Գյումրին ընդդիմադիր քաղաք չէ, Գյումրին լավ քաղաք է

Մարտի 3. "Պրն Գյոզալյան, մի րոպե կանգնեք". Վարչապետ

Եվ այսպես, երկկուսակցական կառավարությունն արդեն փաստ է: Արդեն ներկայացվել են դաշնակցական նոր նախարարներն ու մարզպետները: Վարչապետը կառավարության նիստի ընթացքում նույնպես ներկայացրեց նորանաշանակ մարզպետներին և իրեն հատուկ ուսուցչա-դաստիարակչական ոճով, դիմեց նրանց Արագածոտնի նորանշանակ մարզպետ Գաբրիել Գյոզալյանին. "Պրն Գյոզալյան, մի րոպե կանգնեք: Կա՞ն հարցեր պրն Գյոզալյանի հետ": Նման հարցադրումն արդեն ենթադրում է իր պատասխանը, որ չկան հարցեր, դեռ... Պրն Գյոզալյան, կարող եք նստել": Առհասարակ, տարօրինակ է, երբ նման դեպքերում կառավարության անդամներից որևէ մեկի մոտ հարց չի առաջանում: Հասկանալի է, որ քաղաքական համաձայնագրի շրջանակներում է նշանակվել դաշնակցական մարզպետը և երկրորդ անգամ է վերադառնում իր պաշտոնին, բայց սա չի նշանակում, որ նրան հարց չպետք է ուղղել…

Մարտի 3. "Գյումրին ընդդիմադիր քաղաք չէ, Գյումրին շատ լավ քաղաք է". արդարանում է Շիրակի նոր մարզպետը

Շիրակի մարզպետի պաշտոնում իր անդրանիկ հարցազրույցում Հովսեփ Սիմոնյանը դրսևորեց այն տիպիկ կեցվածքը, որը վերջերս հաճախ է հանդիպում հատկապես ընդդիմադիր համարում ունեցող մարզերի և համայքների ղեկավարների շրջանում: Հերթական նույնաբովանդակ դիտարկմանը Շիրակի նորանշանակ մարզպետը չգիտես ինչու միանգամից սկսեց արդարանալ, թե ո՞վ է ասել, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է, Գյումրին շատ էլ լավ քաղաք է: Է, հա՛, էլի որ լավ քաղաք է: Ընդդիմադիրի համարում ունենալը ամենևին չի նշանակում, որ վատ քաղաք է: Մնում է հուսալ, որ նորանշանակ մարզպետը իրականում այդ հարթության վրա չի ցանկացել զուգահեռներ անցկացնել, պարզապես ըստ չոր տրամաբանության հանրային ընկալումը այդպիսնին է եղել:

Մարտի 5. Սյունիքի մարզպետի տղայի առաջին հանրային ելույթը

Կարճ նախաբան. Սյունիքի մարզպետի տղայի անունը Տիգրան է, այսուհետ` Տիգրան Խաչատրյան: Նա չի ծառայել բանակում, բայց Գորիսի երկրապահ կամավորականների միության երիտասարդական թևի կառույցի ղեկավարն է: Վերջերս նշանակվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության "Հայանտառ" ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական ու կարճ ժամանակ անց սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից: Նրա անվան հետ կապված են մի շարք պատմություններ, որոնց մի մասը հանրային լայն հնչերանգ է ստացել: Դե մարդը կապ չունի էդ ամեն ինչի հետ, ուղղակի, ինչպես ինքն է նշում իր անդրանիկ հարցազրույցի մեջ, էնքան աչք է նայում իրեն, որ փորձանքն օդից գալիս կպնում է: Հա եթե հետևենք սնոտիապաշտական կոդերին, կարող է նաև այդպես լինի, բայց այդ ամենից դուրս, գոնե մի փոքր էլ մարդն է իր պահվածքով նպաստում, որ այդ չարաբաստիկ փորձանքը գա ու իրեն կպնի… Ինչևէ, բայց առաջին անգամվա համար բլից հարցազրույցը վատը չէր…

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:30 Մարտ 07, 2016

Ամենաընթերցված նյութեր