Զբոսաշրջու՞մ, թե՞ զբոսաշրջվում են ՀՀ-ում…

Լինում է չի լինում…

Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով երկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: Միաժամանակ, պարապ չմնալու և այդ ամենը թղթին հանձնելու, ապացուցելու համար այդ բացարձակ ճշմարտություն դարձած համոզմունքը, հորինվել են զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակներ, որոնք սահմնաված են Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով և 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած զբոսաշրջության զարգացման հայեցակարգով:

Զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության իրականացնելու համար բազմաչարչար մասնագետների մեծ ջանքերի շնորհիվ Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի ձևավորման ու միջազգային շուկայում ներկայացման նպատակով մշակվել և տպագրվել են ոլորտին առնչվող բազմաթիվ նյութեր, բուկլետներ տեղաբաշխման միջոցների մասին, պրակներ և տեղեկատուներ, զբոսաշրջային քարտեզներ: Հայաստանի զբոսաշրջային արդյունքը շարունակաբար ներկայացվել է միջազգային ցուցահանդեսներում ինչի արդյունքում 2014թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 495967 զբոսաշրջիկներ կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 17.3%: Զբոսաշրջության և ճամփորդային մրցունակության աճի մասին փաստում է նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող "Համաշխարհային զբոսաշրջության և ճամփորդային մրցունակության զեկույցում", ըստ որի 2013թ. Հայաստանի դիրքը 11 տեղով բարձացել է համեմատած 2011թ.-ի (2014թ. տվյալները դեռևս ամփոփված չեն): Զբոսաշրջության մրցունակությամբ Հայաստանը 79-րդն է 140 երկրների շարքում, Հայաստանի վիճակը բարվոք է պետական քաղաքականության թափանցիկության, ապահովության և անվտանգության, սանիտարահիգիենիկ պայմանների, առողջապահության, վիզաների պահանջների առումով: Վատթարացում է արձանագրվել շրջակա միջավայրի օրենսդրության խստության և կիրառման ցածր մակարդակի, զբոսաշրջիկների ներգրավմանն ուղված մարքեթինգի արդյունավետության, օդային հաղորդակցության երկկողմ համաձայնագրերի սահմանափակ քանակի, հյուրանոցային համարների քանակի, նախկին դիրքերի առումով, իսկ ավիատոմսերի հարկերի և օդանավակայանի վճարների ցուցանիշներով 67-րդ տեղից տեղափոխվել է 128-ը: Հաշվի առնելով վերոնշյալ վատթարացումները և Հայաստանում գործող Մալդիվյան հանգստի գները, "միանշանակ" կարելի է եզրակացնել, որ իրավացիորեն է մեր պետությունը նկատում զբոսաջրջության աճ: Երկնքից ընկավ երեք խնձոր, երեքն էլч աճ արձանագրողներին:

Իսկ ի՞նչ է խոսում Երևանը.

Երևանը` որպես ներդրումների համար կայուն և ապահով, զբոսաշրջության համար գրավիչ պատմամշակութային քաղաք, միջազգային զբոսաշրջային շուկային բազմաբնույթ մրցունակ զբոսաշրջային արդյունք և բարձրակարգ ծառայություններ առաջարկելու մեծ ներուժ ունի: Միևնույն ժամանակ վերոնշյալ միտքը հիմնավորելու համար 2014թ. ամռան 3 ամիսներին շոգը փոշով համեմելով մատուցվեց Հյուսիսային պողոտայով քայլող զբոսաշրջիկներին:

2014թ.-ի դեկտեմբեր ամսին Գելլափ ինթերնեյշնլ ասոցիացիայի կողմից Երևան քաղաքում անց է կացվել հետազոտություն՝ պարզելու համար, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման համար:
Ըստ հետազոտության արդյունքների հարցված քաղաքացիների մեծ մասը (77%) զբոսաշրջության զարգացումը կապում է Հին Երևանի վերականգնման, հին շինությունների պահպանման հետ: Հույս ունենք, որ զբոսաշրջային շուկային բազմաբնույթ մրցունակ ապագայի Երևանը կարդարացնի մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների սպասումները:

10:41 Դեկտեմբեր 27, 2014

Ամենաընթերցված նյութեր