Շաբաթվա զավեշտները. #ElectricYerevan

Հունիսի 22. Հրանուշ Հակոբյանի ցնցող ֆոտոշարքը

Նու, սա գրելով չի, սա պետք է պարզապես տեսնել, ու չնայած մնացած թեմաների համեմատությամբ այն կորցրեց իր հետաքրքրությունը, բայց շաբաթվա մեկնարկն այսպիսինն էր: Դիմավորե՛ք, Հայաստան և Սփյուռք:

Հունիսի 22. "Բիբինի տերը թաղեմ, մարդու անունը որ Բիբին լինի". Սեյրան Սարոյան

Մինչ Հրանուշ Հակոբյանը լուսանկարվում էր, Սեյրան Սարոյանը "թաղում էր"  Բիբինի բոյը: Նա նույնպես դեմ է էլեկտրաէներգիայի թանկացումներին, "հո իրա ուշքը չի էթում ավել փող տա": Բայց դե ինչ արած, հովհարային անջատումներ հո չեն անի…

Հունիսի 23. "Մենակ լեզվին չի, որ կարող եմ տալ". Ռուբիկ Հակոբյան

Մինչ գեներալ Սարոյանը թաղում էր Բիբինի բոյը Գալուստ Սահակյանն ու Ռուբիկ Հակոբյանը լեզվակռիվ էին տալիս. Մաեստրոն Ռուբիկին մի քանի անգամ ընդհատելուց ու մարտնչող հակաքայլերից հետո ասաց,  որ Ռուբիկը լեզվին է տալիս, իսկ Ռուբիկն էլ ասաց, որ շատ բանին կարող է տալ, բայց դե ինքը ցիվիլ մարդ է, պառլամենտարիզմից գլուխ է հանում...

Հունիսի 23. "Շոգ էր, ջուր շփեցին". Առաքել Մովսիսյան

Մինչև Մաեստրոն ու Ռուբիկ Հակոբյանը լեզվին էին տալիս, Առաքել Մովսիսյանը պնդում էր,  որ չի հավատում, որ լրագրողի տեսախցիկը ջարդել է Երանոսյանը, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին շրջում ցուցարարների շրջանում: Հետո էլ կատակեց, որ դե շոգ էր, դրա համար էլ ոստիկանները ջրցանեցին Բաղրամյանում ժողովված ջահելներին: Եվ վերջում լրագրողների հարցերից շոգելով՝ Առաքել Մովսիսյանը մտավ սենյակ ու փակեց դուռն իր հետևից:

Հունիսի 23. "Բոլորից ներողություն եմ խնդրում". Վլադիմիր Գասպարյան

Մինչ Առաքել Մովսիսյանը չէր հավատում ոստիկանների բիրտ քայլերի մասին լուրերին, ամենայն հայոց ոստիկանապետը հրապարակավ ներողություն խնդրեց  բոլորից, ում հանդեպ ոստիկանները կոպիտ ու սխալ են վարվել: Վերջում էլ ասաց, որ իրենք ունեն կամք շտկվելու, բայց լրագրողները պետք է օգնեն: Բա դե շուտ ասեք, լրագրողների մոտ նենց տպավորություն է, թե դուք ուզում եք իրենց "կամեռաները" ջարդել:

Հունիսի 23. Էլի էս Խզմալյանը

Պարզվում է՝ մեր հարևան երկիրը Հայաստանում ունի հատուկ թղթակից, ով օպերատիվ արձագանքում ու փոխանցում է մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Մինչ էս ամեն ինչը կատարվում էր, Խզմալյանը հասցրեց մի անգամ էլ կարճ ինտերվյու  տալ հարևան երկրի էլեկտրոնային պարբերականին:

Հունիսի 24. Աշոտյան, հեռացիր

Բաղրամյանն իրադարձաշատ էր ավելին, քան երբևէ: Մինչ այդ պահը ցուցարարները "խախանդ" ցույց էին անում, մեկ էլ հոպ, շարքերում տեսան իշխանական ներկայացուցիչ Աշոտյանին ու սկսեցին գոռալ "Աշոտյան հե-ռա-ցի'ր",  որը փոխարինվեց ավելի փիս վանկարկումների: Բայց Աշոտյանը ահագին ժամանակ անկոտրում կանգնած էր: Հա, ի դեպ, այնտեղ միայն Աշոտյանը չէր,, այլև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր եկել էին…հա, որ "պատ" դառնան ոստիկանների ու ցուցարարների միջև…

