Ոչ ստանդարտ նախաձեռնություն ու բացատրություն, և ստանդարտ մեկնաբանություն և որոշում պատգամավորներից

Մայիսի 4. Սերմնաբջջի բանկ. առաջարկ Թևան Պողոսյանից

Իրականում ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի գաղափարը՝ սերմնաբջջի բանկ ստեղծելու վերաբերյալ, ուշադրության արժանի է: Ի վերջո խոսքը վերաբերում է նաև մեր զինծառայողների գենետիկ վերարտադրության խնդրի լուծմանը։ Գաղափարը՝ գաղափար, սակայն դրա կյանքի կոչումը, կարծես, բավականաչափ իրատեսական չի թվում: Ճիշտ է այս հարցի առնչությամբ լուրջ մասնագիտական քննարկումներ դեռ չեն ծավալվել, սակայն դատելով սոցիալական ցանցերում բազմաթիվ  արձագանքներից ակնհայտ է, որ հանրության մի ստվար հատված, այնուամենայնիվ, մերժում է այն: Իսկ մերժում է, որովհետև լավ չի պատկերացնում այդ գաղափարի իրագործման մեխանիզմները: Ի պատիվ ԱԺ պատգամավորի հարկ է նշել, որ քննադատությունները, անգամ ոչ կոռեկտ արձագանքը նրան հետ չեն պահել տվյալ նախաձեռնության առաջմղման գործողություններից: Այնպես որ առաջիկայում այս հարցի առնչությամբ սպասվում են հետաքրքիր զարգացումներ:

Մայիսի 5. Հակառակորդի կողմից ԱԹՍ-ների կիրառման բացատրությունը՝ ըստ գեներալ Սեյրանի

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում շատ խոսվեց հակառակորդի անօդաչու սարքերի մասին, որոնց զանգվածային կիրառման մասին իր ուրույն կարծիքն արտահայտեց նաև գեներալ Սեյրանը. "Ադրբեջանցիք լյոտչիկ չունեն, որ սամալյոտ թռցնեն, դրա համար անօդաչու սարքեր են թռցնում"։ Ավելի սրամիտ և դիպուկ բացատրություն դժվար էր պատկերացնել…

Մայիսի 5. "Հստակ, բարձրաձայն, աներկբա հայհոյանք չի հնչել". Խոսրով Հարությունյան

Հիշո՞ւմ եք ամիսներ առաջ լրագրող Փայլակ Ֆահրադյան - ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյան "դուելը", որից հետո լրագրողը բողոքեց, որ իր հասցեին հայհոյանք է հնչել:  Մհեր Սեդրակյանն էլ, բնականաբար, լրագրողին մեղադրեց իրեն զրպարտելու մեջ: Տեսագրությանը ուշադիր նայելու դեպքում, հնարավոր է անգամ շուրթերից գուշակել, թե ինչ է ասում նա։ Բայց դե ԱԺ Էթիկայի հանձնաժողովը, հաստատ, դրանով չէր կարող առաջնորդվել։ Ավելին, մինչև չլսվի հստակ, բարձրաձայն, ակնհայտ ու աներկբա հայհոյանք, մնացած ամեն ինչը ենթադրություն է։  

 

ԲԱՐՈՄԵՏՐ

19:10 Մայիս 10, 2016

Ամենաընթերցված նյութեր