Քաղաքական "ամուսնության", "յեխիդնի" հարցերի և "նորմալ ու աննորմալ" լրագրողների մասին

Փետրվարի 19. "Մարդ ու կնիկ պսակվում են, հետո բաժանվում են". Սեյրան Սարոյան

ՀՀԿ—ՀՅԴ համագործակցության ամենացցուն մետաֆորիկ բնորոշումն արդեն տրվել է՝ "քաղաքական ամուսնություն"։ Սեյրան Սարոյանն էլ լրագրողների հետ զրուցելիս աղ ու բիբար է լցրել այդ ամենին՝ ասելով, որ "մարդ ու կնիկ, որ պսակվում են, լավ չի լինում, բաժանվում են"։ Բայց նա նաև զգուշորեն հույս է հայտնել, որ ամեն բան լավ կլինի։ Հիմա տուն է, ամեն բան էլ կլինի, ամուսիններն էլ կկռվեն, կբաժանվեն։ Իսկ շատ դեպքերում զույգերը միավորվում են։ Դե՛, ինչպես ասում են, հաջողություն մաղթենք մեր քաղաքական զույգին…

Այսքանով Գեներալ-պատգամավորը չի սպառել իր սրամտությունների շարքը: Հ3 հեռուստաընկերությամբ հյուրընկալվելով Կարմեն Դավթյանին՝ վերջինի՝ "անառակ կիրակի"-ի վերաբերյալ հարցին տվել է հետևյալ պատասխանը. "էտի անառակները կիմանան, ես ի՞նչ իմանամ": Ինչ խոսք, լավն էր գեներալի հումորի բարձր "դոզայով" հակադարձումը: Վստահ կարելի է լինել, որ այն կգնահատեն ոչ միայն քաղաքական սատիրայի բազմահազար հետևորդները, այլ նաև ԿՎՆ-ի խաղի փորձառու ներկայացուցիչները: Նրանց մեծամասնությունը հազիվ թե նման պատասխան գեներացներ:

Փետրվարի 19. "Յեխիդնի հարցեր են տալիս ու փչացնում ՀՀԿ-ՀՅԴ տոնը". Նիկոլ Փաշինյան

Դեռևս շատերն այդպես էլ չհասցրեցին հասկանալ մոտ երկու տարի առաջ երկու՝ ֆունկցիոնալ տեսանկյունից տարբեր նախարարությունների միացման հիմնավորումները, և, ահա, դրանք նորից տարանջատվեցին։ Այն ժամանակ պատճառաբանվեց, որ այդ քայլով նպաստում են արդյունավետ կառավարմանը և բյուջեի միջոցների խնայողությանը։ Սա, անշուշտ, "հալած յուղի" պես չընդունվեց, սակայն մեծ առարկություններ էլ կարծես չեղան: Սակայն երբ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով նորից վերադառնում են հին տարբերակին մի տեսակ կորում է լրջությունը: Ինչ խոսք, բոլորն էլ հասկանում են, որ սա իրավիճակային քայլ է, որով, փաստացի, պետք է բավարարվեն ՀՀԿ կոալիցիոն գործընկերոջ հավականությունները: Բայց, գուցե, հնարավոր էր այլ՝ ավելի քիչ խոցելի լուծում գտնել: Այս առումով, թերևս, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեգնական տոնով հարցադրումը տեղին էր՝ "նույն կերպ բաժանենք մեր մարզերը, որպեսզի մարզպետերը չնեղանան"։

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝

Փետրվար 19. "Նորմալ լրագրողների հետ խոսում եմ, աննորմալների հետ՝ չէ". Մհեր Սեդրակյան

ԱԺ-ում միջադեպ է գրանցվել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև: Նրա պատմելով՝ միջանցքում տեսնելով հարցազրույցի շտապող լրագրողներին՝ Մ. Սեդրակյանն ասել է. "Էս ի՞նչ նախիր է", ինչին ի պատասխան լրագրողն ասել է, որ պետք չէ նման վիրավորական արտահայտություն անել": ԱԺ պատգամավորը փորձել է բացատրել լրագրողին. "Տղա՛ ջան, դու իմ երեխուց էլ փոքր ես, արի գնանք իմ սենյակ խոսանք": Իսկ լրագրողը հորդորել է տեսախցիկների առաջ խոսել: Հարցին, թե ինչու է պատգամավորը խուսափում լրագրողներից՝ Սեդրակյանը արձագանքել է. "Նորմալ լրագրողների հետ խոսում եմ, աննորմալների հետ՝ չէ": Այս պատմությունը բնականաբար շարունակություն կունենա: Ակնհայտ է, որ լրագրողները և հատկապես ընդդիմադիր պատգամավորները վճռական են տրամադրված պատգամավորին "կարգի հրավիրելու" հարցում: Մի բան, թերևս, պարզ է, որ որոշ պատգամավորների և լրագրողների շփումը, մեղմ ասած, չի ստացվում: Որոշ լրագրողներ քաղաքական գործիչներին հարցեր ուղղելիս իրենց համար ցանկալի պատասխաններն էլ մեջ են հնչեցնում, իսկ հատկապես մեր ազգընտիրներից շատերը այդպես էլ չսովորեցին քաղաքակիրթ շփվել նրանց հետ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

16:30 Փետրվար 22, 2016

Ամենաընթերցված նյութեր