Բիբինների, քաղաքական հեքիաթների ու ձվերով ակցիայի մասին

Հունիսի 15. "Հեքիաթները պատմեք երեխաներին". Շարմազանով

Նախորդ շաբաթ ԱԺ-ն, ավելի կարևոր հարցերը թողած բուռնքննարկում էր ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության հարցը, ու Շարմազանովի  ելույթից կարելի էր ենթադրել, որ նրա հարգելի գործընկերներն այնքան էլ խանդավառված չէին սույն փաստով: Այ քեզ բան, թող մտնի էլի: Իսկ Շարմազանովն իր պաթետիկ ելույթում համոզում էր, որ վեց մլն-անոց շուկա է մեր առջև բացվում: Սա հեչ, բայց ԱԺ փոխխոսնակը իր վեց րոպեանոց ելույթի մեջ իր հարգելի գործընկերներին՝ առանց որևէ մեկին մատնանշելու անընդհատ համոզում էր, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալը արդարացված էր, ամեն ինչ ժամանակին ու տեղին էր:Նրա ելույթն ավարտեց նույն թեմաներով և պահանջատիրական տոնով հորդորելով, որ բոլոր քննադատողները գնան իրենց հեքիաթները ժամը տասից հետո պատմեն երեխաներին, այլ ոչ թե այստեղ՝ ԱԺ-ում: Շարմազանովի վեց րոպեանոց հեքիաթն էլ ավարտվեց, երկնքից երեք խնձոր ընկան, ու երեքն էլ բաժանվեցին նրա հարգելի գործընկերներին:

Հունիսի 16. Ժաննա Ֆրիսկեի մահվան մասին

Ցավակցում ենք նրա հարազատներին ու երկրպագուներին: Բայց սիրելիներս, չի կարելի այդքան "բռնաբարել" այս թեման, ուղղակի չի կարելի: Այդ ու հաջորդ օրերի լրահոսում անընդհատ Ժաննայի մահվան մասին լուրերն  են նկարներով՝ ինչպես առողջ, այնպես էլ այլայլված դեմքով, նրա հիվանդության պատճառի, վերջին պահին ամուսնու՝ իր կողքին չլինելու մասին.. և այլն, և այլն: Մենք ոչ միայն սեփական դարդն ենք սիրում ողբալ, այլև անցել ենք ուրիշի դարդերին, ինչի մեջ մեծապես նպաստում են մեր սիրելի լրատվամիջոցները: Հա՛, ի դեպ, հայ մեծ բարերար, ազգային հերոս Քըրք Քրքորյանն էլ էր հենց այդ օրը մահացել: Հանգչիր խաղաղությամբ, Մեծ հայ:

Հունիսի 17. Ձվերով արշավ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ

Մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց, որտեղ նույն պահին նիստ էր ընթանում չարաբաստիկ որոշման վերջնական հաստատման առիթով: Կատաղած ցուցարարներին այլ բան չէր մնում, քան իրենց բողոքն արտահայտել՝ ձվեր նետելով շենքի պատերին: Այս թեման այդքան զավեշտալի չէր, որքան դրա "որակյալ" լուսաբանումը: Էմոցիոնալ կադրեր են անմահացրել News.am-ի տեսա ու ֆոտոխցիկները: Ցնցող կադրեր  այդ միջադեպից, ոստիկանների հետ բախումից, իսկ ահա տեսառեպորտաժում  կարելի է տեսնել, թե ինչ օպերացիա են իրականացնում ոստիկանները՝ մի քանի շերտանի պատ ստեղծելով հետ  հրելով ցուցարարներին և նշելով, որ ի վերջո ոստիկաններին հաջողվեց հանդարտեցնել ցուցարարներին:  

Հունիսի 20. Պոլիտեխում նոր ռեկտոր են ընտրում

Ոչ միայն քաղաքականության մեջ, այլ նաև այլ ոլորտներում շոուն դարձել է իրադարձության անքակտելի մաս: Ուրեմն՝ Պոլիտեխնիկն ընտրում էր նոր ռեկտոր: Հոգաբարձուների խորհրդի անդամ Ֆելիքս Փարիկյանը խոսեց  վերջին 3 տարվա մեջ 3 ռեկտոր ունենալու մասին՝ դիմելով Աշոտյանին, որ Պոլիտեխնիկը նրա համար փորձադաշտ չէ: Անգամ ցիտեց Աշոտյանի ՖԲ գրառումներից ու ասաց, որ չի կարելի սեպ խրել դասախոսների ու ուսանողների միջև: Շոու ու PR պետք չի սարքել ու միջանկյալ օղակ լինել նրանց միջև: Իսկ ի՞նչ էր մնում Աշոտյանին շոուն ամբողջացնելու համար. լայն ժպտալ ու հետո ելույթ ունենալ՝ մեծահոգաբար Փարիկյանի "նո-նո"-յին "նո-նո"-յով չպատասխանելով: Ահա այսպես մենք ձևավորում ենք ազատ արտահայտվելու կուլտուրա: Ուռա՜, ընկերներ, ուռա՜:

Հունիսի 20. ԲԻԲԻՆՍ ՈւՏԵՔ. Հանրահավաք էներգիայի սակագնի բարձրացման դեմ

"Ո՛չ թալանին"-ը նախաձեռնել էր ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիան, որը վերածվեց նստացույցի: Նշենք, որ հավաքվել էին կարգին ջահելներ, գեղեցիկ թեմատիկ վերնաշապիկներով, բազմազան պաստառներով, որոնց միջոցով նրանք իրենց բողոքի ձայնն էին փորձում հասցնել բոլոր բիբիններին ու համ էլ մեր Կառավարությանը: Շաբաթվա կադրերից` առանց մեկնաբանության:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:15 Հունիս 23, 2015

Ամենաընթերցված նյութեր