Որտեղի՞ց են երևանցիները տան համար գնումներ կատարում

Յուրաքանչյուրս օրվա մի ինչ որ ժամանակահատված հատկացնում ենք տան համար գնումներ կատարելուն: Գնումների ծավալը կամ տանը ու ճանապարհին հարմար լինելն է երբեմն որոշում, թե որտեղից կատարել գնումներ, բայց նույնիսկ տուն գնալու ճանապարհին են գնումներ կատարելու վայրերը շատ, իրար հետևից միմյանց հաջորդում են սուպերմարկետներ, խանութներ, շուկա, փոքր կրպակներ և այլն: Իսկ եթե այս ամենին ավելացնենք նաև համացանցը, որը հնարավորություն է տալիս կատարել առցանց գնումներ, պատկերն առավել ամբողջական կդառնա: Սուպերմարկետների նման առատությունը տպավորություն է ստեղծում, որ փոքր և միջին առևտրի կետերը գրեթե չեն գործում: Որքան էլ փոքր և միջին բիզնեսը շնչահեղձ վիճակում հայտնված լինի, այնուամենայնիվ, մեր համաքաղաքացիները տան համար գնումներ կատարելիս օգտվում են նաև այլ խանութներից, միրգ և բանջարեղեն գնելու համար նախընտրելի են շուկաները ու նման խանութները, իսկ փոքր կրպակները հարմարավետ են "փոքր" առևտուր անելու և  տանը մոտ լինելու առումով: Սուպերմարկետները հիմնականում ավելի հարմար են երեկոյան ժամերին խոշոր ու մեծածավալ գնումներ կատարելու դեպքում: Նախապատվություննների համար գործում են մի քանի չափանիշներ՝  առևտրի ծավալը, հարմարավետությունը, առաջարկվող ապրանքի որակը, վաճառքի գինը և ալն: ԲԱՐՈՄԵՏԵՐ հետազոտական ընկերությունը հետազոտություն է անցկացրել Երևան քաղաքում՝ պարզելու համար որտեղի՞ց են երևանցիները սովորաբար տան համար գնումներ կատարում: Հետազոտության տվյալներից պարզ է դարձել, որ մեր համաքաղաքացիների 42,7%-ը նախընտրում է տան համար գնումներ կատարել սուպերմարկետներից, իսկ 44,5% -ը` այլ խանութներից, 9,1%-ը` շուկայից, 3,3%-ը` կրպակներից: Փաստորեն, ամենօրյա գնումների առումով սուպերմարկետները առաջատար չեն, իհարկե այստեղ պետք էնկատի ունենալ, որ խոսքը առևտրի ծավալների մասին չէ: Այսինքն` մեր միջին վիճակագրական քաղաքացին սուպերմարկետ կարող է այցելել ոչ ամեն օր, այլ օրինակ շաբաթը մեկ կամ երկու անգամ, և մեծ ծավալով գնումներ կատարել, իսկ փոքր կամ միջին չափի խանութ` ամեն օր, հաց, կաթնամթերք, ծխախոտ և այլ` քիչ ծավալով ապրանք գնելու համար: 

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:30 Սեպտեմբեր 02, 2015

Ամենաընթերցված նյութեր