Տարվա ԱՄԵՆԱզավեշտները

2015.-ը իրոք զավեշտաշատ ստացվեց։ Մեր ստեղծագործական թիմն այս անգամ որոշեց տարեմուտի նախաշեմին հավաքել ու մեր այցելուներին ներկայացնել ամենաբարի և անշառ զավեշտները:

Տնտեսության զարգացման պարզագույն մեխանիզմ Հրանուշ Հակոբյանից

Այս մեխանիզմը, երևի, մի օր իր ուրույն տեղը գտնի տնտեսագիտության դասագրքերում: Փաստորեն, երկրի տնտեսության զարգացման համար շատ քիչ բան է անհրաժեշտ. ընդամենը պետք է համոզել մարդկանց` տվյալ դեպքում Սփյուռքի մեր հայրենակիցներին, մի 1000 դոլար դնել մեր բանկերում։ Բանկերը կհզորանան, տնտեսությունն էլ կզարգանա։ "Ինչ եք ընկել ստեղ-ընդեղ, հարցրեք, ասեմ"։

Փոխոստիկանապետի հրաշք ասուլիսը

Սա պետք չէ մեկնաբանել, պետք է պարզապես դիտել, թե ինչպիսի զավեշտալի իրավիճակում կարող է հայտնվել լիքը լրագրողական աչքեր տեսնող ու ասուլիսի փորձ չունեցող պաշտոնյան։

Տռոլինգ անող տաքսիստը

Մի հետաքրքիր պատմություն. բոլորիս ուշադրությունը գրավեց մեկը, ով ամբողջովին ջարդեց տաքսիստների վերաբերյալ գոյություն ունեցող կարծրատիպերը ու ոչ պաշտոնապես հռչակվեց տաքսիստների "օմբուդսմեն"։ Տաքսիստ, ով բոլոր պաշտոնյաներին գիտի անուն ազգանունով, իր ոլորտին առնչվող օրենքները գիտի բոլոր մանրամասնություններով, տաքսիստ, ով միաժամանակ կարող է ասել "հրաման են տալԸՄ" և "բեկանել", "գալի տանԸմ են" և "գնդապետի կոչում ունի, հարիր չէ... ", "այ քեզԻ բան" և "դրածո", "տռամպլին"... հետաքրքիր համեմատություններ և շատ ավելին։

Ամառ. #ElectricYerevan, Երիտասարդությունը և Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում

Ամառ էր, և ոնց ցույց տվեցին իրադարձությունները, բավականին թեժ ամառ։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ մենք հասկացանք, որ ունենք նախահարձակ ու կազմակերպված երիտասարդություն, ովքեր ուզում են բան փոխել երկրում։ Բացի այդ, Ոստիկանությունը ցույց տվեց, որ կարող է և՛ սաստել, և՛ խորհուրդ տալ, և՛ ջրցան մեքենա հանել երիտասարդության դեմ, և՛ "գրկել տանել իրենց քույրերին ու եղբայրներին"։ Ընդհանարպես, այդ մի քանի օրերի ընթացքում բոլորը մի տեսակ միասնական էին, հետաքրքիր ու ստեղծագործ․ օրինակ ի՞նչ արժեր միայն ոստիկանական պարը։

Անշուշտ, շատ հիշարժան էր Ոստիկանապետի "Սթափվեք"-ը, որը բազմաթիվ մոդիֆիկացիների ենթարկվեց, և իրավամբ տարվա թևավոր կոչ-խոսքերի շարքում էր։

Դե իսկ այդ սերիայից Վլադիմիր Գասպարյանի՝ "Ես Գասպարյան Վովան եմ" արտահայտությունը ուղղակի դարձավ համացանցային հիթ:

Իսկ Օսիպյանն էլ ապացուցեց, որ Վլադիմիր Գասպարյանի արտահայտած այն միտքը, որ ոստիկանությունը ժողովրդի բարեկամն է, համապատասխանում է իրականությանը՝ հորդորելով "Գրկել, տանել մեր քույրերին ու եղբայրներին", երբ կրկին փորձում էին բացել երիտասարդների (քույրեր և եղբայրներ) կողմից հերթական անգամ փակված ճանապարհը։

