Գործից "փախնող" նախարարները և "հարկահավաք" գայիշնիկները ուշադրության կենտրոնում

Հունվարի 18. Արամի 30 շենքը՝ գերակա հանրային շահ

Մի քանի տարի առաջ Արամի 30 շենքը քանդելու առնչությամբ բողոքի մեծ ալիք բարձրացավ։ Հետո մոնտաժողները "խոստացան", որ այդ սիրուն կարմիր տուֆից շենքին ձեռք չեն տա։ Անցան տարիներ։ 2016թ.-ի հունվարի 17-ի գիշերը սկսվեց այդ շենքի ապամոնտաժման աշխատանքները՝  հիմք ընդունելով Կառավարության այն որոշումը, ըստ որի այն այլևս հանրային գերակա շահ է ճանաչվել։ Իսկ ի՞նչ ասել է հանրային գերակա շահ։ Ըստ համապատասխան օրենսդրության՝ հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից։  Իսկ ո՞րն է գերակա հանրային շահն այս դեպքում։ Ասում են, որ այդ տարածքում հյուրանոց է կառուցվելու, բայց նշվեց, որ այդ շենքը կապ չունի հյուրանոցի կառուցման հետ: Պարզվում է, որ այն ուղղակի խանգարում է երթևեկությանը. փողոց պետք է անցնի այդ մասով։ Լավ, բա մինչ այդ ո՞նց էր կարգավորվում/կազմակերպվում երթևեկությունը։ Մի՞թե այդ տուֆից շենքն էր մեր քաղաքում երթևեկությունը կաթվածահար անում։ Նույն տրամաբանությամբ, հնարավոր է Երևանի դեմքը պահող այլ շենքեր նույնպես քանդվեն (եթե այդպիսիք մնացել են):

Հունվարի 20. "Աշխատանքից ուշանալ չկա". Հովիկ Աբրահամյան

Էն, որ մեզանում աշխատանքային կարգապահությունը կաղում է, վաղուց հայտնի իրողություն էր: Եվ այս խնդիրը մեծապես առնչվում է իշխանության բարձրագույն օղակներին, իմա` կառավարությանը: Պարզապես դրա մասին հրապարակավ քչերն են խոսում: Եվ պատկերացրեք ինչ աստիճանի է հասել այս հարցը, որ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստին կարևոր խնդիրները թողած հորդորում է, կառավարության անդամներին չուշանալ և աշխատանքից շուտ տուն չգնալ: Չլսված բան… Փաստորեն, այդ խնդիրը բոլորովին լոկալ չի, հակառակ դեպքում վարչապետն այն չէր հանրայնացնի… Ստացվում է, որքան երկրում խնդիրները շատանում են, կառավարության անդամներն ավելի քիչ են աշխատանքի ներկայանում: Դե իրենց էլ կարելի է հասկանալ, մարդ են, չէ՞, այդ ծանր պրոբլեմների տակ կքած, հո ինֆարկտահար չեն լինի… 

Հունվարի 20. "Ձեռքներդ կպոկեմ". Վլադիմիր Գասպարյան

Նկատողություններ տալու էստաֆետը վարչապետից նախորդ շաբաթ վերցրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա Ոստիկանության կոլեգիայի նիստում ամփոփելով 2015թ.-ը, հատկապես կենտրոնացավ Ճանապարհային ոստիկանության աշխատանքների վրա: Ըստ Վլադիմիր Գասպարյանի "որոշ թափթփուկների լկտի պահվածքի պատճառով" ողջ համակարգի աշխատանքը զրոյականի է հասցվում: Նրան մտահոգում էր "նալոգ" ասվածը, ու այն, որ այդ վայ աշխատակիցները մատով վերև են ցույց տալիս, թե իբր ստիպված են հարկահավաքություն անում, որ տան վերևներին: Ոստիկանապետը շատ խիստ տոնով սաստեց, որ այդ որոշների ձեռքերը կպոկի, եթե մեկ էլ մատով ցույց տան, թե/որ վերևներին նալոգ են տալիս: Հա՛ այ տենց, ծնողական տոնով նկատողություն արեց ու նաև հավելեց` կոչնչացնի կոռուպցիան հիմնովին: Դե ինչպես կարելի է այս հարցում չաջակցել ոստիկանապետին… միանշանակ պետք է ոչնչացնել, օր առաջ, ժամ առաջ… բայց այդ պայքարը պետք է լինի շարունակական և հետևողական, թե չէ որոշ ժամանակ անց նորից ակտուալ կլինեն հարևան երկրում ընդունված կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների մասին հիշատակումները։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:52 Հունվար 26, 2016

Ամենաընթերցված նյութեր