Տոտալ անվստահություն կուսակցությունների հանդեպ

Կուսակցությունների նկատմամբ քրոնիկ անվստահությունը նոր իրողություն չէ ոչ համաշխարհային պրակտիկայում ընդհանրապես և ոչ էլ մեր քաղաքական իրականության մեջ` մասնավորապես: Այս խնդիրն այնքան չարչրկված է, որ ավելորդ է մեկ անգամ ևս անդրադառնալ կուսակցություններին չվստահելու պատճառներին և շարժառիթներին: Մի բան ակնհայտ է, որ նրանք կարողանում են շատ էլ լավ "յոլա գնալ" առանց ընտրողների սիրո և վստահության: Կուսակցություններ-ընտրողներ փոխհարաբերությունները տարիների ընթացքում հուզականից տեղափոխվել են "հաշվարկով ամուսնության" հարթություն, որտեղ երկու կողմն էլ շատ հստակ գիտեն, թե իրենց ինչ է պետք: Ընտրողը ընտրաքվեի դիմաց  ակնկալում է ասֆալտ,  տանիք (նկատի ունենք անշունչ, բայց երևի չէր խանգարի նաև շնչավոր), բուժում,  տան վարձերի մարում և այսպես շարունակ: Դե, բայց մեկ է "քյաշ փողից" լավը չկա: Հենց այս բիրտ,  անորակ և ցածրակարգ "որգի" մեջ էլ մեկընդմիշտ մեռնում են գաղափարներն ու ծրագրերը, որոնք պետք է լինեին կուսակցությունների հիմնական "հաղթաթուղթը":

Այս դառը իրականությունը իր արտացլումն է գտել նաև երևանցիների շրջանում ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտավերլուծական թիմի անցկացրած զանգվածային հարցումների շրջանակներում: Փաստորեն, մեր համաքաղաքացիների երկու-երրորդը կամ մոտ 66%-ը առհասարակ չի վստահում որևէ կուսակցության, ինչը մեր պարագայում այլևս չի կարելի բնորոշել որպես քրոնիկ անվստահություն: Մենք այս հարցում ուղիղ մոտենում ենք տոտալ անվստահության շեմին:

Ինչպես վերականգնել ընտրողների վստահությունը հարցը` ավելի քան ակտուալ է մեր քաղաքական կուսակցությունների համար: Արտախորհրդարանական ուժերի ճնշող մեծամասնությանը այս խնդիրը չի հետաքրքրում դեռ 2012թ.-ից: Սրա վկայությունն էր այն, որ  նրանց մեծ մասը անգամ ԱԺ ընտրություններին չմասնակցեցին: Դե իսկ խորհրդարանական ուժերը վստահության հարցը փորձում են լուծել յուրովի:  Իշխող ՀՀԿ-ն առավելապես շարունակում է արդյունավետ օգտագործել իր իշխանական լծակները, միաժամանակ հենվելով  տեղական ֆորմալ և ոչ ֆորմալ լիդերների վրա, ԲՀԿ-ի պարագայում աշխատում է փողն ու բարերգործությունը, ՀՅԴ-ն  դեռևս շարունակում է "ջրի երեսին մնալ" իներցիայով և իր կայուն համախոհների միջոցով, ընդդիմադիր ՀԱԿ-ն ու Ժառանգությունը այս պահին ոչ իշխանական եռյակի ֆորմատի մեջ են փորձում պահպանել իրենց կենսունակությունը, իսկ նորահայտ ընդդիմադիր ՕԵԿ-ն ինչպես միշտ դիմել է հին մեթոդներին, որոնք ավելի հայտնի են սոցիալական դեմագոգիա և պոպուլիզմ անվանումներով:  Ինչպես տեսնում ենք՝ որևէ մեկը չի էլ փորձում թարմ գաղափարներով և նոր մոտեցումներով հասարակության տարբեր շերտերի վստահությունը նվաճել: Չի փորձում, գուցե այն պատճառով, քանի որ գիտակցում է, որ գոնե այս փուլում մարդկանց անվստայության "սառույցը"ոտրելը գրեթե անլուծելի խնդիր է:

Հ. Գ. Ինչպես տեսնում եք գրաֆիկում կուսակցությունների անվանումները նշված չեն: Մենք հատուկ չենք նշել դրանք: Կարծում ենք՝ 66% անվստահության պայմաններում, այնքան էլ տեղին չէ խոսել այս կամ այն քաղաքական ուժի ստացած "վստահության" վարկանիշի մասին:

 

 

20:51 Նոյեմբեր 19, 2014

Ամենաընթերցված նյութեր