"ՄԻկիսապաշտպանի", հեղինակազրկված իշխանության հետ ՀՅԴ-ի համագործակցության և ազնիվ գավառականի մասին

Փետրվարի 1. "Անդրեասյան թե Իշտոյան, մեկ է կիսապաշտպան է լինելու". Հովհաննես Մարգարյան

ՕԵԿ-ն ակտիվացել է: Սա նշանակում է, որ ընտրությունները սարերի հետևում չեն։ Եվ ահա թունդ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն անդրադարձավ ՄԻՊ ինստիտուտին՝ կարևորելով դրա դերը, միաժամանակ մտավախություն հայտնեց, որ այն մեր իրականության մեջ լիովին անկախ, այնուամենայնիվ, չի կարող լինել: Ըստ Մարգարյանի հենց այդ պատճառով էլ այլևս նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց։ Ու հիմա էլ պատգամավորը պնդում է, որ Անդրեասյանը չլինի, լինի Իշտոյանը, մեկ է "կիսապաշտպան" է լինելու։ Դրա համար նա խորհուրդ է տալիս գոնե հնարավորություն ընձեռվի որքան հնարավոր է շատ թեկնածուներ առաջադրվեն ՄԻՊ պաշտոնում, քվեարկությունն էլ լինի փակ, և դրա կարգն էլ այնպես փոփոխվի, որ օրինակ մի հանձնաժողովում 3 հոգով ոչ մի որոշում չկայացվի։ Հա, ինչ խոսք, պատգամավորի ասածի մեջ ճշմարտության տեսակարար կշիռը մեծ է, պարզապես, փորձը ցույց է տալիս, որ այդ ճշմարտությունների մասին այս քաղաքական ուժի ներկայացուցիչները, որպես կանոն, սկսում են խոսել ընտրությունների նախաշեմին: Սպասենք նոր բացահայտումների…

Փետրվարի 1. "Ում ուզեմ, ոնց ուզեմ, տենց էլ կանեմ". Շմայս

Շամշյանը "լեզու է գտել" Առաքել Մովսիսյանի հետ, քանի որ միշտ "բոց" պատասխաններ է ստանում նրանից։ Եվ ահա "Ի՞նչ կանեք, եթե լինեք Մարդու իրավունքների պաշտպան" հարցին Շմայսը հետևյալ պատասխանն է տվել. "Ում ուզեմ, ոնց ուզեմ, ըտնեց էլ կանեմ"։ Ինչ խոսք, պատասխանն ավելի շատ հումորի շարքից էր, և մեծամասամբ այդպես էլ ընկալվեց։ Բայց հարցն այն է, թե ինչո՞ւ է պատգամավորը նման կերպ պատասխանում ֆոտոլրագրողի հարցին` լավ իմանալով որ մի քանի րոպե հետո ամբողջ մամուլը հեղեղվելու է իր "դիպուկ" արտահայտություններով: Այստեղ խորհելու կամ երկար-բարակ մտածելու շատ բան չկա. կամ Առաքել Մովսիսիյանի համար միևնույն է, թե ինչպես կարձագանքի մամուլը. կամ էլ մտածում է, որ իր ասածները ընդամենը անմեղ հումոր են և դրանք այդպես էլ պետք է ընկալվեն: Մի խոսքով, շատ դժվար է ասել, թե հատկապես որ տարբերակին է ապավինել պատգամավորը:

