"Կարմիր խնձորն ուտելու համար է", "ոչ հայրիշխանությանը" և նմանօրինակ "մարտիության" կարգախոսներ

Հայաստանում սովորաբար մարտի 8-ն անցնում է ուրախ, ինչպես ասում են՝ կանայք այդ օրը (և ոչ միայն այդ օրը) ուշադրության կենտրոնում են. նվերներ են ստանում, գեղեցիկ մաղթանքներ լսում, հատուկ նրանց համար բազմաբովանդակ միջոցառումներ են կազմակերպվում: Մի խոսքով, ամեն ինչ հավուր պատշաճի: Բայց այս մարտի 8-ն առանձնացավ նաև նրանով, որ տարաբնույթ ակցիաներ կազմակերպվեցին կանանց և ոչ միայն նրանց նախաձեռնությամբ ու մասնակցությամբ: Ամեն ինչ հերթով.

Ազատություն Նադյա Սավչենկոյին

ՌԴ դեսպանատան մոտ հավաքվել էր մինչև տաս հոգանոց մի խումբ՝ պահանջելով ազատ արձակել ուկրաինացի ազատամարտիկ և օդաչու  Նադյա Սավչենկոյին, ով գտնվում է ռուսական բանտում։ Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը դա համարում է ամոթալի երևույթ, և միանում աշխարհում այս պահին Նադյային սատարողներին։
Էլ ուրիշ բան ու գործ չկար։ Չէ՛, մեզ ճիշտ հասկացեք, մենք, իհարկե, դեմ ենք, որ այս կինը բանտում մնա, եթե նրա հանցավորությունն ապացուցված չէ, բայց դե լավ էլի, Խզմալյա՛ն։ Մի օր ադրբեջանական մամուլին եք հակահայկական հարցազրույց տալիս, հիմա էլ… Վատ չէր լինի մի փոքր էլ հայանպաստ հանրային նախաձեռնություններով ներկայանայիք հասարակությանը, գուցե, դրանից հետո ավելի շատ աջակիցներ գտնեք Նադիա Սավչենկոյին աջակցելու գործում:

Ֆեմինիստական ակցիա Դալմա Գարդեն մոլում

Մի խումբ մարդիկ՝ ֆեմինիստներ, մտել էին "Դալմա Գարդեն Մոլ" և նրա կենտրոնում պահել պաստառներ հետևյալ վերտառությամբ՝ "Անձնականը քաղաքական է", "Մարտի 8-ը պայքարի օր է", "Մարմնավաճառությունը ընտրություն չէ, այլ աղքատության և բռնության մշակույթի հետևանք" և այլն։ Հետո "երկնքից" սկսեցին ինչ-որ բաներ թափվել։ Չէ՛ մանանա չէր, այլ թռուցիկներ՝ "Հեղափոխությո՛ւն, դուրս արի սեռվանդից" գրվածքով։ Մոլի անվտանգության աշխատակիցները մոտեցան ակցիայի մասնակիցներին և պատվիրեցին նրանց դուրս գալ տարածքից։ Վերջինները ոնց որ թե մի քիչ վիճեցին և հետո ինքնագոհ հեռացան։ Բայց այդպես էլ մութ մնաց, թե ինչ նպատակ էր հետապնդում այս ակցիան և, առհասարակ, ինչ խնդիր լուծեցին կազմակերպիչները։ Մի բան էր ակնհայտ, որ շատերն այդպես էլ անհաղորդ մնացին և առանձնապես չտարվեցին այս ակցիայի լոզունգներով:

Ֆեմինիստական մեկ այլ ակցիա Երևանի փողոցներում

Այո՛, այս ամենը՝ մեկ օրում։ Կարծես ֆեմինիստական մոտիվներով մեծ փառատոն լիներ մարտի 8-ին, որտեղ կարգախոսների պակաս չէր զգացվում։ Եվ ահա Երևանի փողոցներում հերթական ակցիայի կազմակերպիչներն էին առայժմ անհայտ (իսկ հետայսու՝ հայտնի ոմանց համար) "Ֆեմինիստ պլատֆորմ" անվանմամբ 
"Ոչ հայրիշխանությանը", "Կարմիր խնձորը ուտելու համար է", "Փողոց, պայքար, ազատություն", "Կանանց իրավունքների օր՝ ամեն օր", "Ընտրողը մենք ենք, մարմինը իմն է": Մեկը մյուսից տարօրինակ կարգախոսներ։ Քայլերթի մասնակիցները կոչ էին անում դուրս գալ փողոց ու պայքարել կանանց իրավունքների համար։ Ա՛յ մարդ, առանց փողոց դուրս գալու էլ մեր կանայք իրենց իրավունքների "տեղը" լավ էլ գիտեն։ Մի խոսքով, շատ խորհրդավոր մարտի ութ ստացվեց…
Շնորհավոր մեր կանանց գարնանային միամսյակի կապակցությամբ։ Եղեք հպարտ և երջանիկ։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:30 Մարտ 14, 2016

Ամենաընթերցված նյութեր