Դրամային և արտարժութային խնայողությունների մասին

ԲԱՐՈՄԵՏՐԻ կողմից Երևան քաղաքում անցկացված սոցիոլոգիական հետազոտության միջոցով փորձ է արվել բացահայտել, թե որ արժույթով են տնային տնտեսությունները պահում իրենց խնայողությունները:

Այս հարցը բավականին կարևոր է, քանի որ հաշվի առնելով վերջին տնտեսական զարգացումները, ինչպես նաև արտարժութային շուկայում տիրող ճգնաժամային իրավիճակը մի շարք տնտեսավարողներ ու տնային տնտեսություններ ունենում են լուրջ կորուստներ: Այս հանգամանքն, իհարկե, միայն խնայողությունների գործոնով բացատրելը միակողմանի է, քանի որ առկա է նաև տարբեր արժույթներով տրանսֆերտներ ստանալու, վարկեր ունենալու, եկամուտներ ստանալու կամ ավանդներ դնելու խնդիրները ևս, սակայն իրականում այս հարցի միջոցով կարելի պարզել նաև տնային տնտեսությունների վերաբերմունքը և վստահությունը սեփական երկրի արժույթի նկատմամբ:

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ հարցումն անց է կացվել 2014թ. դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Այսպես, "Ո՞ր արժույթով եք հիմնականում պահում Ձեր խնայողությունները" հարցի պատասխանները բաժանվել են 4 խմբի, նրանցից 80.9%-ը նախընտրում է իր խնայողությունները պահել ՀՀ դրամով, որը փաստում է դրամի նկատմամբ բարձր վստահությամբ: Սակայն հարցը նրանում է, որ վերջին արժութային տատանումները դրամի վարկանիշը բավականին գցեցին, իսկ ՀՀ դրամով կուտակված խնայողությունները տնային տնտեսություններն ամեն կերպ փորձեցին փոխարկել դոլարի:

Դեկտեմբերի սկզբի տվյալներով, տնային տնտեսությունների 15.3%-ն առավել մեծ վստահություն ունեին ԱՄՆ դոլարի նկատմամբ: Կարծում ենք, բոլորին պարզ է, թե ինչպես է փոխվել մարդկանց վերաբերմունքը դոլարի նկատմամբ այս մի քանի օրերի ընթացքում:
Ինչ վերաբերում է եվրոյին, ապա այն, կարելի է ասել, ընդուված չէ երևանիցների մոտ՝ որպես խնայողությունների համար նախընտրելի արժույթ: Այլ դրամական միջոցների նկատմամբ վստահությունը ևս ցածր մակարդակի վրա է, քանի որ այլ արժույթներով խնայողություններ Երևանի տնային տնտեսությունները գրեթե չունեն:

Իհարկե, այս հարցերն ունեն լուրջ և ավելի խորը հետազոտության կարիք, քանի որ ստեղծված իրավիճակը իսկական և շատ լուրջ ահազանգ է երկրի իշխանությունների համար ինչպես ներկայում, այնպես էլ՝ դրամավարկային և արժութային քաղաքականություն մշակելու ընթացքում: Իսկ արդյունքն այն է, որ ՀՀ դրամի նկատմամբ ընդամենը 15 օր առաջ մոտ 80.0% վստահություն ունեցող Երևանի տնային տնտեսությունները բախվում են վերջին օրերին մեծ տեմպերով ընթացող արժեզրկման կամ որ ընդունված է համաշխարհային պրակտիկայում "արտարժութային ճգնաժամի" հետ և ըստ ամենայնի:

 ԲԱՐՈՄԵՏՐ 

10:11 Դեկտեմբեր 17, 2014

Ամենաընթերցված նյութեր