Կլասիկ մենաշնորհների բացակայության, պառլամենտական նոր մշակույթի և կարգին հաղորդման մասին

Հունիսի 7. Նիկոլ Փաշինյան feat Կարգին հաղորդում

Այն, որ ԱԺ ամբիոնը շատերի համար սեփական հումորն ազգին հրամցնելու բավական հարմար հարթակ է, վաղուց արդեն հայտնի է։ Սակայն Նիկոլ Փաշինյանն այս առումով փորձեց գերազանցել բոլորին։ Որպեսզի պարզ լինի, թե 2015թ.-ի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը ինչի է նմանվում, նա վերհիշեց Կարգին հաղորդման մի մանրապատում։ Նիկոլն այս ամենով ասել  կուզեր, որ ԱԺ-ն պետք է այնքան ուժեղ լինի ու հստակ ասի, թե ինչ պետք է Կառավարությունը անի, իսկ վերջինն էլ սուս ու փուս անի։

Հունիսի 8. Շարմազանովը սատարում է Բագրատյանին և հանդիմանում կուսակցին

Ուրեմն՝ Հրանտ Բագրատյանը հիվանդանոց էր գնացել ու չէր հասցրել ԱԺ նիստին՝ հարց տալու համար գրանցվել, բայց խնդրել էր նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, որ իրեն նման հնարավորություն ընձեռի։ Իսկ ահա ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Կորյուն Նահապետյանը հարմար գտավ նկատողություն անել թե՛ Շարմազանովին, թե՛ Հրանտ Բագրատյանին վարման կարգի հետ կապված։ Դա դեռ քիչ էր, մի հատ էլ Բագրատյանին խորհուրդ տվեց անընդհատ չշեշտել, որ ժամանակին լիքը պաշտոններ է զբաղեցրել։ Իրականում այս կոռեկտ բանավեճը ուշագրավ չէր լինի, եթե նիստը վարող ԱԺ փոխխոսնակը իր կուսակցական գործընկերոջը չհանդիմաներ և բացահայտ չաջակցեր ընդդիմադիր պատգամավորին. "ԱԺ նախագահության լիազորությունների շրջանակ մի մտեք: Այո, ես նիստը վարող եմ և եղել են դեպքեր, ու դեռ կլինեն, որ հարգելի պատճառներով մեր որոշ պատգամավորներ չեն կարողացել գրանցվել, և ես, որպես նիստ վարող պետք ա ձայն տամ: Էս ի՞նչ եք Հռոմի պապից կաթոլիկ դարձել: Եթե իմ գործընկերը գալիս է, ինձ խնդրում է հարգելի պատճառով՝ հիվանդանոց պետք ա գնա, մի խնդիր պետք ա լինի, խնդրում եմ՝ ինձ հերթագրեք, ես ո՞ր բարոյական իրավունքով ասեմ չխոսի: Ընդհակառակը, ինչքան շատ խոսեն, էնքան լավ": 

Ինչ խոսք սա, ոչ ավել ոչ պակաս, նոր պառլամենտական մշակույթի դրսևորում է, որը պետք է առանձնահատուկ ընդգծել:

Հունիսի 8. "Ձենները կտրեք"․ Գալուստ Գրիգորիչ

2015թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման հենց ամենասկզբում Գալուստ Սահակյանը ստիպված էր սաստել "չարաճճի" պատգամավորներին, որպեսզի ավարտին հասցնի քննարկվող թեմայի վերնագրի ընթերցումը։ Գրիգորիչը, երևի մի պահ մոռացել էր, որ ԱԺ-ում է և ակամայից իրեն պատկերացրել է դպրոցում։ Ով չգիտի ասենք, որ մինչ քաղաքականություն մտնելը նա երևանյան դպրոցներից մեկի տնօրենն էր: Եվ նա, երևի իներցիայով ինչպես կդիմեր անկարգ աշակերտներին, փաստորեն նույն կերպ էլ պատգամավորներին էր փորձում կարգի հրավիրել: Դե ինչ անի խեղճ մարդը, եթե որոշ պատգամավորներ էլ իրենց վարքագիծով երբեմն նմանվում են չարաճճի աշակերտների:

Հունիսի 8. "Կլասիկ մենաշնորհ չունենք"․ Գալուստ Սահակյան

Ըստ Գալուստ Սահակյանի մենք չունենք կլասիկ մենաշնորհ։ Իսկ էն, որ մի մարդ շաքարի կամ բանանի միակ ներկրողն է, այդքան էլ այդպես չէ, քանի որ բոլորը կարող են գնալ դիմել ու բերել։ Մնում է հասկանալ՝ ինչ է կլասիկ մենաշնորհը, ինչով է տարբերվում ոչ կլասիկից: Եթե ոչ կլասիկ մենաշնորհի հետ գործ ունենք, դա թերևս խնդիր չէ, այ որ կլասիկը լինի… Մի խոսքով, Աստված էլ ավելի վատից, տվյալ դեպքում՝ կլասիկից ազատի:

 


ԲԱՐՈՄԵՏՐ

 

17:00 Հունիս 13, 2016

Ամենաընթերցված նյութեր