Փետրվարի 1. "Իշխանությունը հեղինակազրկված է". Արմեն Ռուստամյան

ՀՅԴ-ն, նորից թևերը "քշտել" է ու լծվել է երկիրը փրկելու վեհ գործին։ Եվ այս սուրբ գործի համար կուսակցությունը պատրաստ է անգամ "սատանայի" հետ համագործակցել: Մոտավորապես հենսց սա է եղել ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի մտքին, երբ ասել է. "միանալով հեղինակազրկված իշխանությանը` նրանք կփրկեն երկիրը"։ Արմեն Ռուստամյանը նաև լավ պատկերացնում է, որ միանալով իշխանություններին` իմա` ՀՀԿ-ին, իրենց վարկանիշը հաստատ կընկնի, բայց հանուն երկրի ապագայի նրանք պատրաստ են այս զոհաբերությանը։ Շատ օրիգինալ մոտեցում… և ի՞նչ հիմնավորվեց. բոլորը հասկացա՞ն և ծափողջյուններով ընդունեցի՞ն այս մոտեցումը: Սա, մեղմ ասած, համոզիչ չէր: Հասկանալի է, որ պարոն Ռուստամյանը չէր կարող մինչև վերջ անկեղծանալ և ասել, որ մեկ տարի հետո մեր երկրում խիստ վճռորոշ ընտրություններ են ու ՀՅԴ-ն մեծ ակնկալիքներ ունի, և հիմնականում հենց դրա համար էլ փորձում է համագործակցել իշխանությունների հետ: Թե չէ երկիր փրկել կամ նմանօրինակ ամպագորգոռ արտահայտություններ…

Փետրվարի 4. Ազնիվ գավառական vs էժան քաղքենի

"Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2"-ը, որն իրենից ներկայացնում է 112 մլն դոլարանոց վարկային ծրագիր, նպատակ ունի բեռնաթափել Երևանը։ Այս առնչությամբ իրենց տեսակետները հայտնեցին մի շարք պատգամավորներ, որոնց ելույթները ներկայացնենք կարճ երկխոսության ձևաչափով.
- Էդ ո՞նց է ստացվում, որ մնացած քաղաքներում ծրագրեր իրականացնելու համար պետք է քաղաքային բյուջեից մարվեն վարկերը, իսկ մայրաքաղաքի դեպքում վարկը պետք է մարի պետությունը։ Երևանը կարող է բեռնաթափվել ոչ թե միայն վարկերով, այլև մնացած քաղաքներում համապատասխան ծրագրեր իրականացնելով, - Վանաձորից` Էդմոն Մարուքյան։

- Էս ի՜նչ գավառական մտածողություն է։ Ինչ-որ մեկի մոտ կա՞ հարց, որ Երևանն է մեր երկրի այցեքարտը։ Էս ի՜նչ գավառական մտածողություն է ... Չի կարելի, Էս ի՜նչ գավառական մտածողություն է ..., - ծննդով ալավերդցի, հոգով-սրտով բոլոր քաղաքները կարևորող Էդուարդ Շարմազանով։

- Բավական է ամեն մի պատգամավորի ելույթից հետո "կոմենտարիաներ" անեք։ Յուրաքանչյուրն իրավունք ունի ասելու այն, ինչ ցանկանում է։ Դուք չէ, որ պետք է որոշեք, իաա, - ՕԵԿ խմբակցության ղեկավար, երևանաբնակ Հեղինե Բիշարյան։

- Մի՚ աղավաղեք իմ խոսքերը։ Ավելի լավ է ազնիվ գավառական, քան էժան քաղքենի։ Շնորհակալություն տիկին Բիշարյան պատգամավորական սոլիդարության համար - պատասխան հարված Էդմոն Մարուքյանից։ 

Ընտրություններն են մոտենում։

Փետրվարի 5. "Կոալիցիոն սերիալ"

Արդեն գիտենք ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր համագործակցության մասին։ Այդ մասին խոսում են, բանակցում են, վերլուծում են, և վերջապես "նախանձում"։ Այսպես՝ ՀԱԿ-ը, ի դեմս Լևոն Զուրաբյանի, նշում է, որ այդ կապը սերիալ է հիշեցնում, որտեղ զույգն անընդհատ ամուսնանում-բաժանվում է։ Դե իսկ տարաբնույթ քննադատություններին հակադարձելու մեծ փորձ ունեցող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս անգամ ավելի քան լակոնիկ պատասախանով բավարարվեց. "Բնականաբար բոլոր "տանը մնացածները" նման հայտարարություններ են անում"։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի այս պատասխանն էլ վկայում է այն մասին, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը սարերի հետևում չէ… դե ինչ, սպասենք իրադարձությունների զարգացմանը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:30 Փետրվար 08, 2016

Ամենաընթերցված նյութեր