Երևանցիների նախընտրած հանգստավայրերը Հայաստանում

Նախորդ ակնարկներից մեկում մենք տեսանք, որ Հայաստանում քանակական առումով առավել զարգացած է ներգնա, քան արտագնա տուրիզմը. եթե արտագնա տուրիստական նպատակներով արտերկիր մեկնում է Հայաստանի բնակչության 10-12%-ը, ապա ներգնա տուրիզմում ընդգրկված է բնակչության մոտ 43%-ը։

Այդուհանդերձ, ինչպես վկայում են ԲԱՐՈՄԵՏՐԻ հարցախույզի արդյունքները, երևանցիների 85%-ից ավելին, ֆինանսական պատճառներով, այս տարի չի պատրաստվում մեկնել հանգստի։

Հայաստանում գործում են ներգնա տուրիստական փաթեթներ առաջարկող բազմաթիվ գործակալություններ, սակայն երևանցիների ճնշող մեծամասնությունը չի օգտվում այդ ծառայություններից՝ նախընտրելով իր հանգիստն ինքնուրույն կազմակերպել։

Մենք փորձեցինք պարզել, թե Հայաստանի որ հանգստավայրերն են նախընտրում երևանցիները։ Ստորև կներկայացնենք այդ հանգստավայրերի առաջատար եռյակը։

4-րդ տեղում Գեղամա(Գեղարքունյաց, Դաշնավոր, Սևանա) ծովն է՝ Հայաստանի կապույտ մարգարիտը։ Սևանը ՀՀ ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ 3-րդ (Վանա և Ուրմիա լճերից հետո) լիճն է։ Այն նաև աշխարհում 2-րդն է ամենաբարձրադիր (գտնվում է 1916 մ բարձրության վրա) քաղցրահամ ջուր ունեցող լճերի շարքում (Տիտիկակա լճից հետո)։ Խորհրդային տարիներին Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումն աղետալի հետևանքներ է ունեցել լճի ողջ էկոհամակարգի համար, որի ամենավառ դրսևորումը հանրահայտ Գիլի ջրաճահճային լճի անհետացումն է և Սևանա կղզու վերաժվելը թերակղզու։

Անհիշելի ժամանակներից Սևանա լիճը հայտնի է միայն նրան հատուկ հռչակավոր իշխանով, կողակով, բեղլու և սիգ ձկներով: Լճի ափերի երկայնքով ձգվում են հանգստավայրերն ու լողափերը։

Բացի իր զով ու ամառային արևի տակ կայծկլտացող ջրերից, Սևանը հայտնի է նաև իր եկեղեցով՝ Սևանավանքի համալիրով (Մարիամաշեն)։

3-րդ տեղում Վայոց Ձորի մարզի մարգարիտն է՝ իր առողջարաններով հայտնի Ջերմուկը՝ Հայաստանի ամենաբարձրադիր (2080մ) առողջարանային քաղաքը։ Նրա հանքային ջրերի բուժիչ հատկությունների մասին հայտնի է եղել վաղ միջնադարից: Քաղաքային լճակի մոտ կառուցված է հատուկ ըմպելասրահ, որի տարբեր ծորակներից կարելի է ըմպել անմիջապես ընդերքից դուրս եկող տարբեր ջերմաստիճանով բուժիչ հանքային ջուր:

Ջերմուկը մեկտեղում է էքստրեմալ, առողջարանային և մշակութային տուրիզմի բոլոր հնարավորությունները. քաղաքային լճակները և Կեչուտի ջրամբարն իր "Մարգարտածաղկով", անդնդախոր կիրճով բաժանված քաղաքի երկու մասերն իրար կապող կամուրջը, քաղաքը շրջապատող անտառապատ լեռներն իրենց քարանձավներով, Ծոփքի կամ Ջրահարսի վարսեր կոչվող 70 մետր բարձրությունից թափվող առասպելականջրվեժը, նորակառույց ճոպանուղին ու դահուկուղին, Երազանքի կամարն ու Վիլյամ Սարոյանի հիշատակի "Արև" քարը։ Քաղաքային պուրակում է գտնվում հայ ֆիդայիների արձանախումբը: Ջերմուկում է շշալցվում նաև Հայաստանի ամենահայտնի հանքային ջրերից մեկը՝ "Ջերմուկ գրուպի" և "Մայր գործարանի" "Ջերմուկը"։

2-րդ տեղում Հայաստանի հանրահայտ հանգստավայրերից մեկն է՝ Կոտայքի մարզի հրաշքը՝ Ծաղկաձոր առողջարանային քաղաքը։ Ծովից 1840մ բարձրության վրա գնտվող այս գեղատեսիլ տեղանքը հնում եղել է հայ ազնվականության որսատեղի և հանգստավայր։ Քաղաքը գտնվում է Տեղենիս սարի արեւմտյան լանջին և շրջապատված է կուսական անտառներով ու ալպիական մարգագետիններով։

Ծաղկաձորը հայտնի է նաև իր Կեչառիս վանքային համալիրով, լեռնադահուկային ճոպանուղիով, Օրբելի եղբայրներիտուն-թանգարանով և բազում խաչքարերով։

Եվ, վերջապես, երևանցիների հարաբերական մեծամասնության ամենանախընտրելի հանգստավայրը չնաշխարհիկ Դիլիջանն է, որտեղ հիմնադրվել է Հայաստանում առաջին առողջարանը (1921թ.)։ Ծովի մակերևույթից 1300-1330մ բարձրության վրա, Աղստև գետի ափին գտնվող այս առողջարանային քաղաքն իր մերձակայքով հայտնի է թավ անտառներով ու առողջարանային հանգստավայրերով, հանքային բազմաթիվ աղբյուրներով, "Դիլիջան" և "Դիլիջան-Ֆրոլովա" հանքային ջրերով, Ազգային պարկ-արգելոցով, Հաղարծնի վանքային համալիրով, Մաթոսավանքով և Ջուխտակ վանքով, Ք.ա. 2-1 հզ. թվագրվող բնակատեղիով և դամբարանադաշտով, միջնադարյան գյուղատեղիներով ու գերեզմանոցներով, բազում խաչքարերով և, իհարկե, "Անտառի արքա" կոչվող քանդակով։

 

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:30 Օգոստոս 04, 2015

Ամենաընթերցված նյութեր