"Ճանապարհային մանյակ" պատգամավորը, տարօրինակ տասնյակը և տարվա ամուսնալուծությունը

Դեկտեմբերի 21. Արսենյանը` "ճանապարհային մանյակ"

ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ քննարկվում էր քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն ներկայացնող "Վարչական իրավախախտումների մասին" օրենքում փոփոխությունների նախագիծը: Շատերը նշեցին, որ փոփոխությունները տեղին են՝ անգամ ուշացած, որոշ փոփոխություններ էլ դեռ պետք է արվեն, բայց կարևորը` սայլը տեղից շարժվեց: Գուրգեն Արսենյանն էլ, բնականաբար, դժգոհ չէր փոփոխություններից, նա խիստ դժգոհ էր առկա վիճակից` այն ներկայացնելով հետևյալ կերպ. ճանապարհային երթևեկության կարգավորումը դարձել է ձեռնարկատիրական գործունեություն, քանի որ ամեն ինչ արվում է, որպեսզի վարորդները շատ խախտումներ անեն` այդպիսով ապահովեն այդ ձեռնարկության իրացման ծավալները: Իսկ անհարկի տուգանելու փաստարկները ԱԺ պատգամավորը բերում էր անձնական փորձից: Բանն այն է, որ Արսենյանի ու նրա հարազատների բոլոր ավտոմեքենաները գրանցված են իր անունով: Ու շատերին կարող է թվալ, թե "Արսենյանը ճանապարհային մանյակ ա, տնից դուրս է գալիս` խախտումներ անելու համար": Մնում է հույս հայտնել, որ նրա հոգսն այսուհետ մի քիչ կթերևանա և նա "ճանապարհային մանյակից" կվերածվի միջին վիճակագրական խախտումներ անող հայ վարորդի:

Դեկտեմբերի 21. Զարուհու վերջին "հանգուցալուծումը" ըստ Գրիգորիչի

Էլ ինչ ԱԺ՝ առանց Զարուհի Փոստանջյանի զիլ ձայնի: "Ավտոմոբիլային ճանապարհների մասին"  և "Վարչական իրավախախտումների մասին" ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քվեարկության ժամանակ Զարուհին, վերստին, շատ ակտիվ էր: Նա անընդհատ փորձում էր ելույթ ունենալ և տեղից գոռում` "Վարման կարգի մասին": Դե Գրիգորիչն էլ, չնայած, գիտեր գլխի գալիքը, բայց "ճարահատյալ" ձայն տվեց նրան. "Ասա վերջին հանգուցալուծումդ": Դե Փոստանջյանն էլ, փորձեց կոչով դիմել վարորդներին, բայց թե ինչ ասաց, այդպես էլ առաջին փորձից մնաց չբարձրաձայնված: Իսկ վերջում` Ամանորին ընդառաջ, Մաեստրոն չցանկացավ կոտրել նրա սիրտն ու թույլ տվեց, որ հերթական անգամ արտահայտվի "վարման կարգի մասին": Այս անգամ վերջապես Զարուհին վարորդներին` անհնազանդության ու գործադուլի կոչը արեց, քանի որ այդ օրենքը ոչ մի փոփոխություն, ըստ էության, չի բերելու: Այ սենց: Ու տեսնես նա հավատու՞մ է, որ կգտնվեն մարդիկ, որ կլսեն իր հորդորները: Այ էսպես տարօրինակ ժողովուրդ ենք, անգամ լավ նախաձեռնությունների վրա ենք փորձում "քար գցել":

Դեկտեմբերի 23. Որոշվեցին տարվա լավագույն մարզիկները

Ամեն տարի տվյալ ժամանակահատվածում որոշվում են տարվա լավագույն մարզիկները: Այս անգամ էլ ավանդույթի համաձայն մարզասեր հանրությանը ներկայացվեց այդ ցուցակը.: Նայում ես լավագույնների ցանկին ու մտածում, էս ինչ հզոր մարզական ավանդույթներ և նվաճումներ ունեցող երկիր ենք, որ Հենրիխ Մխիթարյանի և Լևոն Արոնյանի նման աշխարհահռչակ մարզիկները,  անգամ լավագույնների տասնյակ չեն կարողանում մտնել: Հատկանշական է, որ երբ այս առնչությամբ հարց է ուղղվում ոլորտի պատասխանատուներին, լավագույն դեպքում հնչում են այս կարգի պատասխաններ.:  Լավ ընդունենք, որ Մխիթարյանն ու Արոնյանը ընթացիկ տարում չեն ունեցել մարզական այնպիսի հաջողություններ, որոնք հնարավոր լիներ համարել հայկական սպորտի համար մեծագույն նվաճումներ: Թեպետ, այս տեսանկյունից, գոնե, Լևոն Արոնյանի ավանդն անգնահատելի էր Շախմատի ԵԱ մեր հավաքականի փոխչեմպիոն դառնալու գործում: Իսկ եթե գնահատման չափանիշներն այնպիսին են, որ այս մարզիկները որևէ շանս չունեն լավագույն տասնյակում հայտնվելու, ապա, առհասարակ, չպետք է նաև թեկնածուների ցանկում լինեն: Թե չէ, մի տեսակ անհասկանալի է նրանց 11-րդ և 13-րդ տեղերում տեսնելը: Այս ամենով հանդերձ, Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի և Հարություն Մերդինյանի լավագույն եռյակում հայտնվելը, միանգամայն ողջունելի է… Նրանք ՌԻՈ-2016-ում մեր օլիմպիական մեդալների հիմնական հույսերն են, ովքեր այս տարի աչքի ընկան մեծ նվաճումներով` Արթուրը դարձավ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Միհրան Հարությունյանը Բաքվում առաջին եվրոպական խաղերում, նույն մարզաձևից նվաճեց արծաթե մեդալ, դե իսկ Հարություն Մերդինյանը նորանկախ հանրապետության պատմության մեջ առաջին մեդալը նվաճեց սպորտային մարմնամարզությունից:

Դեկտեմբերի 25. Ամուսնալուծվել է Լևոն Տեր-Պետրոսյանի տղան

Մի ամբողջ երկու օր ողջ լրահոսում ու սոցիալական մեդիայում քննարկվում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի տղան ու Դավիթ Շանհազարյանի դուստրը բաժանվել են ու մի հատ էլ նոր մանրամասներ են հաղորդում, որ Դավիթ Տեր-Պետրասյանը նշանվել է Հ1-ի հեռուստամեկնաբան Աննա Ավանեսյանի հետ: Ու լիքը շեյրներ, քոմենթներ. ոմանք փնովում են Դավիթին ու Աննային, ոմանք նեղվում, ոմանք էլ հոգնած էս թեմայի արծարծումից, բայց միևնույն է, քոմենթում են... Ա դե չի կարելի էլի մարդու անձնական կյանք "քիթներդ խոթեք": Այս մառազմն այն աստիճանի էր հասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հարսը` Լիլիթը գրառում կատարեց ՖԲ-ում, որ հանգիստ թողնեն իրեն ու իրենց անձնական կյանքը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

13:45 Դեկտեմբեր 28, 2015

Ամենաընթերցված նյութեր