այն երկրներն են, որոնց հետ ՀՀ-ն ունի երկկողմ (ՌԴ) և բազմակողմ (բոլորի հետ` ՀԱՊԿ շրջանակներում) ՀՀ-ի ռազմական փոխօգնության պայմանագիր: Փաստորեն, նրանք մեր ռազմական դաշնակիցներն են, որոնց տնտեսական միությանը կմիանանք մի քանի օր հետո, սակայն զենք են մատակարարում մեր թշնամուն: Հատկանշական է նաև, ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի միակ համանախագահ-երկիրն է, որը զենք է վաճառում Արցախյան հակամարտության կողմերին. մյուս համանախագահող երկրները կամավորաբար միացել են հակամարտող կողմերի նկատմամբ անհատական, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ռազմական էմբարգոյին (վաճառքի արգելանքին): Այս մասին, պարզվում է, հանրության մի նշանակալի մասը տեղեկացված չէ: Այս համատեքստում ինչպե՞ս կարելի է արձագանքել ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանի հայտարարությունը, թե ռուսական սպառազինության վաճառքն Ադրբեջանին ընդամենն առևտրային գործարք է: Այս հարցին կանդրադառնանք մեր հաջորդ ակնարկում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:17 Հունվար 12, 2015

Ամենաընթերցված նյութեր