Երբ փողոցի արտահայտությունները թափանցում են խորհրդարան

Մարտի 14. Սեյրան Սարոյան!

Լրագրողները նորից "գտել էին" Սեյրան Սարոյանին։ Նա էլ միշտ համբերատար, չափազանց անկեղծ անդրադառնում է իրեն ուղղված բոլոր հարցերին։ Այս անգամ լրագրողների հետ բլից-զրույցի թեմաները խիստ բազմազան էին: Այսպես, Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի մասին Սեյրան Սարոյանը շատ կտրուկ էր. "Ա՛յ մարդ, Քոչարյանը ե՞րբ ա ասել՝ գալիս եմ…մոգոնում եք": Ընտրությունների ժամանակ կաշառք վերցնելու հետ կապված գեներալ-պատգամավորը "բարի" խորհուրդ տվեց. "Կաշառք տվի՞ն, վերցրա, ոչ էլ "ատկազ" արա, բայց գնա ներսը, տես ումը սիրում ես, հավանում ես, ձեն տուր"։ Անգամ խոսք գնաց Սուրիկ Խաչատրյանի հսկայական տան մասին. "Տո լավ արեց, քեզ ի՞նչ… Փող ունի սարքել ա... Ո՞նց՝ որտեղից, բիզնեսներ ունի... կարո՞ղ ա քյասիբ էր"։ Մի խոսքով, Սեյրան Սարոյան, և մի ամբողջ 7 րոպե։

Մարտի 16. "Դիշովկա, դիշովկան դու ես, համբալ, համբալը դու ես...". Առաքել Մովսիսյան vs Նիկոլ Փաշինյան

Ամեն ինչ հերթականությամբ: Եվ այսպես, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց է ուղղում Կառավարությանը՝ ինչի համար են այդքան մեծ թվով արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը, եթե, ըստ վիճակագրության, ՃՏՊ պատահարների ու վիրավորների թիվն աճում է, իսկ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարել էր, թե այդ առումով 70% նվազում կա։ Ու սա էլ հիմք հանդիսացավ, որ նա կոմպետենտության հարց բարձրացնի։ Ու այդտեղ չդիմացավ հավերժ երիտասարդ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը. "Կոմպետենտը դու չես, արա" ու գնաց... Նրան միացավ Առաքել Մովսիսյանը ու իրեն հարիր բառապաշարով համեմեց, ավելի ճիշտ՝ հարամեց ԱԺ օրինաստեղծ մթնոլորտը։ Ու քանի որ Նիկոլ Փաշինյանի լեզվի տակ ոսկոր չկա, նա ջանասիրաբար բումերանգի էֆֆեկտով Առաքել Մովսիսյանին էր վերադարձնում իրեն հասցեագրված բոլոր վիրավորանքները։ Մի տեսակ, սովորական են դարձել այս կարգի դրսևորումները ԱԺ-ում: Ցավալին այն է, որ որոշ քաղաքական գործիչներ նմանօրինակ միջադեպերը նորմալ երևույթ են համարում և հաճախ հղում են անում այլ երկրների պառլամենտներին… բայց հարգելիներս, մենք ի՞նչ գործ ունենք ուրիշներ հետ և, առհասարակ, ինչո՞ւ ենք փորձում ցանկացած վատ երևույթ արդարացնել… Մի խոսքով, միանգամայն անընդունելի են նման պոռթկումները և դրանց համար որևէ արդարացում բերելը նույնքան մերժելի է…
Իսկ ամբողջական աղմկահարույց հարց ու պատասխանը՝ այստեղ։


Մարտի 16. "Չի կարելի "չիշիկ անել" Սահմանադրության վրա". Հրանտ Բագրատյան

ԱԺ պատգամավորների բառապաշարում կենցաղային արտահայտություններն այլևս հաճախ հանդիպող իրողություն են: Երբեմն նրանք այնքան են տարվում դրանցով, որ խտրականություն չեն դնում ո'չ դրանց կիրառման պատեհության և ո'չ էլ արտահայտչամիջոցների միջև: Զորօրինակ, Հրանտ Բագրատյանը, ոչ մեկ ոչ երկու, իր ելույթն ավելի տպավորիչ դարձնելու համար օգտագործում է հետևյալ արտահայտությունը. "Չի կարելի "չիշիկ անել" Սահմանադրության վրա": Հետո՝ իհարկե երիտասարդ գործընկերոջ դիտողությունից հետո, նա ընդունում է իր սայթաքումը, բայց միևնույն է՝ բոլորն արդեն ֆիսքվել էին նրա՝ այդ ցենզուրայից դուրս արտահայտության վրա: Ինչպես ասում են՝ ԱԺ-ում նախորդ շաբաթ մի տեսակ զավեշտաշատ ստացվեց:

Մարտի 17. "Նիկոլը մեր ախպերն ա". Սամվել Ալեքսանյան

Սամվել Ալեքսանյանը, ի վերջո, համաձայնեց առանց հոնորարի ծավալուն հարցազրույց տալ լրագրողներին՝ անթաքույց խոսելով իր նոր՝ ճակնդեղի գործարանի մասին, որը Գյումրիում է բացվելու: Մենք հարմարվել ու էլ չենք ըմբոստանում՝ "Բա ո՞նց, պատգամավորը բիզնես ունենալու իրավունք չունի՝ համաձայն ՀՀ Սահմանադրության": Բայց ինչպես վերևում նշեց Բագրատյանը, ո՞վ է բանի տեղ դնում Սահմանադրությանը: Հաջորդ կարևոր բանը, որ ասաց Սամվել Ալեքսանյանը, դա այն էր, որ Նիկոլ Փաշինյանը իրականում "մեր հետ ա, ուղղակի ցույց ա տալիս, թե մեր հետ չի": Ու վերջում էլ առաջարկում Փաշինյանին, որ գա ու աշխատացնի գործարանը: Դե ինչ, Սամվել Ալեքսանյանը "պատռեց" Նիկոլի դիմակը․ նա այլևս ընդդիմադիր չէ… մնում է Դիոգենեսի նման՝ օրը ցերեկով լամպը ձեռքներիս, ընդդիմություն փնտրենք: Բայց ժողովո՛ւրդ ջան, հույսներդ մի՛ կորցրեք, առջևում ընտրություններ են, և ընդդիմության պակաս չի զգացվի, իսկ այդ բազմազանության մեջ ոնց էլ լինի, մի իսկական ընդդիմադիր ուժ/գործիչ կգտնենք էլի…

 

ԲԱՐՈՄԵՏՐ

14:00 Մարտ 21, 2016

Ամենաընթերցված նյութեր