Երբ 10+5+3-ը՝ 18 չէ, կամ "քաղաքական տորգն" իր ողջ հմայքով

Հոկտեմբերի 10․ Վանաձորում ընտրվեց ՀՀԿ թեկնածուն

Ինչպես վանաձորցիները, այնպես էլ հայաստանյան ողջ ակտիվ քաղաքական համայնքը սպասում էր, որ գուցե ընդդիմությանը վերջապես հաջողվի միասնաբար հանդես գալ ու ձևավորել քաղաքային իշխանություն։ Եվ դրա համար ստեղծված էին բոլոր նպաստավոր պայմանները․ "Լուսավոր Հայաստան"-ին, որը ընտրությունների արդյունքում ստացել էր 10 մանդատ՝ ընդամենը 3-ով զիջելով ՀՀԿ-ին (13 մանդատ), երկար բանակցություններից հետո հաջողվեց համախմբել ″Հայկական Վերածնունդ″ (5 մանդատ) և ԲՀԿ (3 մանդատ) կուսակցություններին, ինչը հնարավորություն էր տալիս Վանաձորում ընտրել ընդդիմադիր թեկնածուի ի դեմս՝ Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանի։ Անգամ հուշագիր ստորագրվեց այդ 3 ուժերի միջև, որով նրանք պարտավորվում էին քվեարկել Քրիստի օգտին։ Այսինքն՝ մնում էր ավագանու նիստին Մարուքյանը հավաքեր 10+5+3=18 ձայն, քանի որ այդ ուժերը "տղավարի" պայմանավորվել էին։ Բայց փակ քվեարկության արդյունքում տեղի ունեցավ ֆոկուս, և Մարուքյանը ստացավ 10+4․ հուշագիրը ստորագրած ուժերի ներկայացուցիչներից 4-ը, փաստորեն, քվեարկեցին ՀՀԿ-ի օգտին՝ 13+2+4=19, և ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը ընտրվեց Վանաձորի քաղաքապետի պաշտոնում։ 

Հասկանո՞ւմ եք՝ ստորագրվել է հուշագիր, համաձայն որի՝ "Հայկական Վերածնունդ"-ն իր 5, ԲՀԿ-ն իր 3 ձայնը տալիս են "Լուսավոր Հայաստան"-ին, և ընդդիմությունն առաջին անգամ կարողանում է կոալիցիոն քաղաքային իշխանություն ձևավորել։ Շատ փայլուն գործարք կլիներ, եթե … Ինչպես ասում են շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Նրանք ցանկացան լավը անել, բայց ստացվեց ինչպես միշտ: Եվ այստեղ ՀՀԿ-ին ամենաքիչը պետք է մեղադրել։ Փաստորեն այն ուժերը, որոնք, ընդդիմադիր էին և բոլորն էլ պայքարում էին ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի դեմ, իրականում սկզբունքայնություն հանդես չբերեցին: Փաստն այն է, որ նրանց ավագանու անդամ չորս թեկնածուներ արհամարհել իրենց կուսակցության/կուսակցությունների որոշումները և գնացել ակնհայտ քաղաքական գործարքի: Եվ տվյալ դեպքում փոխադարձ մեղադրանքները, մերկապարանոց են հնչում: Եղավ այն, ինչ սպասվում էր, իսկ հետևությունները պետք է ընտրողներն անեն, արդեն ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին…

Հոկտեմբերի 11․ Վիկտոր Դալլաքյանի ոչ այնքան համոզիչ վերադարձը

Երևի կհիշեք Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործչին, ով մի ժամանակ վառ ընդդիմադիր էր, բայց հետո դարձավ ՀՀԿ-ական, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ու Նախագահի մշտական ներկայացուցիչ ԱԺ-ում։ Վերջը, մոտ չորս տարի լռությունից հետո հիմա ի լուր աշխարհի հայտարարում է, որ նորից դառնում է ընդդիմադիր։  Եվ ահա հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարում է, որ հեռանում է իր զբաղեցրած պաշտոններից: Եվ որպեսզի իր հեռանալը և նորից ընդդիմադիր դառնալը մեծ տեղեկատվական առիթ լինի ԶԼՄ-ների համար ձեռքի հետ էլ մի լեգենդ է դաշտ գցում: Եվ ահա պարոն Դալլաքյանը զգուշացնում է, որ եթե իր ելույթից հետո, իրեն կամ իր ընտանիքին մի բան լինի, պատասխանատուն, ոչ ավել, ոչ պակաս՝ Սերժ Սարգսյանն է։ Լա՛վ էլի, շատ արհեստական է, պարոն Դալլաքյան… Ակնհայտ է, որ սա քաղաքական comebeak-ի լավագույն տարբերակը չէր:

 

Հոկտեմբերի 12․ "Հին հոգնածներ"․ Վահրամ Բաղդասարյանը՝ Դալլաքյանի քայլերի մասին

"Ես նման մարդկանց գիտեմ շերեփուկ ժամանակներից, գիտեմ՝ ինչ կյանքով են կայացել, ումով են կայացել"։ Վահրամ Բաղդասարյանն ինչպես միշտ ամեն ինչից տեղյակ է։

 


ԲԱՐՈՄԵՏՐ

16:34 Հոկտեմբեր 17, 2016

Ամենաընթերցված նյութեր