Եթերով ցուցադրելու տաբուի, գրազով շահած շամպայնի և այլ թեմաների վերաբերյալ

14․11․ ″Ես էլ եմ Ձեր օրին″․ Գալուստ Գրիգորիչը Ուրիխանյանին

ԱԺ-ում օրակարգային հարցերի շուրջ քննարկման ընթացքում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բողոքեց, որ իր ելույթները հանրային հեռուստաընկերությամբ չեն հեռարձակվում։ Ուրիխանյանի հարցը փակելու համար Գրիգորիչը շտապեց պատասխանել,  որ ինքն էլ է նրա օրին, իրեն էլ չեն ցուցադրում: Այ, այսպիսի բաներ… Էն որ Ուրիխանյանին ցույց չեն տալիս մի կերպ կարելի է հասկանալ. ԱԺ-ում շատ պատգամավորներ կլինեն, ովքեր, ըստ ամենայնի այդ խնդիրը կունենան: Բայց ԱԺ նախագահին ցույց չտալը, ուղղակի, անհասկանալի է: Մենք պահանջում ենք, որ Գրիգորիչի վրայից հանվեն անարդարացիորեն դրված բոլոր "տաբուները" և նա կրկին վերադառնա Հանրայինի եթեր: Բայց հանուն արդարության պետք է նշել, որ եթե ոչ հանրայինում, ապա մյուս ԹԻՎԻ-ներում ԱԺ խոսնակը, հաստատ, քիչ չի երևում:

16․11․ Գուրգեն Արսենյանը գրազով շամպայն շահեց

Մինչ ԱԺ-ում քննարկվում էր Ուրիխանյանի հանրայինով եթեր չտալու հարցը, ԱՄՆ-ում նախագահ էին ընտրում, իսկ ԱԺ-ում մեր պատգամավորներ Գուրգեն Արսենյանն ու Ալեքսանդր Արզումանյանը կանխատեսում էին, թե ով կհաղթի։ Կանխատեսում անելն էր արտահայտվեց կոնկրետ գրազ գալով։ Եվ այս "պարին" ի վերջո շահեց Գուրգեն Արսենյանը, ով ճիշտ էր կանխատեսել Թրամփի հաղթանակը։ Վերջը, ավարն էլ ի՞նչ էր՝ ընդամենը մեկ շամպայն։ Գոնե ավելի արժեքավոր բան լիներ, գրողը տանի։ Իսկ գրազ կիսողն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էր։ Կապ չունի՝ ով ինչ է անում, ՀՀԿ-ն ամեն ինչից տեղյակ է, և ամեն տեղ պետք է լինի, այ մարդ։

17.11. Բյուջեի քննարկում առանց Կառավարության

Ազգիս ընտրալները Կառավարությանը ներկայացրած բյուջեն են ուզում քննարկել, բայց արի ու տես Կառավարության անդամները ներկա չեն։ Անգամ Գրիգորիչն իր զարմանքը հայտնեց առ այն, որ նման բան չէր տեսել։ Բայց հետո որոշ նախարարներ ժամանեցին և, կարծես, փրկեցին իրավիճակը։
Այս ամենի մեջ ամենահետաքրքիրն այն էր, որ Գրիգորիչը երբեք առիթը բաց չի թողնում հայրական նկատողություն անել անգամ ՀՀԿ-ականներին։ Դիտեք տեսանյութը։

18․11․ Արտաշես Գեղամյանի սայթաքումը

Քիչ չէր, որ Թրամփը հաղթեց ԱՄՆ նախագահի ընտրություներում, Կառավարությունը ժամանակին չներկայացավ բյուջեի քննարկմանը, Արտաշես Գեղամյանն էլ մեր նախագահի ազգանունը սխալ արտասանեց։
Ինչ խոսք, այստեղ որևէ միտում փնտրելն առնվազն խոհեմ չէ: Բայց մի բան ակնհայտ է, որ Արտաշես Մամիկոնիչն առաջվանը չէ: Հիշում եք նրա բոցաշունչ ելույթները, որոնք հռետորական արվեստի գոհարներից էին: Իսկ հիմա այդպես ուղղակի չի ստացվում… https://news.am/arm/videos/6987.html

18․11․ Աշտարակ կաթը սնանկացման եզրին է

Դե իսկ շաբաթվա տնտեսական գույժը ″Աշտարակ կաթ″ ընկերության սնանկության մասին հրապարակումներ էին։ Առաջին հայացքից շատ դժվար է հավատալ, որ կաթնամթերքի շուկայում բավականին մեծ չափաբաժին ունեցող ընկերությունը հայտնվում է սնանկացման եզրին: Ասում են վատ մենեջմենթ, մեծ պարտքեր, վարկեր, բան...

Մի խոսքով մեր մանուկների սիրելի ապրանքանիշերից մեկը հնարավոր է էլ չլինի շուկայում: Ափսոս...

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

17:59 Նոյեմբեր 22, 2016

Ամենաընթերցված նյութեր