Ո՛չ, մատի թանաքոտմանը. Այն հարվածում է մեր ընտանիքների կայունությանը

Հոկտեմբերի 26."Ժողովուրդը, որ մտավ զանավեսկի հետևը, ո՞վ ա արանքից նայելու". Գեներալ Սարոյան

Կան քաղաքական գործիչներ, ումից հարցազրույց վերցնելը ոչ միայն "քլիքաբեր" է, այլև  դրական էմոցիաներով համեմված գործողություն: Այդպիսին են գեներալ Սեյրան Սարոյանի հետ հարցազրույցները, քանի որ նա անգամ ամենասուր հարցերին հումորով է պատասխանում ու բարձրացնում լրագրողների ոչ այնքան բարձր տրամադրությունը: Անցյալ շաբաթ էլ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք չի կեղծվի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, Սարոյանը տրամաբանում է. "Ժողովուրդը, որ մտավ զանավեսկի հետևը, ո՞վ ա արանքից նայելու": Հա էլի, էսքան բանը պետք է բոլորը գիտակցեն, ի՞նչ կեղծիքի մասին է խոսքը։Ու էդ կարգի այլ դատողություններ…

Հոկտեմբերի 26. "Իմ հեռախոսը գաղտնալսում են". Հեղինե Բիշարյան

ՄԻՊ-ի տարեկան զեկույցի ժամանակ ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը քաղաքացիների հեռախոսների գաղտնալսման հարցը բարձրացրեց ու ասաց, որ դա անօրինական է: Մեր օմբուդսմեն (մարդու իրավունքների պաշտպան) Կարեն Անդրեասյանն էլ ասաց՝ ճիշտ ա, դա անօրինական բան ա: Բերեք կոնկրետ օրինակ: Բիշարյանն էլ թե` հենա իմ հեռախոսն էլ են լսում: Հիմա հարց` ինչպե՞ս Բիշարյանն իմացավ, որ իր հեռախոսը լսում են: Ավելի լավ հարց` ԻՆՉՈ՞ւ: Սովորաբար լսում են, Ռուբեն Հայրապետյանի ասած, խոշոր կալիբրի մարդկանց հեռախոսազանգերը:Հետևաբար, ըստ այդ տրամաբանության Բիշարյանը կա՛մ "հետապնդման մանյայով" է տառապում, կա՛մ էլ նա ունի мания величия:Սակայն ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարի սույն հայտարարությունն, այնուամենայնիվ, պետք է ստուգել:

Հոկտեմբերի 27. "Ալեքսանյան Սամոյի փողերով սաղ էլ օգտվում են". Գեներալ Մանվել

Սամվել Ալեքսանյանի` արդեն միայն գումարով հարցազրույց տալու հայտարարությունից հետո` նրա մասին հարցերն ուղղվում են ոչ թե իրեն (դե հո ամեն խմբագրություն չի, որ կարող է 500 եվրոծախսել մի հարցազրույցի համար), այլ օրինակ գեներալ Մանվելին: Նրան հարցրեցին, թե ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանն էլ չի օգնում երկրապահ կամավորականներին: Գեներալն ասաց, որ լավ էլ օգնում է ու ոչ միայն նրանց, այլև բոլորին, քանի որ նրա տված փողերը գնում է "բյուջե" ու բլուջեից բոլորն օգտվում են:Գերներալը, ըստ ամենայնի, նկատի ուներ Սամվել Ալեքսանյանի մուծած հարկերը. Հա, իմիջայլոց, ֆինանսների նախարարությունը վերստին հրապարակել է խոշոր հարկատուների ցուցակը, որտեղ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերություններն ահագին կորցրել են իրենց դիրքերը: Այնպես որ լրագրողների փաստարկներն այնքան էլ անհիմն չէին: 

Հոկտեմբերի 29. "Ո՛չ մատի թանաքոտմանը". Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահը դեմ է մատների թանաքոտմանը, քանի որ դա հայկական ընտանիքներում կարող է հանգեցնել խանդի տեսարաններիև այլ անախորժ պատմությունների: Հը՞: Այո՛, քանի որ ոչ բոլոր ամուսիններին դուր կգա, որ իրենց կնոջ մատը թանաքոտվի, էդ հլը հերիք չի, մի տղամարդ էլ բռնի իր կնոջ ձեռքն ու ստուգի` թանաք կա՞, թե չէ: Հա բա, ո՞ր մի կարգին հայ տղամարդը կհանդուրժի, որ իր կնոջ ձեռքը բռնեն ու ստուգեն թանաքի առկայությունը: Մանր նյուանսների մասին են մտածում մեր իշխանությունները: Այ եթե նման կերպ վերաբերվեին մեր կառավարման համակարգում տեղ գտած բազում խնդիրներին, մեզ այս դեպքում, հաստատ, կխանդեին շատերը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:16 Նոյեմբեր 02, 2015

Ամենաընթերցված նյութեր