Երևանցիները սոց. կայքերում

Ժամանակակից մարդու կյանքը դժվար է պատկերացնել առանց համացանցի: Այն ծառայում է ոչ միայն որպես արագ հեռահաղորդակցման միջոց, այլ որպես տեղեկատվության աղբյուր, ազատ ժամանցի միջոց և այլն: Տարբեր մարդկանց մոտ համացանցից օգտվելու պահանջները տարբեր են: Միևնույն ժամանակ դժվար չէ նկատել, որ սոցիալական ցանցերն ապահովում են իրենց օգտատերերի թե տեղեկատվական, թե հաղորդակցական և թե ժամանցային պահանջմունքները: Մարդկանց պահանջմունքներն այս առումով անմիջականորեն կախված են տարիքային խմբից, զբաղվածությունից, նախասիրություններից: Մի դեպքում սոցիալական ցանցերից օգտվում են արտասահմանում ապրող իրենց բարեկամների և ընկերների հետ կապ պահպանելու համար, մյուս դեպքում միմյանց հետ ծանոթանալու և նույնիսկ ամուսնանալու նպատակով: Գոյություն ունեցող սոցիալական կայքերը զբաղեցնում են ժամանակակից մարդու օրվա մի մասը, այդ մասին են վկայում տարբեր փատեր, օրինակ, որ յուրաքանչյուր րոպեն մեկ 100 000 մարդ facebook-ում ինչ-որ մեկի ընկեր է դառնում, կամ յուրաքանչյուր 20 րոպեում facebook-ում մեկ միլիոն հղում է տարածվում, ժամը մեկ 4.5 մլն մարդ ստանում է ինչ-որ գործողության առաջարկություն: Սոց. կայքերում օգտատեր լինելը ամրապնդում է օգտատիրոջ մոդայիկ լինելը և սոցիալական կարգավիճակը: Ամեն վայրկյան 8 մարդ դառնում է ինչ-որ սոց-կայքի օգտատեր: Պատկերացրեք, եթե Facebook-ը պետություն լիներ, իր բնակչության թվով կզիջեր միայն Չինաստանին և Հնդկաստանին:
Հետաքրքրական է, որ տարբեր երկրներում սոց. կայքերն ունեն տարբեր վարկանիշներ և տարբեր օգտատերերի քանակ, օրինակ Ռուսաստանում հիմնականում օգտագործում են Вконтакте, Одноклассники, Facebook, ԱՄՆ—ում՝ Facebook, Twitter, Linkedin, Գերմանիայում՝ Facebook, Twitter, Xing, Մեծ Բրիտանիայում՝ Facebook, Twitter, Linkedin:
Թե որ սոցիալական ցանցի օգտատեր են հանդիսանում Երևանի բնակիչները, պարզել է ԲԱՐՈՄԵՏՐԸ մարտ ամսին անցկացված հետազոտության արդյունքում:

 Գրաֆիկ

Թվարկվածներից ո՞րի գործող օգտատեր եք հանդիսանում:

Երևանում մի փոքր տարբեր է պատկերը և առաջին հորիզանականում է Facebook-ը՝ հարցվողների 81.8%-ը հանդիսանում է օգտատեր, 2-րդ տեղում է Skype-ը, որից օգտվելու մասին նշել են հարցվողների 57.6%-ը, լավագույն եռյակը եզրափակում է Одноклассники-ն՝ 44.7%:

Իր բազմաթիվ դրական կողմերով հանդերձ սոց. կայքերն ունեն բազմաթիվ վտանգավոր կողմեր: Սոցիալական ցանցերի շնորհիվ է ավելանում ամուսնալուծությունների քանակը, մեծացել է անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների թիվը: Սոց. կայքերը մեծացնում են նաև մարդկանց ինքնասպանություն գործելու հավանականությունը՝ մարդուն դարձնելով դյուրագրգիռ, իրականությունից կտրված և հնարավորինս նվազեցնում են իրական ընկերների հետ շփումը, և որ ամենավտանգավորն է՝ վնասում են երկրի արտաքին անվտանգությանը:

Հույս հայտնենք, որ համացանցից օգտվելու մշակույթը մեզանում կհասնի այնպիսի մակարդակի, որի արդյունքում նշված բացասական ազդեցության հնարավորությունները նվազագույնի կհասնեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:30 Մարտ 30, 2015

Ամենաընթերցված նյութեր