Հե՜յ, պարոննե՛ր, ակա՛նջ արեք ԱԺ պատգամավորներին

Դեկտեմբերի 14. Փոստանջյան vs Շարմազանով. "Դուք ինձ համար Գալուստ Սահակյանը չեք".

Հայոց պառլամենտում լիագումար նիստ էր. այս անգամ` անհերթ, սակայն հերթական անգամ ամբիոնը "զավթել" էր Զարուհի Փոստանջյանը, ով նորից խոսեց ամեն ինչից, բայց ոչ բուն թեմայից, իմա` քննարկվող օրինագծերից: Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը զգուշացրեց, որ Փոստանջյանն ըստ էության խոսի, բայց ապարդյուն: Ապարդյուն էր անգամ խոսափողի անջատումը: Զարուհին անդրդվելի ու անշարժելի էր: Մի ամբողջ 7 րոպե Շարմազանով-Փոստանջյան "լեզվագզվրտոցն" ավարտվեց 30 րոպե ընդմիջմամբ:
Ա, դե իրոք չի կարելի էլի, հո մանկապարտեզ չի՞: Ազգային Ժողով է, Ազգային Ժողով:

Դեկտեմբերի 16. Գալուստ Սահակյան vs շատերը. "Ինձ կոմենտարիաներ չանեք".

ԱԺ-ում քննարկվում էր "Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի համատեքստում Հեղինե Բիշարյանը հատուկ ֆիքսել էր ՓԱՅ բառը ու առաջարկում` այն փոխել. մի տեսակ ժարգոնի հոտ է գալիս այդ բառից: Գալուստ Սահակյանն էլ, որպես նախկին ուսուցիչ, բացատրեց, որ փայ բառ հայերենում գոյություն չունի, իսկ երբ պատգամավորներից ոմանք ու, ոնց որ թե նաև ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ասացին, որ դա տնտեսագիտական տերմին է, Գրիգորիչը սաստեց. "Խնդրում եմ ինձ կոմենտարիաներ չանեք, հայերենում փայ բառ չկա": Մարդը հայերենի ուսուցիչ է (!), մի բան գիտի էլի, ինչ եք ԿՈՄԵՆՏԱՐԻԱՆԵՐ անում:

Դեկտեմբերի 16. Բիշարյան & Տաճատ Վարդապետյան. ասմունքի "ցերեկո" ԱԺ-ում

Հայոց պառլամենտն արդեն վաղուց վերածվել է հռետորական արվեստի ցուցադրման տրիբունի: Այն հնարավորություն է տալիս ԱԺ պատգամավորներին ոչ միայն ու ոչ այնքան զբաղվել օրենսդիր գործունեությամբ, այլ զարգացնել իրենց խոսքը, հումորը, մանկապատանեկան կապրիզները (ինչպես համոզվեցինք վերը): Այս անգամ Հեղինե Բիշարյան-Տաճատ Վարդապետյան յուրահատուկ բաթլին ականատես եղանք: Մե ասմունք, մե ուրախություն… ԱԺ-ում քննարկվում էր Ջրային օրենսգրքում ու կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը, որի ժամանակ ինտելեկտուալ պատգամավորներն իրար հետ շփվում էր` մեջբերելով Ֆրրիկին ու Նահապետ Քուչակին: Աստված գիտե` էդ մարդկանց շիրիմների հետ ինչ եղավ այդ պահին:

