Գարնանամուտն ու "ընտրությունամուտը" ԱԺ-ում

Փետրվարի 22. "Բիձա մարդ ա… ". Սեյրան Սարոյան

Ինչպես նշվել էր "նախորդ զավեշտներում", հերթական միջադեպն էր գրանցվել ԱԺ-ում, որի կենտրոնում հայտնվել էր ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Նա, ըստ ականատես լրագրողի, խիստ անարգալից է եղել լրագրողների հետ և հենց այս հանգամանքով պայմանավորված` վերջիններս բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԺ դարպասների մոտ: Իսկ այդ ընթացքում Մհեր Սեդրակյանի գործընկերները լծվել էին նրա պաշտպանության գործին: Նրանք փորձում էին լրագրողներին համոզել, որ իրականում ոչ մի հայհոյանք կամ անարգալից արտահայտություն Սեդրակյանի կողմից չի եղել: Այս ֆոնի վրա բավականին հետաքրքիր էին ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի պարզաբանումները. "Բիձա մարդ ա էլի, մեկ-մեկ էլ կարող ա փստցնի։ Դե բիձա մարդ ա ընգել ձեռներդ, կերեք...": Արդեն հաջորդ օրը գերներալ-պատգամավորը նշել էր, որ իր մոտ մի քիչ լավ չստացվեց էդ արտահայտությունը… նկատի ունենալով, ընդհանուր առմամբ, Մհեր Սեդրակյանին պաշտպանելը:

Փետրվարի 23. "Լայթսոտ" քննադատություն անո՞ղ, թե՞ քաղաքական Ռեմբո". Նաիրա Զոհրաբյանը՝ Օմբուդսմենի մասին

ԱԺ-ում նախորդ շաբաթ քառօրյան էր մեկնարկել, ինչը նշանակում է, որ քաղաքական առումով շաբաթը պետք է իրադարձաշատ լիներ: Եվ, բնականաբար, այդպես էլ կար: ԱԺ-ում քննարկվող հարցերի առանցքում էր ՀՀ Օմբուդսմենի ընտրությունը։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում փորձեց կանխատեսել, որ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Արման Թաթոյանը իրականում իշխանության ձեռքին կարող է դառնալ գործիք՝ բավարարվելով "լայթսոտ" քննադատություններով, իսկ ընդդիմությունն էլ իր հերթին փորձելու է նրանից "քաղաքական Ռեմբո" կերտել։ Ու այս ազդեցությունները շրջանցելու համար նա խորհուրդ տվեց որպես հենարան ընտրել հասարակությանը։ Դրանով հնարավոր է տիկին Զոհրաբյանը "ձեռի հետ" ակնարկեց նաև ԲՀԿ-ին՝ գործընկերոջ կարգավիճակում, քանի որ այս քաղաքական միավորը, կարծես, նորից որպես քաղաքական այլընտրանք է դիրքավորվում, այսինքն՝ ոչ իշխանություն, և ոչ էլ ընդդիմություն:

Փետրվարի 23. "Սթափվե՛ք այ անփառունակ մայմուններ". Հովհաննես Մարգարյան

Եթե ՕԵԿ-ը գերակտիվանում է, ուրեմն ընտրությունները սարերի հետևում չեն: Նախորդ շաբաթ, ըստ էության, ՕԵԿ-ի ռեբրենդինգի գործընթացը հասավ իր հանգուցալուծմանը. այսուհետ այն հանրությանը ներկայանալու է որպես "Հայկական վերածնունդ միավորում" կուսակցություն կամ պարզապես Հայկական վերածնունդ։ Ըստ կարկառուն ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի սա աննախադեպ մի երևույթ էր անգամ միջազգային պրակտիկայում, քանի որ միանգամից 150 հասարակական-քաղաքական կազմակերպություններ, հազարավոր անհատներ միացան այս գործին՝ հանուն մեր ժողովրդի պայծառ ապագայի։ Իսկ ահա որոշ "ճենջոտ ու լոզոտ պնակալեզների" տխրահռչակ ջոկատներ, նախանձից կուրացած, չարախնդում են։ Իսկ ՕԵԿ-ականները, կամ այսուհետ՝ "վերածննդականները", առաջնորդվում են՝ "Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ խոսել խավարի մասին" տարիներ ի վեր հնչող կարգախոսով։

Լավ էլի ժողովուրդ, ինչո՞ւ եք չարախնդում, չէ որ ՕԵԿ-ականները ամեն ինչ ճիշտ են անում, ի վերջո նրանք պետք է համախմբեին քաղաքական դաշտը և քաղաքացիական հասարակությանը: Ոչինչ, որ առայժմ ոչ այնքան հայտնի կուսակցություններով և ՀԿ-ներով: Ի դեպ, այս հանգամանքը կարելի է նաև դրական լույսի տակ մեկնաբանել. հայտնի չեն, ուրեմն վարկաբեկված էլ չեն… ինչպես կասեր հայտնի հումորային սերիալի հերոսներից՝ Գոգոն՝ "մի քիչ ուղեեեղով մտածեք էլիի, ուղեեեղով":

Փետրվարի 24. "Ես չեմ հայհոյել, բերեք ցույց տվեք". Մհեր Սեդրակյան

Այն, որ որոշ լրագրողներ ընկնելով տարաբնույթ "սենսացիաների" և, այսպես կոչված, "ռեյտինգային" նյութերի հետևից, հաճախ ուղղակի հրահրում են քաղաքական գործիչներին իրենց դերին ու կարգավիճակին ոչ հարիր բառապաշարի օգտագործմանը, հայտնի իրողություն է: Սրա դեմ պայքարելը, վաղուց արդեն անիմաստ է դարձել: Գուցե հենց դա է պատճառը, որ շատերն ամեն կերպ ջանում են իրենց ճանապարհին լրագրող չհանդիպել: Բայց եթե արդեն հանդիպել են, ուրեմն պետք է առնվազն հանդուրժող գտնվեն և նաև գիտակցեն, որ նրանք էլ իրենց գործն են անում, երբեմն նաև ոչ այնքան ընդունելի մեթոդներով: Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանը փորձառու քաղաքական գործիչ է և դժվար է ասել, որ չի տիրապետում այս ամենին: Պարզապես լինում են պահեր, երբ մարդը կարող է հունից դուրս գալ: Բայց նույնիսկ այս դեպքում պատգամավորը նշում է, որ ինքը չի հայհոյել և "Էս ինչ նախիր է" ասելով՝ իրականում ինչ-որ պատմություն էր պատմում իր ընկերոջը: Հիմա ով հավատաց, ով՝ ոչ հարցի ոչ այնքան էական կողմն է: Խնդիրն այն է, թե ում են պետք այս "շոուները" և ովքեր են, առհասարակ, այս ամենից շահում: Այս առումով, միանշանակ է, որ շահող կողմը, հաստատ, հասարակությունը չէ…

Փետրվարի 25. "Պարո՛ն Բագրատյան, ես տիկին եմ". Հերմինե Նաղդալյան

Եվ վերջում՝ շաբաթվա ամփոփիչ լիցքաթափում՝ մի քանի վայրկյանում։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:30 Փետրվար 29, 2016

Ամենաընթերցված նյութեր