"Գել եմ գազան եմ։ Խի՞ պիտի ինձանից վախենան ". Սուրիկ Խաչատրյան

Խաղում ենք "Ասոցիացիա"։ Սյունիք, այո՛, առաջինը, որ գալիս է մեր մտքին, Սուրիկ Խաչատրյանն է, հետո նրա որդու և այլ հարազատների շուրջ պատմությունները և այլն։ www.1in.am-ի լրագրողին լրջորեն հետաքրքրում էր, թե արդյոք Սյունիքում վախենում են մարզպետից։ Այդ հարցից հետո Սուրիկ Խաչատրյանը զարմացած դեմքով հակադարձեց. "Գել եմ, գազան եմ։ Խի՞ պիտի ինձանից վախենան"։ Բայց արի ու տես, որ լիքը մարդ կա, որ, այնուամենայնիվ վախենում է։ Տեսնես ինչի՞ց է։

Արմենչիկը՝ վաստակավոր արտիստ

Քավ լիցի, մենք ոչինչ չունենք Արմենչիկի և նրա բազմահազար երկրպագուների դեմ։ Բայց վաստակավոր արտի՞ստ։ Նույն հարթության վրա Հովհաննես Բաբախանյանի, Հրաչյա Հարությունյանի, Աննա Մայիլյանի, Սյուզան Մարգարյանի և այլ արտիստների կողքի՞ն...

"Ոչ"-ի՝ "Գրիգորիչական" մեկնումը

Մեկ-մեկ մտածում ես, բա որ հանկարծ Գրիգորիչը քաղաքական գործիչ չդառնար, ի՞նչ էր լինելու մեր "հալը", հատկապես ի՞նչ էին անելու մեր լրագրողներն առանց նրա թևավոր դարձած խոսքերի, հումորախառն արտահայտությունների, դե իհարկե, նաև դժվար մեկնաբանվող կամ դժվարամարս մտքերի: Վերջինի առումով մի դրվագ, թե ըստ Գրիգորիչի ինչ է նշանակում "Ոչ"."Ոչ"-ը "չէ" է, իսկ "չէ"-ն նշանակում է ոչ էական": Իմացեք էլի, հո հետս չե՞մ տանելու…

"Մատի թանաքոտումը՝ խանդի բուն". Գալուստ Գրիգորիչ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ ընդդիմությունն առաջարկում էր թանաքոտել ընտրողների մատները, ինչը հանդիպեց Գրիգորիչի կտրուկ քննադատությանը: Պարզվում է՝ մատ թանաքոտելը խանդի առիթ կարող է դառնալ հայկական ընտանիքներում։ Իսկ թե ինչու, կարող եք ծանոթանալ տեսանյութի վերջին հատվածում։

Իհարկե Գրիգորիչ

Տարին սկսվում և ավարտվում է Գրիգորիչով։ Հ3-ը մեր զավեշտասեր հասարակությանը նվիրեց մի ամբողջ մեկ ժամանոց հարցազրույց։ Պետք է ժամանակ գտել ու նայել։ Մի քանի մեջբերում այդ հարցազրույցից․ "Զարուհին անկարգ չէ, Զարուհին բեզպրեդել է", "Մենք կազուսում կգտնվենք այնքան ժամանակ, քանի չկան աշխարհաքաղաքական գործընթացներ", "Լավ կլիներ՝ դուք էլ ֆենեիք Ձեր մազերը"։ Մի խոսքով՝ հաճելի դիտում։

Վերջում` մաղթում ենք, որ 2016 թվականին շատ լինեն բարի, անշառ ու հումորաշատ զավեշտները: Իսկ այն, որ հաջորդ տարին Կապիկի տարի է, այդ առումով արդեն իսկ խոստումնալից է։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:32 Դեկտեմբեր 31, 2015

Ամենաընթերցված նյութեր