Յոժի "կուսակցության" քաղաքական հայտի, բոյկոտված ասուլիսի և "օրինաչափ" գնաճի մասին


13.12 Լրագրողները բոյկոտել են Ռուբիկ Հակոբյանի մամլո ասուլիսը

Նախորդ շաբաթ աննախադեպ դեպք գրանցվեց Երրորդ Հանրապետության պառլամենտարիզմի պատմության մեջ: Առաջին անգամ լրագրողական հանրությունը բոյկոտեց ԱԺ պատգամավորի ասուլիսը։ Դե պատճառը գիտեն բոլորը… Ռուբիկ Հակոբյանը մի 20 րոպե սպասելուց հետո "քոռ ու փոշման" դուրս եկավ սրահից ու լուռ անցավ լրագրողների կողքով։ Այ էսպես, չգիտենք էս պատմությունից ավելի շատ լրագրողները տուժեցին, որ չլուսաբանեցին պատգամավարի ասուլիսը, թե հակառակը, բայց փաստ է՝ նրանց կողմից ցուցաբերվեց նախանձելի համերաշխություն:

14․12․ ″Գները թանկանում են, ինչն օրինաչափ է″․ Հակոբ Հակոբյան

Մի տեսակ դեժավյու է, քանի որ անցած տարի նույն այս ժամանակ նմանօրինակ մի բան էլ ասել էր Գրիգորիչը։ Հիմա նույնը կրկնում է ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն ամանորյա տոների հետ կապված գների թանկացման առումով։ Նա համարում է, որ օրինաչափ է, որ գները թանկանում են, քանի որ պահանջարկը մեծանում է։ Բայց արի ու տես, որ աշխարհի շատ երկրներում հակառակ տենդենցն է գործում՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերի նախաշեմին գները իջնում են։ Այդ երկրներում էլ դա է օրինաչափ: Ահա այսպես, կարծես, Հակոբ Հակոբյանն էլ է սկսել խոսել բոլորին անհասկանալի տրամաբանությամբ և փիլիսոփայությամբ։

15.12. "Գործ տվող" Թևան Պողոսյանը

ԱԺ-ն իր ընթացիկ եռուզեռի մեջ էր․ օրենսդրական փաթեթներ են քննարկվում ու քվեարկվում։ Հերթական քվեարկության ժամանակ տեղի ունեցավ ավանդական դարձած ուրիշի փոխարեն կոճակ սեղմելու օպերացիան, որն անթաքույց չմնաց Զարուհի Փոստանջյանի ու Թևան Պողոսյանի աչքից։ Նրանք պահանջեցին հետ բերել ցուցատախտակը, որպեսզի պարզեն, թե ում չարաճճի մատն է կատարել իր սև գործը։ Ու այդտեղ հանկարծ վրդովվեց Առաքել Մովսիսյանը՝ Թևան Պողոսյանին անվանելով, ոչ ավել ոչ պակաս՝ գործ տվող։ Թևան Պողոսյանն էլ շատ բարեկիրթ ու դիպուկ պատասխանեց, որ եթե օրինականություն պահելը գործ տալ է, ապա այո, ես գործ տվող եմ։ Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանությունների:

15․12․ "Հոտավետ" կուսակցության հայտը

Համացանցը ″բանմեջ″ եղավ դերասան Սերգեյ Դանիելյանի Քաղաքացիական ակտիվ քայլ (Ք.Ա.Ք.) կուսակցության մասին շրջանառվող լուրերից։ Նախորդ շաբաթ այս դեռևս չգրանցված "կուսակցության" առաջնորդ ասենք, ղեկավար, թե ինչ, Սերգեյ Դանիելյանը Կենտրոն ՀԸ Ուրվագիծ հաղորդման հյուրն էր: Նա փորձում էր հիմնավորել, թե ինչու են նախաձեռնել այս կուսակցության ստեղծումը (պարզվում է այս կուսակցությունն ունի իր տարբերանշանը, հիմնը, կանոնադրությունը և անգամ հիմնադիրները ուզում են դիմել գրանցում ստանալու համար): Իրականում, այնքան էլ հեշտ չէ հասկանալ Յոժի և այս կուսակցության մյուս հետևորդների, եթե նրանք կան, այս անվանումով քաղաքական կուսակցություն ստեղծելու իմաստը: Ասում են սա, գուցե, իրականում հենց կուսակցությունների դեմ բողոքի արտահայտման ձև է: Կարծիքներ կան, թե այսպիսով նրանք մարդկանց աչքերին անլրջացնում են քաղաքական կուսակցությունների գործունեությունը… Անկախ հնչող տեսակետներից, որոնք տարօրինակորեն շատ ու բազմազան էին ֆեյսբուքյան հարթակում, ակնհայտ է, որ այս գռեհիկ նախաձեռնությանը որևէ կերպ լուրջ վերաբերվելը ուղղակի մեծագույն զավեշտ է: Այնպես որ անցանք առաջ պարոնայք…


ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

20:17 Դեկտեմբեր 19, 2016

Ամենաընթերցված նյութեր