Հունիսի 24. Ծախված լրագրող հայ ազգի մեջ

Մի խումբ հայ տղաներ, բռնեցին ու ռուսախոս դավաճան հային բացատրեցին по человечески, որ ինքը սուտ-սուտ լուրեր չտարածի ու չապականի մաքուր քաղաքացիական ակցիան, որն ունի զուտ սոցիալական բնույթ: Տեսանյութի  վերջում կարծես թե նա հասկացավ, թե որը որից հետո է: Բայց մեկ է, այլևս նա պիտակավորվել է որպես դավաճան:


Հունիսի 24. Օսիպյան vs Լևոն Բարսեղյան

7 րոպե տևած մենամարտում դժվար է ասել, թե ով հաղթեց կամ պարտվեց, բայց կարևորը, որ տեսնում ենք լուրջ զրույց / ոստիկանության գնդապետի ու լրագրողի միջև՝ անլուրջ մի թեմայից բխած: Այն է՝ Օսիպյանը տատու ունեցող մի տղայի դիտողություն արեց, իսկ գյումրեցի դրայվոտ լրագրող Լևոն Բարսեղյանը կանգնեց նրա մեջքին՝ ասելով, որ Օսիպյանի ինչ գործն է, թե էդ տղան խի է նակոլկա խբել դոշին, այ քեզ բան: Իսկ այ մնացած լեզվակռիվը պետք է դիտել ու համոզվել, որ մեզ մոտ աստիճանաբար զարգանում է վիճաբանելու արվեստը:


Հունիսի 25. Կիմանոյով տղամարդ Բաղրամյանում

Էն որ վերևում Առաքել Մովսիսյանը ասել էր, որ շոգ է, ջրեցին մարդկանց, որ հովանան, մի կիմանոյով տղամարդ հայտնվեց Բաղրամյանում՝ նշելով,  որ եկել է հովանա: Բայց եթե լուրջ, ապա եկել է կանգնի երիտասարդների կողքին: Կիմանոն էլ հագել է, որ ցույց տա, որ սպորտսմեն մարդիկ էլ նրանց կողքին են:

Հունիսի 27. Փարթի վիճակներ Բաղրամյանում

Բաղրամյանում  տարբեր ժամերին տարբեր տրամադրություններ են լինում: Ու քանի որ ցերեկային ժամերին զբաղվել է պետք, մինչև գա երեկոն, որ նորից գոռան ու պահանջեն չեղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, մարդիկ Բաղրամյան տեղափոխեցին ֆիզկուլտուրայի խաղադաշտերը, փաբերը և իրենց բարձր տրամադրությունը. երգ, պար, ֆուտբոլ, վոլեյբոլ և շատ ավելին՝ միայն Բաղրամյանում:

Հունիսի 27. Նորապսակները Բաղրամյանում

Այո՛, փարթի վիճակները շարունակվում են: Նորապսակ զույգը  երևի եկեղեցում օրհնվելուց հետո որոշեց մի հատ էլ ժողովրդական օրհնություն ստանա ու եկավ Բաղրամյան: Նրանց դիմավորեցին ինչպես հարկն է ու լավ-լավ բաներ մաղթեցին: Հենց այս-պես-էլ-ապ-րում-ենք, մեր-փա-կած փո-ղո-ցում...


Հունիսի 27. "ՍԹԱՓՎԵ՛Ք". Ոստիկանապետ

Էն որ ասում են՝ հասկացանք, բայց բավական է: Ոստիկանապետը երեկոյան այնքան բորբոքված էր, որ սթափության կոչը  վերածվեց գոռգռոցի, անգամ հասավ նրան, որ նա կորցրեց իր ձայնը. Այնպես որ Սթափվե՛ք, ՍԹափվե՛ք, ՍԹԱփվե՛ք, ՍԹԱՓվե՛ք, ՍԹԱՓՎե՛ք, ՍԹԱՓՎԵ՛ք, ՍԹԱՓՎԵ՛Ք: Վայ, դե հասկացանք, մի քանի անգամ գոնե ասեք:


ԲԱՐՈՄԵՏՐ

12:35 Հունիս 29, 2015

Ամենաընթերցված նյութեր