Ոչ հեռանկարային մասնագիտությունները Հայաստանում. Դիվանագետները Հայաստանում հեռանկար չունե՞ն

Նոր բան չենք ասի, եթե փաստենք, որ մասնագիտության ընտրությունը չափազանց կարևոր և պատասխանատու գործ է, քանի որ այս կամ այն չափով դրանից է կախված անհատի ապագան: Այս աոռւմով պատահական չէ, որ մարդիկ մասնագիտություն ընտրելիս հաշվի են առնում տարբեր մասնագիտությունների հեռանկարային կամ ոչ հեռանկարային լինելը: Ընդ որում, մասնագիտությունների հեռանկարային լինել կամ չլինելը մարդիկ հիմնականում որոշում են սեփական պատկերացումների դիրքերից՝ չհիմնվելով որոշակի հետազոտությունների և օբյեկտիվ տվյալների վրա: Այսինքն՝ մեկի համար ֆիզիկոսի մասնագիտությունը անհեռանկարային է, քանի որ իր ֆիզիկոս հարևանը ցածր աշխատավարձ է ստանում ու լավ չի ապրում, իսկ մյուսի համար այդ մասնագիտությունը կարող է լինել հեռանկարային, քանի որ այդ բնագավառում ունեցել ենք մեծ ներուժ և չի բացառվում մեր երբեմնի համբավի վերականգնումը: Ասվածը չի նշանակում, թե ոչ հեռանկարային/պահանջված մասնագիտությունների մասին մարդկանց պատկերացումներն անպայման հակասում են իրերի փաստական վիճակին, չեն արտացոլում մեր երկրում գործող մասնագիտությունների "շուկայի" ընդհանուր պատկերը: Ասվածն առավել պարզ կդառնա, եթե ուշադրություն դարձնենք ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներին: Երևանում անցկացված  հարցման մասնակիցները  "Հայաստանում ո՞ր մասնագիտություններն են, ըստ Ձեզ,  ոչ հեռանկարային/չպահանջված" հարցին տվել էին այնպիսի պատասխաններ, որոնք դժվար թե կարելի է որակել որպես աբսուրդային, ոչ ադեկվատ (հարցվողներից յուրաքանչյուրը կարող էր նշել այդպիսի երեք մասնագիտություն): Ցավալի է, սակայն հարցվածների շրջանում 5%-ի շեմը հաղթահարած ոչ հեռանկարային/չպահանջված մասնագիտությունները (տե՛ս գրաֆիկ) հիմնականում նրանք էին, որոնք Հայաստանում ունեցել են զարգացման մեծ ներուժ կամ ունեն մեծ նշանակություն ՀՀ հետագա զարգացման տեսանկյունից: Օրինակ՝ մանկավարժի մասնագիտությունն իրականում ամենակարևորներից է, քանզի այն կապ ունի այսօրվա և վաղվա քաղաքացու նկարագրի ձևավորման հետ: Սակայն փաստն այն է, որ այդ մասնագիտությունն իր ուրույն տեղն է գտել ոչ հեռանկարային/չպահանջված մասնագիտությունների շարքում: Իսկ սա վկայում է ոլորտում պետական քաղաքականության բացի մասին, պետության զարգացման տեսանկյունից ճիշտ և հետևողական մասնագիտական քաղաքականություն վարելու "անկարողության"  մասին: 

Ուշագրավ ու "տարօրինակ" է այն, որ ոչ հեռանկարային կամ չպահանջված մասնագիտությունների շարքում ուրույն տեղ է զբաղեցրել դիվանագիտությունը (8,4%): Այդ իրողությունը կարծես հուշում է Հայաստանում "մասնագիտական մազոխիզմ" երևույթի գոյության մասին: Բանն այն է, որ մեզանում դիվանագետի/միջազգայնագետի մասնագիտությունը բրենդային է, հանուն որի դիմորդներն "անքուն գիշերներ են անցկացնում", իսկ երազներում տեսնում են, թե "ինչպես են, օրինակ, զրուցում կամ բանակցում Հ. Քիսինջերի, Զ. Բզեժինսկու, Ֆ. Օլանդի, Ա. Մերկելի և այլ երևելիների հետ": Ոչ հեռանկարային, չպահանջված մասնագիտությունների շարքում բրենդային այս մասնագիտության հայտնվելը կարծես վկայում է այն մասին, որ մարդիկ պատրաստ են էվոլյուցիոն կամ հեղափոխական "թռիչք գործել" և վայրէջք կատարել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի որևէ լսարանի որևէ "նստարանի" վրա այն դեպքում, երբ գրեթե չի կարող խուսափել գործազուրկ դառնալու հեռանկարից: Այսինքն՝ "մազոխիստաբար" տանջվում ենք կոնկրետ մասնագիտություն ձեռք բերելու համար, իսկ հետո էլ տանջվում ենք այն բանի գիտակցումից, որ զուր ենք տանջվել:

Հարցման արդյունքների մեջ փոքր ինչ ուրախալի է 17.3% կազմող "այդպիսիք չկան" պատասխանի գոյությունը: Ուրախալի է այն պատճառով, որ երևանցիների մի մասը գտնում է որ բոլոր մասնագիտություններն էլ ոչ հեռանկարային/չպահանջված չեն: Այսինքն՝ դրանք ունեն զարգացման մեծ ներուժ, ինչի կենսագործումը, վստահ ենք, պետք է դառնա պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:52 Նոյեմբեր 28, 2014

Ամենաընթերցված նյութեր