Դեկտեմբերի 16. Մարինե Մարաբյան. ո՞վ է նա. շփոթեցնում են Գրիգորիչին

"Ո՞վ է նա, ո՞վ է նա, ո՞վ է նա": Այսպես կպատասխաներ Մաեստրոն, եթե շարժվեր Թաթա Սիմոնյանի հայտնի երգի մոտիվներով, բայց դե Գրիգորիչն, անխոս, ավելի օրիգինալ է: Մի պահ չհիշելով, որ Հանրապետական խմբակցությունում կա Մարինե Մարաբյան անունով մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր՝ հաջորդ իսկ պահին իրեն շտկեց, որ "Հաա՜, մեր Մարինե Մարաբյանին նկատի ունե՞ք։ Նա պարտաճանաչ պատգամավոր է, ուղղակի իներտ է": Դժվար է ասել իներտ ասելով ինչ նկատի ուներ Գրիգորիչը. գուցե, շատ չխոսող, ամեն պատեհ-անպատեհ առիթով իրեն մեջ չգցող, քիչ ասուլիսներ տվող կամ շատ բացակայո՞ղ (չէ, էս մեկը ոնց որ թե այնքան էլ տեղին չէր. Գրիգորիչն արդեն ասաց, որ Մարաբյանը պարտաճանաչ պատգամավոր է):

Դեկտեմբերի 18. "Նապաստակ, նապաստակ... արտասանե՞մ". Նիկոլ Փաշինյան

Անցնող շաբաթվա ԱԺ ասմունքալիրիկազավեշտներն ամփոփեց Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթը կառուցել էր ներիշխանական դավադրության, Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան պայքարի, ինչպես նաև  Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հսկայական առանձնատան մոտիվների վրա: Գրիգորիչը մի պահ նրան ընդհատեց, որ ըստ էության խոսի (ի դեպ ընդդիմադիրների մոտ ԱԺ-ում ըստ էության խոսելը, մի տեսակ չի ստացվում), ինչին Նիկոլը հակադարձեց. "Ի՞նչ անեմ, նապաստակ նապաստակ արտասանե՞մ, որ համահունչ լինի մնացածի ելույթների՞ն...մի խանգարեք ինձ": Իսկապես մի խանգարեք, թողեք՝ լսենք Փաշինյանին, նա շատ սուր և հետաքրքիր է խոսում, և բնավ կարևոր չէ` տեղին, թե անտեղին…

Դեկտեմբերի 19. Իջևանցի Խեչյան vs Րաֆֆի Հովհաննիսյան. "Ինչի ես եկել Իջևան "վոոբշե""

Րաֆֆի Հովհաննիսյանը "Նոր Հայաստան"-ով գնացել էր Իջևան, որտեղ նրան կազմ-պատրաստ սպասում էր ոմն Խեչյան, ով հետո պարզվեց որ Իջևան քաղաքի ավագանու անդամ էր: Նա եկել էր Րաֆֆիից հաշիվ պահանջելու. "ինչ ես անԸմ դու էս երկրի հմար ու ինչի ես եկել Իջևան": Հետո խրոխտ տոնով ասաց, որ գործ չունեն Իջևանում, թող հեռանան, և թողնեն ժողովուրդը հանգիստ ապրի: Այնինչ Րաֆֆին եկել էր շնորհակալություն հայտնելու, որ իջևանցին "ոչ" ասաց սահմանադրական հանրաքվեին: Իսկ Նոր Հայաստան կառուցելու համար դեռ շատ ժամանակ կա, քանի դեռ մի կտոր հողի վրա իմ ու քո քաղաք ասվածը գերիշխում է։

Դեկտեմբերի 20. "Սարեցի ա չէ, եկե սարի վրա տուն ա սարքե". Սարոյանը Ս. Խաչատրյանի մասին

Lրագրողները փորձում են Սեյրան Սարոյանից տեղեկանալ, թե ինչու է Սուրիկ Խաչատրյանը սարի գագաթին կառուցում իր շքեղ, բազմամիլիոնանոց առանձնատունը: Նա էլ իր ոճի մեջ պատասխանում է, որ Սուրիկի տունը հեչ էլ շքեղ չի. մի տաս հազար հատ քար է շարել, ուղղակի աչք է ծակում, քանի որ սարի գլխին է, ու հետո էլ եզրահանգում անում. "Սարեցի ա, եկե սարի վրա ա սարքել": Ասա գոնե սարի լանջին տուն կառուցի, որ ոչ մեկի աչք չծակի: Սովորեք է, սովորեք:


ԲԱՐՈՄԵՏՐ

12:29 Դեկտեմբեր 21, 2015

Ամենաընթերցված նյութեր